Մատչելիության հղումներ

Քրդերը հրադադար են հայտարարում


Թուրքիա - Դիարբեքիրում հրապարակվում է Աբդուլա Օջալանի ուղերձը, 21–ը մարտի, 2013թ.
Թուրքիա - Դիարբեքիրում հրապարակվում է Աբդուլա Օջալանի ուղերձը, 21–ը մարտի, 2013թ.

Թուրք բարձրաստիճան ղեկավարները դրական են գնահատում Աբդուլա Օջալանի ուղերձը։

Քրդերի առաջնորդ, թուրքական բանտում գտնվող Աբդուլա Օջալանը հինգշաբթի երեկոյան հրապարակել է հրադադարի հայտարարությունը, որը, ըստ վերլուծաբանների, պետք է նպաստի 1984 թվականից Թուրքիայի հարավարեւելյան շրջաններում մեկնարկած քուրդ - թուրքական արյունալի հակամարտության կարգավորմանը։

Այս երեք տասնամյակի ընթացքում անկախության համար քրդերի մղած պայքարում սպանվել է մոտ 40 հազար մարդ։

Օջալանը համարվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ղեկավարը։ Այդ կուսակցությունը ստեղծվել է 1978 թվականին։ Դրա գաղափարախոսության հիմքում հեղափոխական սոցիալիզմի եւ քրդական ազգայնականության տարրեր են։

Ոչ միայն Թուրքիան, այլեւ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական միությաներ անդամները, Կանադան, Ավստրալիան, Իրանը, Իրաքը, Սիրիան, Ադրբեջանը եւ մի շարք այլ պեւություններ Քրդական աշխատավորական կուսակցությունը համարում են ահաբեկչական կառույց։ Ենթադրվում է, որ այդ կազմակերպության զինյալների թիվը հասնում է 3 հազար 500-ի։

Թուրքիայի հատուկ հետախուզական խումբը Օջալանին ձերբակալել է 1999 թվականին Քենիայում։ Օջալանը դատապարտվել է մահվան, սակայն վճիռն ի կատար չի ածվել։ 2002 թվականին Թուրքիան պաշտոնապես հրաժարվել է մահապատժից։ Օջալանին պահում են Իմրալիի խիստ հսկվող բանտում։

80-միլիոնանոց Թուրքիայում բնակվում է մոտ 14 միլիոն քուրդ։ Ներկայումս նրանց շահերը պաշտպանում է Խաղաղության եւ ժողովրդավարության կուսակցությունը, որը 36 տեղ ունի 550-տեղանոց խորհրդարանում։

Երեկ Օջալանի ուղերձը Դիարբեքիրում ընթերցել է քուրդ քաղաքական գործիչ Սիրրի Սուրայա Օնդերը։

«Եկել է մի շրջան, երբ մեր զինված ուժերը պետք է հեռանան Թուրքիայի սահմաններից դուրս։ Սա վերջը չէ, սա նոր դարաշրջանի սկիզբն է», - ասվում է Օջալանի ուղերձում։

Այս հայտարարությանը նախորդել են ամիսներ տեւած գաղտնի բանակցություններ Թուրքիայի հատուկ ծառայությունների եւ քուրդ գործիչների, նրանց թվում նաեւ Օջալանի միջեւ։

Թուրքիայի պաշտոնյաները դրական են արձագանքել հայտարարությանը։

Ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերն ասել է, թե Օջալանի խոսքը պետք է գործով ապացուցվի։

Վարչապետ Ռեջեփ Էրդողանն էլ ասել է, որ Դիարբեքիրում կայացած հանրահավաքը դրական ազդակ է, բայց վատ է, որ մասնակիցները Թուրքիայի դրոշ չեն պարզել։

«Քրդական աշխատավորական կուսակցության հետ հրադադարը բխում է ամբողջ տարածաշրջանի շահերից», - ասել է Էրդողանը։

Ըստ վերլուծաբանների, Օջալանը հրադադարի դիմաց ներկայացրել է երեք պահանջ` ազգային ծագման վրա հիմնված «թուրքական ինքնություն» սահմանադրական եզրը փոխարինել ավելի չեզոք ձեւակերպմամբ, ուսանողներին տալ քրդերեն կրթություն ստանալու իրավունք եւ, ինչը, թերեւս, ամենախնդրահարույցն է` իշխանության լծակների զգալի մասը փոխանցել տեղական մարմիններին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG