Մատչելիության հղումներ

Արտաշատում տեղակայված թիվ 17/05 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Մարինե Դավթյանը «անսպասելի» է որակում Սահմանադրական դատարանի որոշումը նախագահի ընտրության օրը այս տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու մասին։

«Ես հավատում եմ թղթերին, կատարած ընտրություններին, ցուցակներին։ Ամեն ինչ նորմալ եւ ճիշտ է եղել, չգիտեմ դա ինչի հիման վրա են նման որոշում կայացրել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դավթյանը։

Փետրվարի 18-ին՝ նախագահի ընտրությունների օրը, այս ընտրատեղամասից լցոնման ահազանգ էր ստացվել։ Ահազանգի առնչությամբ Հատուկ քննչական ծառայությունում նախաքննություն է ընթանում լցոնման փաստն արձանագրած լրագրող Արտակ Համբարձումյանի ու դիտորդ Նարինե Իսմայելիի լիազորությունները խոչընդոտելու կապակցությամբ:

Սահմանադրական դատարանի որոշման մեջ, մասնավորապես, ասված է, որ այդ տեղամասում արդյունքները չեն կարող հավաստի համարվել եւ պետք է անվավեր ճանաչվեն, սակայն այդ որոշման պատճառները մանրամասնորեն չեն ներկայացվել։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում թիվ 17/05 տեղամասի արդյունքների հավաստիությունը կասկածի տակ դնելու եւ այդ արդյունքներն անվավեր ճանաչելու՝ Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ ներկայացրեց իր դիրքորոշումը. - «Սահմանադրական դատարանի դատական ակտի նկատմամբ պետք է ունենալ առաջին հերթին խորը հարգանքի վերաբերմունք։ Եթե դատարանը գնահատել է նման կերպ, ուրեմն ճիշտը դա է»։

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հղում է կատարում Ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածին, ըստ որի՝ «ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչվելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվն արձանագրվում է որպես տեղամասում անճշտությունների գումարային չափ»:

Բայց Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ասաց, որ որեւէ մարմին, այդ թվում ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որեւէ փոփոխություն չպետք է կատարի ընտրությունների արդյունքներին առնչվող փաստաթղթում:

ԿՀԸ նախագահի մեկնաբանությամբ՝ «թվերը մնալու են նույնը, որովհետեւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ այդ թվերը փոխելու, ոչ իր որոշման որեւէ փոփոխություններ իրականացնելու, ոչ ընտրության արդյունքով ընդունված որոշումը փոխելու լիազորություններ չունի»։

«Ըստ էության 17/5 տեղամասում ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելը ոչ մի հետեւանք չի ունենում։ Այսինքն՝ մի տեղամասում ընտրությունները համարվում են անվավեր, բայց Սահմանադրական դատարանը իր պրակտիկայի ընթացքում միշտ թերացել է գնահատել ընտրակեղծիքների կազմակերպված եւ համակարգված բնույթը, որը կարող էր էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Ըստ էության այն չի հանդիսանում ընտրական իրավունքի վերականգնման արդյունավետ միջոց», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց Սահմանադրական իրավունքի մասնագետ Մհեր Արշակյանը։
XS
SM
MD
LG