Մատչելիության հղումներ

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվել գրանցման 7 հայտ։

Մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել իշխող կոալիցիայի մաս կազմող Հանրապետական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները, իրեն այլընտրանքային համարող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Առաքելություն» կուսակցությունը եւ ընդդիմադիր «Ժառանգություն», Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները եւ Հայ ազգային կոնգրեսը:

Չնայած ընդդիմությանն այս անգամ էլ չհաջողվեց միասնական ցուցակով հանդես գալ, բայց այս դաշտում գործող քաղաքական ուժերը մտադրություն ունեն համագործակցելով ՝ չքննադատել միմյանց եւ քննադատության թիրախ դարձնել միայն իշխանությանը:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գրանցման փաստաթղթերը ներկայացնելուց հետո միայն կանդրադառնան համագործակցությանը: Նա նշեց, որ ընդդիմադիր ուժերը դեմ չեն համագործակցելուն:

Իշխող Հանրապետական կուսակցությունում, սակայն, կարծում են, որ նշված շեշտադրումները սխալ են:

«Եթե կան խնդիրներ, ապա մենք չպետք է շեշտադրումը դնենք այն կոնտեքստի վրա, որ մենք անպայման պետք է հաղթենք, որպեսզի այս խնդիրները վերացնենք, որպեսզի Հանրապետական կուսակցությունը չղեկավարի Երեւանի քաղաքապետի պաշտոնը։ Սա սխալ մոտեցում է», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։ – «Համապետական ընտրություններ էր՝ ես պետք է մի փոքր հետ վերադառնամ, եւ մենք տեսանք, որ նույնիսկ այն հասարակ լծակը, որ իրենք ունեին եւ կարող էին օգտագործել մասնակցելու առումով, նույնիսկ իրենց ՀԱԿ անդամը երբ որ առաջադրվել էր մի փոքր սատարելու պարագայում կլիներ գուցե նաեւ այլ իրականություն, մենք տեսանք, որ նույնիսկ իրենց մեջ այդ մերժողականությունը այնքան է արմատացել, որ մեկը մյուսին չհանդուրժելով փորձում են ինչ–որ խնդիրներ լուծել»։

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ եթե Հանրապետականը չկարողանա իր ընտրակեղծիքներով ապահովել 40 տոկոսանոց արդյունքը, ապա ընդդիմադիր ուժերը կարող են կազմել կոալիցիա ու ընտրել Երեւանի նոր քաղաքապետին, ով կլինի ընդդիմության ներկայացուցիչ:

Սահակյանը հավատացած է, որ երեւանցիներն իրենց քվեն տալու են Հանրապետականին՝ հաշվի առնելով անցած տարիներին քաղաքապետարանի կատարած բազմաթիվ աշխատանքները:

Հանրապետական ցուցակում ներառված է 195 մարդ: Առաջն երեք տեղերում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, շախմատի միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը եւ երրորդ տեղում է ճարտարապետ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:

ՀՀԿ-ի կոալիցիոն գործընկեր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակը բաղկացած է 105 հոգուց: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կուսակցության ներկայացուցիչ Խաչիկ Հարությունյանը, ցուցակում ներառված են այնպիսի անձինք, ովքեր օգուտ կբերեն քաղաքին: Առայժմ հայտնի են ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնողների անունները՝ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյան, Հովհաննես Շահինյան եւ Սոֆյա Արթենյան:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում ներառված է 194 մարդ: Ցուցակը գլխավորում է Վարդան Օսկանյանը: Երկրորդ տեղում է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, ԲՀԿ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: Երրորդ տեղում է Մանուկ Աբրահամյանը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ առաջիկա ընտրություններում այլ ուժերի հետ համագործակցության ցանկություն ունեն՝ ձեւավորելու միասնական շտաբ՝ հատկապես կուսակցությունների երիտասարդ ներկայացուցիչների մասնակցությամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը առաջիկա ընտրություններին կմասնակցի դաշինքով: Այն կազմված է 64 հոգուց:

Հայ հեղափոխական դաշնակցության ցուցակը կազմված է 65 անունից, այն գլխավորում է Արմեն Ռուստամյանը:

Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորում է Վահագն Խաչատրյանը: Այն բաղկացած է 42 անունից:

Մինչեւ մարտի 31-ը հանձնաժողովը կգրանցի ընտրական ցուցակները, նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է ապրիլի 7-ին:

«Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը կազմված է 29 թեկնածուներից, որը գլխավորում է Մեսրոպ Առաքելյանը, երկրորդ տեղում Մանուկ Սուքիասյանն է, երրորդում՝ Հրաչյա Սարգսյանը:

Մինչեւ մարտի 31-ը հանձնաժողովը կգրանցի ընտրական ցուցակները, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 7-ին:
XS
SM
MD
LG