Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն 3 մլն եվրո է հատկացնում միգրացիայի կառավարման ոլորտին


Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն (ա) ծրագրի մեկնարկին նվիրված ասուլիսում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն (ա) ծրագրի մեկնարկին նվիրված ասուլիսում:

Եվրամիությանը 3 միլիոն եվրո է հատկացրել «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագրի համար, որի նպատակն է հզորացնել Հայաստանի կարողությունները միգրացիայի կառավարման ոլորտում:

Իսկ ավելի պարզ ասած` աջակցել ԵՄ տարածքում ապրող հայերի արժանապատիվ կայուն վերադարձին ու վերաինտեգրմանը:

Այս ծրագրին իրականացվում է ԵՄ ութ անդամ պետություններից բաղկացած կոնսորցիումի կողմից եւ պետք է կյանքի կոչվի 3 տարվա ընթացքում: Ամենակարեւոր շեշտադրումը վերադարձողներին այնպիսի աջակցություն ապահովելն է, որպեսզի վերջիններս չզղջան, որ վերադարձել են ու չմտածեն երկիրը նորից լքելու մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է կոնկրետ ապահովվելու ինտեգրումը, Հայաստանի կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը պատասխանեց. - «Ելնելով տվյալ անձի բնույթից` ծրագրի գրասենյակը կուղղորդի համապատասխան գործընկեր կազմակերպություններին»:

Իսկ ավելի ստույգ` մինչեւ 40 վերադարձողներ կօգտվեն վերաինտեգրման անմիջական օժանդակության ծրագրից, օրինակ` նախաձեռնել բիզնես: Մինչեւ 800 վերադարձողներ կստանան աշխատանքի վերաբերյալ խորհրդատվություն, իսկ մինչեւ 500 վերադարձողներ կմասնակցեն մասնագիտական կրթական վերապատրաստումներին: Մինչեւ 300 վերադարձողներ կստանան բժշկական խորհրդատվություն:

Ի դեպ, ծրագրի շահառուները միայն այն մարդիկ չեն լինելու, ովքեր Եվրոպայից արտաքսվում են կամ, ասենք, դրսում ապրում են վատ պայմաններում, այլեւ, ինչպես ձեւակերպեց Եգանյանը, «անգամ սփյուռքում գտնվող մեր մասնագետները, բարձր որակավորում ունեցող անձինք, ովքեր կարող են օգտակար ներդրում ունենալ Հայաստանի այս կամ այն ոլորտում»:

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» նոր ծրագրի ղեկավար Վիրջինիա Արտոն տեղեկացրեց, որ Հայաստանի իշխանությունների հետ արդեն որոշված են ծրագիրն իրականացնելու ձեւաչափերը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է ծրագիրն արդյունավետ մի երկրի համար, որտեղ արտագաղթը վերջին տարիներին շատ բարձր տոկոս է կազմում, տիկին Արտոն պատասխանեց, թե Մոլդովայում եւ Վրաստանում իրականացված նույնատիպ ծրագրերի արդյունքները կարելի է որպես օրինակ ընդունել:

Ծրագրի իրականացնողը Ֆրանսիայի ներգաղթի եւ ինտեգրման գործակալությունն է: Այսօր այս թեմայով սեմինարին ներկա էր նաեւ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Նա տեղեկացրեց, որ վերջին 8 տարիների ընթացքում Ֆրանսիայից Հայաստան է վերադարձել 750 անձ:

Խոսելով ներգաղթ ապահովելու մասին` չենք կարող չնկատել, որ Հայաստանում, այնուամենայնիվ, տարեցտարի աճում է արտագաղթը: Մինչ Եվրամիությունը եւ ՀՀ իշխանությունները մտածում են, թե ինչպես հայերի վերադարձն ապահովել Հայաստան, մեր քաղաքացիներն արտագաղթի ճանապարհներ են փնտրում:
XS
SM
MD
LG