Մատչելիության հղումներ

Նալբանդյան. «Առաջընթացի բացակայության միակ պատասխանատուն Ադրբեջանն է»


Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Էդվարդ Նալբանդյան, արխիվ
Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության եւ ստատուս քվոյի պահպանման միակ պատասխանատուն Ադրբեջանն է, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Դրա մասին հայտնի է միջազգային հանրությանը, տեղյակ են եռանախագահները», - ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ պատասխանելով News.am ինտերնետային պարբերականի հարցին։

«Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով շարունակում է հնչել, թե Հայաստանն է պատճառը, որ ղարաբաղյան հարցում պահպանվում է ստատուս քվոն, եւ որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարող մրցակից լինել, հետեւաբար Հայաստանը պետք է միակողմանի զիջումների գնա», - այս հարցին ի պատասխան՝ Նալբանդյանը, արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, նաեւ ընդգծել է. - «Եթե Ադրբեջանը իրոք շահագրգիռ է ստատուս քվոյի փոփոխմամբ, ապա վաղուց պետք է իր համաձայնությունը տված լիներ, այլ ոչ թե մերժեր վերջին տարիներին եռանախագահների կողմից ներկայացված առաջարկությունները»։

«Իհարկե, Հայաստանը եւ Ադրբեջանը չեն կարող մրցակիցներ լինել ժողովրդավարության, հանդուրժողականության, մարդու իրավունքների, տնտեսական ազատությունների, մամուլի, խոսքի եւ այլ հիմնարար ազատությունների առումներով։ Մեր պետությունների եւ հասարակությունների տրամաբանությունը եւ ուղղվածությունը հակադարձ համեմատական են», - շարունակել է Հայաստանի արտգործնախարարը՝ մանրամասնելով. - «Ադրբեջանը խորացնում է ավտորիտարիզմի հիմքերը, Հայաստանը՝ ժողովրդավարության։ Դա հստակ երեւում է միջազգային համապատասխան կառույցների գնահատականներում եւ վարկանիշային աղյուսակներում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հսկայական տարբերություն կա»։

«Ադրբեջանում կարծում են, որ փողով կարող են հեղինակություն ձեռք բերել, բարեկամներ առնել, արձաններ կանգնեցնել, ինչ-ինչ կասկածելի բանաձեւեր անցկացնել եւ դա ներքին լսարանին ներկայացնել որպես ձեռքբերում, բարձր համբավի ապացույց։ Փողի, խավիարի կամ անգամ նավթի առկայությամբ չէ, որ գնահատվում է երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում։ Վերջին տարիներին մենք ականատես եղանք, թե ինչ պատահեց ոչ պակաս հարուստ եւ ինքնագոհ բռնատիրական ռեժիմների հետ», - ամփոփել է Էդվարդ Նալբանդյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG