Մատչելիության հղումներ

Հայաստանի նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի գնահատմամբ, ընտրությունների արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը բողոքավոր եւ փոփոխությունների ուղերձ կրող քվեների պատասխանատուն է։

Հայաստանի նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Օսկանյանը միանգամայն արդարացված է համարում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ծավալած քաղաքական պայքարը՝ համարելով, որ կխուսափեր այս պահին վերջինիս ինչ-որ խորհուրդներ տալուց, քանի որ հենց Հովհաննիսյանն է մոտ 600 հազար բողոքավոր եւ փոփոխությունների ուղերձ կրող քվեների պատասխանատուն:

Այս մասին Վարդան Օսկանյանն ասաց «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին տված հարցազրույցում՝ հավելելով, որ արտահայտում է ոչ թե կուսակցության, այլ իր անձնական կարծիքը։

«600 հազար մարդ իր բողոքն է արտահայտել գործող իշխանությունների նկատմամբ, փոփոխություն է ուզել ե՛ւ անձի, ե՛ւ մոտեցումների, ե՛ւ քաղաքականության, եւ այդ փոփոխության կրողը այս պահի դրությամբ՝ որպես նախագահական ընտրությունների հետարդյունք, Րաֆֆի Հովհաննիսյանն է, եւ ինքը իսկապես այդ բարոյական իրավունքը ունի, եւ ինքը պետք է որոշի, թե ինչ է անելու այդ քվեներով եւ ինչպիսի արդյունքի է ուզում հասնել», - նշեց նախկին արտգործնախարարը, - «Ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իսկապես կուզենայի ինչ-որ ժողովրդի կամքի դրսեւորում մի տեղ լինի։ Դա ինչպե՞ս կլինի՝ ես դժվարանում եմ ասել»։

Վարդան Օսկանյանն անդրադարձավ նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին մի խումբ լրագրողների հետ հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարություններին, նշելով, թե իր տպավորությամբ, նախագահը համարժեք չի արձագանքել հետընտրական իրողություններին ու մասնավորապես քվեարկության՝ անգամ պաշտոնապես արձանագրված արդյունքներին: Դրանք, ըստ նախկին արտգործնախարարի, նախագահին պետք է մղեին իրավիճակ փոխելուն միտված կտրուկ գործողությունների, այդ թվում՝ կադրային, քաղաքական: Մինչդեռ, Օսկանյանը նման պատրաստակամություն չի նկատել. - «Իսկ եթե փողոցում ինչ-որ հանգուցալուծում չլինի, փաստորեն ոչ մի օգուտ երկիրը այս բոլորից չի ունենալու եւ այս լճացումը հաջորդ հինգ տարիներին շարունակվելու է։ Սա շատ մտահոգիչ է»։

«Սխալ նշաձող»


Վարդան Օսկանյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարության գործունեությունը ու մասնավորապես ընդգծեց, որ Սերժ Սարգսյանն արդեն իսկ սխալ նշաձող է առաջարկում՝ նշելով, որ կառավարության առաջ խնդիր է դրել նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ ապահովել եւ քայլեր ձեռնարկել, որպեսզի աշխատավարձերի աճը գնաճից ավելին լինի։

«Այդ նշաձողը ես այդպես չէի դնի», – ասում է Վարդան Օսկանյանը, – «Ես հետեւյալ կերպ կդնեի՝ այն կառավարությունը, որ տարեկան գոնե աղքատությունը 10-15 տոկոս չի կրճատում, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որ արտագաղթը ամեն երկու ամիսը մեկ առնվազն 10 տոկոսով չի կարողանում կրճատել, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որը հարկ-ՀՆԱ հարաբերակցությունը առնվազն տարեկան 2-3 տոկոս չի ավելացնում, պետք է հրաժարական տա։ Այն կառավարությունը, որ արտաքին ներդրումներ չի ապահովում կամ դրանց աճը առնվազն 10 տոկոս, պետք է հրաժարական տա։ Մեր արտաքին ներդրումները 2007 թվականի նկատմամբ նվազել են 60 տոկոսով»։

Նա հավելեց, թե կառավարության կողմից անցած տարի հայտարարված ավելի քան 7 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը իրականում թվային մանիպուլյացիաների արդյունք է։

«Երեւանը պետություն է պետության մեջ»


Վարդան Օսկանյանը, ով, հիշեցնենք, Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում գլխավորելու է ԲՀԿ համամասնական ցուցակը, նաեւ հայտարարեց, որ ավագանու ընտրությունները միանշանակորեն համարում է կարեւորագույն քաղաքական պայքար, թեեւ իշխող Հանրապետական կուսակցությունը փորձում է այն իջեցնել ընդամենը տեղական ինքնակառավարման խնդրի մակարդակի: Օսկանյանի համոզմամբ, այսօր խիստ հրատապ է քաղաքական մենաշնորհի վերացումը, ինչն էլ բազմաթիվ բացասական երեւույթների սկզբնաղբյուր է. – «Այսօր մեր բնակչության կեսից ավելին Երեւանում է ապրում։ Երեւանը տալիս է մեր ՀՆԱ-ի 50 տոկոսից ավելին, կրթության, մշակույթի կենտրոնն է հանրապետության։ Այնպես որ, բնականաբար, սա քաղաքական ընտրություն է։ Եթե Երեւանի քաղաքապետը լինի ոչ իշխանական կուսակցությունից, քաղաքապետը կդառնա Հայաստանի Հանրապետության երկրորդ ամենակարեւորագույն անձը՝ անկախ թե Սահմանադրությունը ինչ է ասում։ Երեւանը պետություն է պետության մեջ»։

Օսկանյանը նաեւ ասաց, որ քաղաքապետ դառնալու հետ կապված ինքը խնդիր չունի, սակայն այս պայքարի մեջ չի մտել քաղաքապետ դառնալու համար։

ԲՀԿ-ն կենդանի օրգանիզմ է


Ինչպե՞ս է ազատական հայացքներ կրող Վարդան Օսկանյանը համակերպվում անձակենտրոն համարվող կուսակցության անդամության հետ. կուսակցություն, որի անդամներն առանց առաջնորդի թույլտվության անգամ մեկնաբանություններից են խուսափում: Այս հարցին ի պատասխան, Օսկանյանն ասաց, թե ԲՀԿ-ն կենդանի օրգանիզմ է, եւ անընդհատ փոփոխվում է՝ արձագանքելով ժամանակի պահանջներին:

«Այսօր կուսակցության ներսում շատ լուրջ գնահատում է տեղի ունենում եւ քննարկումներ են գնում արդեն կուսակցությունը ինչ–որ տեղ նաեւ ապակենտրոնացնել, շատ ավելի մոբիլ որոշումների կայացման խումբ ստեղծել, որը կկարողանա իսկապես արագ որոշումներ կայացնել եւ ուղղորդել կուսակցությունը։ Ճիշտ է, Գագիկ Ծառուկյանը հիմնադիրն է, իր տեղն ու դերը ունի, այդպես էլ կլինի՝ բոլոր կուսակցություններն էլ այդպես են, չկա այդպիսի կուսակցություն նույնիսկ ժողովրդավարական երկրներում, բայց արդեն դա շատ ավելի նվազ է [երբ կուսակցության անդամները մեկնաբանություն չեն տալիս, որովհետեւ Ծառուկյանը արտասահմանում է]», – ասաց նախկին արտգործնախարարը։

«Ընկել են մասնավոր հիմնադրամի ետեւից»


Անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսական գործունեության նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը՝ Օսկանյանը տարակուսեց, որ իր խոսքով՝ «թաղված ատկատների եւ կաշառակերության մեջ, ընկել են մասնավոր հիմնադրամի ետեւից, որը միայն նպաստում է Հայաստանի իմիջի բարձրացմանը»։

«Ես իսկապես կոչ եմ անում իշխանություններին, որ «Սիվիլիթասին» հանգիստ թողնեն, մեր աշխատանքը միայն ու միայն նպաստում է ե՛ւ պետականության կայացմանը, մեր երկիրը դրսում դրական ներկայացնելու, եւ միայն դրանից կարելի է օգուտ ունենալ։», – հավելեց նա։

Մարտի 1-ի ելույթը «սխալ համատեքստում է ներկայացվում»


Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ ի՞նչ ետահայաց գնահատական կտայիք Մարտի 1-ի ողբերգական օրը ունեցած ձեր ելույթին, եւ արդյոք այսօր կկրկնեի՞ք այդ ելույթը, Օսկանյանը եւս մեկ անգամ ճշգրտեց, որ իր ելույթը հաճախ սխալ համատեքստում է ներկայացվում: Նրա խոսքով, այդ ելույթը միտված է եղել ողբերգությունը կանխելուն, քանի որ հնչել է մինչ հայտնի դեպքերը, եւ եղել է միանգամայն անկեղծ. – «Որովհետեւ իմ մոտ պետականության նկատմամբ պատասխանատվությունը իսկապես շատ խորն է, ես հիմա հակված եմ ասելու, որ այո՝ նույնիսկ իմանալով հետեւանքները, իմանալով այն քննադատությունը, որ իմ հասցեին արվում է, նաեւ քաղաքական շահարկումները։ Որովհետեւ իսկապես իմ ցանկությունը ինչ-որ բան կանխելն է եղել, պատասխանատվության զգացումից դրդված՝ կասեի՝ այո»։
XS
SM
MD
LG