Մատչելիության հղումներ

«ԹԻ»-ն էթիկայի հանձնաժողովին խնդրում է քննել ՀՔԾ պետի վարքագիծը


«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԹԻ) դիմել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով` խնդրելով քննության առնել Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Անդրանիկ Միրզոյանի դրսեւորած վարքագծի համապատասխանությունը բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոններին:

Դիմումը վերաբերում է փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին որպես դիտորդ մասնակցած` «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ում պրակտիկա անցնող ԱՄՆ-ի քաղաքացի Նարինե Էսմաելիի հարցաքննության ժամանակ մարտի 1-ին ՀՔԾ-ում տեղի ունեցածին, երբ նախ քննիչը, ապա նաեւ Անդրանիկ Միրզոյանը թույլ չեն տվել նրա փաստաբանին ձայնագրություն կատարել:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը ակնհայտ է համարում, որ Միրզոյանի վարքագիծը «բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնների կոպիտ խախտում է, որպիսի պարագայում վտանգվում է նաեւ հարգանքի եւ վստահության ձեւավորումը նրա ներկայացրած մարմնի` ՀՔԾ-ի նկատմամբ, մասնավորապես, ընտրախախտումների գործերի օբյեկտիվ քննության եւ բացահայտման առումով»:

Էսմաելին, ով դիտորդական առաքելություն է իրականացրել «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անունից, որպես վկա է հանդես գալիս Արտաշատի թիվ 17/5 ընտրական տեղամասում քվեատուփի լցոնման փաստով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով:

Հիշյալ տեղամասում փետրվարի 18-ի քվեարկության արդյունքները Սահմանադրական դատարանը մարտի 14-ին հրապարակած որոշմամբ անվավեր է ճանաչել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG