Մատչելիության հղումներ

Երեւանում են Մինսկի խմբի համանախագահները


Հայաստանի արտգործնախարարի հետ բանակցությունների արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որեւէ արդյունքի չեն հանգել:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Իան Քելին:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ժամը 15-ին մեկնարկած համանախագահաների հանդիպումը տեւեց մոտ մեկ ժամ 15 րոպե:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչ արդյունք ունեցան Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած բանակցությունները, ամերիկացի համանախագահ Իան Քելլին արձագանքեց. - «Մենք արդյունքներ չունենք… Ես ի նկատի ունեմ, որ մենք դեռ բանակցում ենք: Մի քանի րոպեից մեկնելու ենք հանդիպելու Հայաստանի նախագահի հետ` մտքեր փոխանակելու համար»:

Ռուսաստանցի համանախագահին խնդրեցինք մեկնաբանել լրատվամիջոցներում շրջանառվող այն տեսակետը, թե ղարաբաղյան բանակցություններում հարկավոր է լուրջ նախաձեռնության սպասել Ադրբեջանում այս հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո միայն:

«Գիտեք…այս պահին չէի ցանկանա որեւէ մեկնաբանություն անել: Ինչպես միշտ, մենք կհանդիպենք նաեւ Հայաստանի նախագահի հետ, որից հետո կմեկնենք Բաքու եւ մեր այս ուղեւորության ավարտին հանդես կգանք հայտարարությամբ», - նշեց Պոպովը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այսօրվա հանդիպումից հետո Հայաստանի ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում, մասնավորապես, կարդում ենք. - «Համանախագահները ներկայացրեցին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ իրենց հանդիպումները։ Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված քայլերի շուրջ»:

Համանախագահներին այսօր կընդունի նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը, եւ երևեւանյան այցից հետո Իան Քելլին, Իգոր Պոպովը, Ժակ Ֆորն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը ապրիլի սկզբին կմեկնեն Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG