Մատչելիության հղումներ

Կիպրոսի իշխանությունները հրաժարվեցին ավանդները հարկելու ծրագրից


Կիպրոս - Հերթեր բանկոմատների մոտ, Նիկոսիա, 21-ը մարտի, 2013թ.

Կիպրոս - Հերթեր բանկոմատների մոտ, Նիկոսիա, 21-ը մարտի, 2013թ.

Երկարատեւ քննարկումներից ու բանավեճերից հետո հինգշաբթի օրը Կիպրոսի կառավարությունը հայտարարեց, թե հրաժարվում է բանկային ավանդների վրա հարկ սահմանելու ծրագրից եւ առաջարկում է ճգնաժամից դուրս գալու այլընտրանքային ծրագիր, որն առաջիկա ժամերին քվեարկության կդրվի խորհրդարանում:

Դրա համաձայն, կառավարությունը նախատեսում է ստեղծել պետական ներդրումային հիմնադրամ, ինչպես նաեւ թողարկել պետական պարտատոմսեր, որոնց վաճառքից ակնկալվում է բյուջե մուտքագրել մոտ 6 միլիարդ եվրո, եւս մեկ միլիարդ էլ Կիպրոսի կառավարությունը հույս ունի ստանալ հարկերը բարձրացնելու հաշվին, եւ այս ճանապարհով, ըստ էության, հավաքագրել այն 7 միլիարդը, որն անհրաժեշտ է Եվրամիության խոստացած օգնությունը ստանալու համար:

«Կիպրոսի կառավարությունը իր վրա պատմական պատասխանատվություն կվերցնի, եւ մենք կփրկենք երկիրը», - հայտարարեց իշխող կուսակցության փոխնախագահ Ավերով Նեոֆիտուն՝ ընդգծելով, որ կառավարությունն իր տրամադրության տակ ունի ոչ թե շաբաթներ կամ օրեր, այլ ընդամենը մի քանի ժամ:

Որոշումն իսկապես օդի եւ ջրի նման անհրաժեշտ է Կիպրոսին, ընդ որում՝ ոչ միայն Եվրամիության 10-միլիարդանոց օգնությունը ստանալու առումով: Երկրի բոլոր բանկերը փակ են արդեն մի քանի օր, բանկոմատները չեն աշխատում, ֆինանսական գործարքներ չեն իրականացվում, երկիրը, տեղացիների տպավորությամբ, իսկապես կանգնած է փլուզման եզրին:

Ֆինանսական այս անկայունությունից տուժում են նաեւ Կիպրոսում ապրող հազարավոր հայերը: «Ինչ էլ որոշեն պաշտոնյաները, թող անեն դա արագ», - Associated Press լրատվական գործակալությանը ասել է Նիկոսիայում հայկական ռեստորան ունեցող 41-ամյա Ավետիս Բահչեչյանը՝ մտավախություն հայտնելով, թե շուտով կարող է կորցնել իր բիզնեսը: «Մեր հաճախորդների թիվը միայն վերջին մի քանի օրվա ընթացքում կրճատվել է շուրջ 40 տոկոսով», - ասել է հայ գործարարը:

Նշեք, որ երկիրը ֆինանսական ճգնաժամից դուրս բերելու այլընտրանքային ծրագիրը նախատեսում է նաեւ օգնություն Ռուսաստանից, որը միլիարդավոր եվրոների ներդրում է կատարել Կիպրոսում, մյուս կողմից՝ Կիպրոսի բանկերում պահվող ավանդների մեկ երրորդից ավելին պատկանում են ռուսաստանցի գործարարներին: Կկիպրոսի ֆինանսների նախարարը երկու օր է՝ գտնվում է Մոսկվայում, ձեռք բերված համաձայնությունների մասին մանրամասներ, սակայն, առայժմ չեն հրապարակվում:

Փոխարենը, պաշտոնական Մոսկվան արդեն հրապարակավ հայտարարում է այս փորձից դասեր քաղելու եւ սեփական օֆշորային գոտիները ստեղծելու անհրաժեշտության մասին: «Եթե Կիպրոսում այդպիսի կրքեր են բորբոքվում, ապա գուցե պետք է մտածել Ռուսաստանում` ասենք, Սախալինում կամ Կուրիլյան կղզիներում օֆշորային գոտի ստեղծելու մասին, որտեղ կհոսեն արդեն ռուսաստանցիների ավանդները ոչ միայն Կիպրոսից, այլեւ օֆշորային մյուս գոտիներից», - երեկ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG