Մատչելիության հղումներ

Վրաստանի խորհրդարանը սկսում է քննարկել Սահմանադրությունը փոփոխելու հարցը


Վրաստանի խորհրդարանի նիստը Քութայիսիում, արխիվ

Վրաստանի խորհրդարանի նիստը Քութայիսիում, արխիվ

Այսօր Վրաստանի խորհրարանում սկսվելու են նախագահի լիազորությունները սահմանափակող սահմանադրական փոփոխությունների քննարկումները:

Այս փոփոխություններով նախագահի լիազորությունները սահմանափակվում են, մասնավորապես, կառավարությունը ցրելու հարցում. եթե ներկայիս Սահմանադրությամբ խորհրդարանական ընտրություններից կես տարի անց նախագահը կարող է ցրել կառավարությունը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել եւ նոր կառավարություն ձեւավորել սեփական հայեցողությամբ, ապա առաջարկվող փոփոխություններով` նախագահը այլեւս իրավունք չի ունենա առանց խորհրդարանի համաձայնության արձակել կառավարությունը:

Գործող Սահմանադրության համաձայն՝ Միխեիլ Սաակաշվիլին իրավունք կստանա ցրել կառավարությունը մոտ 10 օրից` ապրիլի 1-ից մինչեւ մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում, սակայն Վրաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում այդ քայլին դիմել:

Որպեսզի սահմանադրական փոփոխությունները հաստատվեն, կողմ պետք է քվեարկի առնվազն 100 պատգամավոր, մինչդեռ փոփոխություններն առաջարկած «Վրացական երազանք» դաշինքը խորհրդարանում միայն 83 ձայն ունի:

Նախօրեին խորհրդարանական փոքրամասնության ղեկավարը` Դավիթ Բաքրաձեն հայտարարել է, որ իրենք պատրաստ են քվեարկել սահմանադրական փոփոխությունների օգտին, սակայն մինչեւ քվեարկությունը պահանջում են վարկանիշային քվեարկություն անցկացնել` հստակեցնելու, թե քանի կողմնակից ունի օրինագիծը, ու նաեւ ցույց տալու, որ առանց իրենց աջակցության միայն վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կուսակիցները չեն կարողանա արդյունքի հասնել խորհրդարանում.

Սաակաշվիլին, բացատրելով նախնական փորձնական քվեարկություն անցկացնելու այս պահանջը, հայտարարել է, որ վերջին ժամանակներում հաճախ է լսում կառավարությունից, թե իրենք 110 կամ 120 պատգամավորի աջակցություն ապահովել են խորհրդարանում եւ նախագահի թիմակից պատգամավորների կարիքը չունեն:

Ինչպես հայտարարել է գործող նախագահը, իր թիմակիցների վրա աննախադեպ ճնշումներ են իրականացվում` «Վրացական երազանք»-ի կողմը գրավելու համար, սակայն այս գործընթացի արդյունքում իր կուսակցությունում են մնացել միայն «գաղափարական» մարդիկ:

Եվ ահա Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ պատրաստ է «Վրացական երազանք»-ի առաջարկած օրինագծի համար այնքան քվե տալ, որքան որ փորձնական քվեարկության արդյունքում չի բավականացնի օրինագիծը ընդունելու համար։

Այս առաջարկությանը խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին պատասխանել է, թե պարզ թվաբանություն է՝ որ միայն իրենց պատգամավորները անհրաժեշտ 100 քվեն չեն ապահովում, այդ իսկ պատճառով իրենք խորհրդարանական փոքրամասնության աջակցության կարիքն ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG