Մատչելիության հղումներ

Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանը 2007-ին վտարվել էր Վրաստանից


Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Ռուսաստանի արտգործնախարարության շենքը Մոսկվայում

Իվան Վոլինկինը մեկն է ռուս երեք դիվանագետներից, որոնց Սաակաշվիլիի վարչակազմը մեղադրում էր լրտեսության մեջ:

Հինգշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան է նշանակել Իվան Վոլինկինին, ով մինչ այդ զբաղեցնում էր Ռուսաստանի արտգործնախարարության քարտուղարության ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Այս նշանակման մասին այսօր գրել է նաեւ ռուսական մամուլը:

Իվան Վոլինկինը մեկն էր այն երեք դիվանագետներից, ում 2007 թվականի նոյեմբերին Վրաստանի իշխանությունները մեղադրել էին լրտեսության մեջ եւ վտարել երկրից: Վրաստանի իշխանությունները` նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ, Ռուսաստանին մեղադրում էին Վրաստանում հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Հիշեցնենք, 2007-ի նոյեմբերի 2-ին վրաց ընդդիմությունը մեծ հանրահավաք էր սկսել մայրաքաղաք Թբիլիսիում, տարբեր տվյալներով` 50-ից մինչեւ 100 հազար մարդ էր մասնակցում բողոքի այդ ակցիաներին: Ընդդիմությունը պահանջում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, այնուհետեւ նաեւ` նախագահ Սաակաշվիլիի հրաժարականը:

Նոյեմբերի 2-ին Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի է ունեցել բախում, որի արդյունքում 360 մարդ է տուժել` սրանք Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալներն են:

Վրացական հեռուստաընկերությունները այդ օրերին կադրեր էին ցուցադրում, որտեղ ռուս դիվանագետ Իվան Վոլինկինը այցելում է ընդդիմադիր Կոնստանտին Գամսախուրդիային:

Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ բողոքի ակցիաներն ու անկարգությունները Թբիլիսիում կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները, Մոսկվայից ետ էր կանչվել Ռուսաստանում Վրաստանի դեսպանը, Թբիլիսիից վտարվել էին ռուս դիվանագետներ, այդ թվում նաեւ` Իվան Վոլինկինը, ով երեկ դեսպան է նշանակվել Հայաստանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG