Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 22-ի մամուլ


«Ժամանակ» թերթը գրում է. - «Ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը խառնել է իշխանության խաղաքարտերը, եւ նրանք չեն կարողանում գտնել որեւէ տրամաբանական հակախաղ։ Շատերն են Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունները համարում որեւէ տրամաբանությունից դուրս, նույնիսկ ընդդիմադիրները, առաջին հերթին ընդդիմադիրները կամ իրականում ընդդիմության մեջ առաջին շարքերում տեղերը պահելու համար պայքարողները: Սակայն հենց տրամաբանությունից դուրս քայլերն են, որ իշխանություններին ու նաեւ ընդդիմադիրներին դրել են փակուղու առաջ: Իշխանությունները չգիտեն ինչպես վարվել: Ավանդական ուժի առիթը չկա, իսկ այլ բան անելու տեղ էլ Րաֆֆին չի թողել: Սա է իրավիճակի ամբողջ պարադոքսը: Այսինքն` կարելի է ամայացնել Րաֆֆու շուրջը նույնիսկ, սակայն խնդիրը, միեւնույն է, սրանով չի վերանում, ինչպես այլ դաշինքների դեպքում: Այս իրավիճակը ակնհայտորեն սկսել է նյարդայնացնել բոլորին: Րաֆֆին խաղում է մարտ առանց կանոնների, սակայն միեւնույն ժամանակ՝ առանց բռնության։ Եվ այս իրավիճակից նյարդայնացող իշխանությունները սխալը սխալի հետեւից են թույլ տալիս՝ հույսը դնելով ընդամենը արտաքին աջակցության վրա»։

«Չորրորդ ինքնիշխանության» խորհրդածության թեման նույնն է. - «Ո՞ւր կարող է հասցնել այս պայքարը: Ենթադրենք` Րաֆֆի Հովհաննիսյանը եւս մի երկու ամիս շարունակում է հացադուլը, կամ ինչ-որ պահի նրա զինակիցների հորդորները տեղ են հասնում, եւ նա դադարեցնում է հացադուլը, բայց այդ ընթացքում ամեն օր Ազատության հրապարակում ասուլիսներ ու համերգներ են կազմակերպվում, շաբաթը մեկ հանրահավաք է անցկացվում, ստվերային կառավարություն է ձեւավորվում եւ այլն: Բա հետո՞: Ինչո՞վ պիտի զբաղվի այդ ստվերային կառավարությունը: Ինչ-որ մեկին պիտի նշանակեն, ասենք, հարկային ծառայության պետ, եւ ընդդիմադիր գործարարները նրա՞ն պիտի վճարեն հարկերը: Հետո Րաֆֆի Հովհաննիսյանը պիտի հրամանագրերով դատավորներ նշանակի, ու նրանք արդարադատությո՞ւն իրականացնեն: Ինչ-որ մեկին պիտի Պաշտպանության նախարար նշանակեն, ու նա հենց Ազատության հրապարակում զորակո՞չ կազմակերպի: Կարելի է, իհարկե, նման միջոցառումներ կազմակերպել, դա հետաքրքիր կլինի, ու շատերը կգնան Ազատության հրապարակ այլընտրանքային կառավարության նիստերին հետեւելու: Բայց բոլորն էլ հասկանում են, որ այդ վիճակը երկար շարունակվել չի կարող: Ոչ մի իշխանություն թույլ չի տա, որ մայրաքաղաքի կենտրոնում ամիսներ շարունակ պերմանենտ հանրահավաքներ լինեն: Այսինքն` ակնհայտ է, որ ինչ-որ պահի իշխանությունների նյարդերը տեղի կտան, եւ նրանք ուժով կդադարեցնեն այդ ամենը»:

«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը քննադատում է կառավարության գործունեությունը. - «Եթե այս կառավարությունը վարչապետի գլխավորությամբ երկիրը հասցրել է սոցիալ-տնտեսական աղետի շեմին, որի հետեւանք է սարսափելի արտագաղթը, օրավուր աճող աղքատությունը, ներդրումների գրեթե զրոյական վիճակը, եւ այս ամենի մասին չխոսել միայն այն պատճառով, որ տարբեր վարձկաններ կարող են ասել, թե ԲՀԿ-ն վարչապետի պաշտոնն է ուզում, չի ստացվելու: Մենք շարունակելու ենք իրերը կոչել իրենց անուններով եւ շարունակելու ենք պատասխաններ պահանջել կոնկրետ պատասխանատուներից: Եվ պետք չէ որակական որեւէ ցուցիչով չհիմնավորված 7 տոկոս տնտեսական աճն անընդհատ թափահարել: Դրա տակ բարեկեցության իրական աճ, կենսամակարդակի իրական բարձրացում ուղղակի չկա: Դա տնտեսական մանիպուլյացիոն փուչիկ է, եւ ցանկացած տնտեսագետ կարող է ապացուցել այդ տոկոսի իրական սնանկությունը: Մեկ բան հստակ է. մեր քաղաքացին այսօր ավելի վատ է ապրում, քան երեկ, արտագաղթը, աղքատությունը ամեն ամիս նախորդի համեմատ աճում են: Ցանկացած սթափ տրամաբանության դեպքում նման արդյունքներ արձանագրած կառավարությունը օր առաջ պիտի հրաժարական տար, այլ ոչ թե հավակներ շարունակելու իր «փառահեղ» կառավարումը: Բայց, կրկնում եմ, դա բացառապես իշխանության որոշելիքն է, եւ եթե երկիրը սոցիալ-տնտեսական գրեթե դեֆոլտի հասցնելը փայլուն արդյունք է, ապա ես իմ առաջարկն արդեն ներկայացրել եմ` եկեք սահմանադրական հանրաքվեով Տիգրան Սարգսյանին հռչակենք ցմահ վարչապետ եւ խնդիրը փակենք»:

«Հայոց Աշխարհ» թերթի աղբյուրներով, «Ժառանգություն» կուսակցության ղեկավարությունը, վստահ լինելով, որ Երեւանի ավագանու ընտրություններում պարտվելու են, ընտրատեղամասերում «Ժառանգության» բոլոր վստահված անձանց հրահանգել է նախօրոք իրենց ձեռքով գրել տեղամասում վերահաշվարկ անցկացնելու վերաբերյալ դիմում-բողոք, որոնք մինչեւ ընտրությունների օրը պահվելու են կուսակցության գրասենյակում։ Րաֆֆի Հովհաննիսյանի ակտիվիստները մտադիր են այդ դիմումները ընտրությունների օրը բաժանել վստահված անձանց, որպեսզի քվեարկության ավարտից անմիջապես հետո վերջիններս դրանք ներկայացնեն ընտրատարածքային հանձնաժողով՝ պահանջելով իրականացնել վերահաշվարկ։ Ահա այսպիսի «հետաքրքիր» տեխնոլոգիաներ»։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG