Մատչելիության հղումներ

logo-print

Արտակարգ իրավիճակների նախարարը պատրաստ է ղեկավարել Երեւանը


Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը պատրաստ է աշխատել Երեւանի քաղաքապետի պաշտոնում, եթե մայիսի 5-ին կայանալիք մայրաքաղաքային ընտրություններում «Օրինաց երկիր» կուսակցությունը մեծամասնություն ստանա:

Նախարարն ՕԵԿ-ի անդամ է եւ գլխավորում է այդ կուսակցության ցուցակը, որով ՕԵԿ-ը մասնակցում է այդ ընտրություններին:

«Տարոն Մարգարյանը իմ ընկերն է եւ կոալիցիոն գործընկերն է, բայց ՕԵԿ-ը ունի իր դիրքորոշումը, եւ մենք ունենք մեր ծրագրերը: Յուրաքանչյուրը իր աշխատանքի ոճը, ձեռագիրը ունի, ես այստեղ ցույց եմ տվել, որ կարող եմ աշխատել որպես արտակարգ իրավիճակների նախարար, եւ եթե մենք հաղթենք, ես կաշխատեմ որպես քաղաքապետ: Ձախողման դեպքում Հայաստանի նախագահը կորոշի, թե ես որտեղ եմ նշանակվելու», - ասաց Երիցյանը ուրբաթ օրը կայացած ասուլիսում:

Հարցին, թե ինչպե՞ս կմենաբանի այն հանգամանքը, որ երեւանյան ընտրություններին պատրաստվող բոլոր կուսակցությունները քննադատում են Հանրապետականին, մինչդեռ ՕԵԿ-ից քննադատական խոսք չի հնչում. եթե ամեն ինչ լավ է, եւ իշխող ՀՀԿ-ի թեկնածուն եւ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը լավ է կառավարում Երեւանը, ինչո՞ւ է ՕԵԿ-ը որոշել մասնակցել ընտրություններին, Երիցյանը արձագանքեց. - «Շատ հեշտ է քննադատելը, ասելը, որ դու լավ չես աշխատում, բայց ընդհանուր առմամբ` մարդը պետք է գա եւ աշխատի: Ի՞նչ է նշանակում քննադատել եւ ոչինչ չասել… ես կարծում եմ, որ մենք մեծ ծրագրով ենք հանդես գալիս, մենք պետք է ասենք` ինչ ենք ուզում անել երեւանցու համար, ինչն ենք ուզում Երեւանի համար փոխել... սա է լինելու մեր ծրագրում»:

Արտակարգ իրավիճակների նախարարը նաեւ հերքեց մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե ՕԵԿ-ը մասնակցելու է ընտրություններին, քանի որ պայմանավորվածություն կա Հանրապետականի հետ, ըստ որի, Արաբկիրի նախկին թաղապետ եւ նախկին ՀՀԿ-ական Հովհաննես Շահինյանը, ով վերջերս է անդամակցել ՕԵԿ-ին, ընտրություններից հետո պետք է նշանակվի Երեւանի փոխքաղաքապետ: Ըստ մամուլի` ՕԵԿ նախընտրական ցուցակը գլխավորում է Երիցյանը, որպեսզի իր կապերի, ազդեցության միջոցով կարողանա հնարավորինս շատ ձայներ ապահովել կուսակցության համար: Գեներալ-մայոր Արմեն Երիցյանը մոտ 30 տարի աշխատել է ոստիկանական համակարգում, եւ 2010-ին` արտակարգ իրավիճակների նախարար նշանակվելուց առաջ, նա Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալն էր:

«Չէ, չէ, մենք լուրջ մարդիկ ենք… ես գնում եմ, որ հաղթեմ», - ասաց նա:

Նշենք, որ այսօրվա ասուլիսում Արմեն Երիցյանը ամփոփեց արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում իր աշխատանքի երեք տարին` նշելով, որ անցած ժամանակահատվածում նախարարությունը ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, եւ փրկարարական ծառայության կարիք ունեցող Հայաստանը դարձել է «փրկարար ծառայություն արտահանող պետություն»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG