Մատչելիության հղումներ

Սոցիալական ոլորտում խախտումները դրական զարգացումներից շատ են


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը իր 2012 թվականի տարեկան զեկույցի սոցիալական հատվածն է հրապարակել, որում բազմաթիվ խախտումներ է մատնանշել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց պաշտպանի գրասենյակի իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդեւանյանը, 2012 թվականի ընթացքում նախարարության գործունեության ոլորտում կատարված ուսումնասիրությունների արդյունքում գոնե առերեւույթ, խախտումներն ավելի շատ են, քան դրական զարգացումները:

Մարդու իրավունքները խախտողների շարքում են հաշմանդամության կարգ սահմանող բժշկասոցիալական փորձաքննության մարմինները: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում այս ոլորտից ստացված բողոքների հիման եզրահանգել են, որ իրավասու մարմինների ցուցաբերած հայեցողական գնահատման հետեւանքով հաշմանդամության կարգի սահմանման բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել: Երբեմն հաշմանդամության կարգը հատկացվում է հանձնաժողովի անդամների սուբյեկտիվ գնահատականների վրա:

«Եթե գնահատման հետ կապված հայեցողության հնարավորությունը դեռեւս առկա է, այդ մասով մենք դեռեւս չենք կարող բացառել բոլոր այն կոռուպցիոն դրսեւորումները, որոնք առկա են այս ոլորտում: Այդ փորձաքննություններին առնչվող բողոքները շատ են», - ասաց Վարդեւանյանը:

Վարդեւանյանը սուբյեկտիվ գործոններից զերծ մնալու համար առաջարկում է որոշակի կոնկրետացումներ կիրառել, ինչի պայմաններում հաշմանդամության կարգ հատկացնելու ժամանակ հանձնաժողովի անդամները սուբյեկտիվ մոտեցում չեն կարողանա ցուցաբերել:

«Այսինքն հնարավոր է գոնե որոշ չափով սպառիչ ցանկ կազմել` ըստ այն փորձի, որն իրենք ունեն, եւ հստակ ամրագրեն, որ եթե ախտորոշումը սա, ապա այդ դեպքում շնորհվում է այս կարգը: Կա կոնկրետացման անհրաժեշտություն», - շեշտում է պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչը:

Ինչպես այս, այնպես էլ արձանագրված մյուս խախտումների վերացման հիմքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կարեւորում են իշխանության կողմից քաղաքական կամքի ցուցաբերումը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ սոցիալական ոլորտում արձանագրված մարդու իրավունքների խախտումներից են գործատուների կողմից աշխատողների նկատմամբ ցուցաբերած անօրինականությունները: Երբեմն գործատուները աշխատանքի են վերցնում առանց աշխատանքային պայմանագրի պայմաններով, աշխատավարձ չեն վճարում, իրենց հարմար ժամանակ աշխատողին ազատում են աշխատանքից, վերջնահաշվարկ չեն կատարում, արձակուրդի համար չեն վճարում: Արամ Վարդեւանյաննն ասում է, որ Աշխատանքային օրենսգիրքը բարեփոխումների ու նաեւ կիրառման կարիք ունի: Պաշտպանի գրասենյակը այս հարցում կարեւորում է նախարարության կազմում գործող Աշխատանքային պետական տեսչության վերահսկողական դերը, որը, սակայն, սահմանափակվում է միայն բողոքների հիման վրա ստուգումներով:

«Իհարկե, մենք պետք է այդ փաստը արձանագրենք, որ համապատասխան պետական մարմինը պարտավոր է ի շահ քաղաքացիների սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել այս դեպքերը», - ասաց Վարդեւանյանը:

Պաշտպանն իր 2012-ի տարեկան զեկույցում բարձրացնում է երեխաների, հաշմանդամների, թոշակառուների իրավունքների խախտումներ: Նախարարությունը «Պետական թոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ կիրառել է սեփական մեկնաբանությամբ ի վնաս քաղաքացիների, ինչի իրավունքը չուներ, նշված է զեկույցում: Այս փաստաթղթերում անդրադարձ կա նաեւ կառավարության կողմից երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2012 թվականների ազգային ծրագրի ընդհատմանը: Ծրագրի ժամկետը չավարտած, կառավարությունն այն կիսատ է թողել ու մեկ այլ ծրագիր է ընդունել: Սա վկայում է հետեւողականության բացակայության մասին, նշվում է զեկույցում:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պաշտպանի զեկույցին կարձագանքի ավելի ուշ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG