Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կրկին կոչ է անում «լիարժեք կերպով հետաքննել» Մարտի 1-ի սպանությունները


Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե

Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Եվրախորհրդարանում հայտարարել է, թե չնայած 2012 թվականի խորհդարանական եւ 2013 թվականի նախագահական ընտրությունները «հիմնականում թափանցիկ էին եւ լուրջ ջանքեր էին գործադրված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վիճակը բարելավելու ուղղությամբ», այդուամենայնիվ «անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանություններն է'լ ավելին անեն՝ հատկապես օրենքների գործարկման եւ կիրարկման ուղղությամբ»:

Ետխորհրդային 6 երկրներում 2012-ին արձանագրված ձեռքբերումների ու բացթողումների վերաբերյալ զեկույցում Հայաստանի մասով պաշտոնական Բրյուսելը նշում է, որ «իշխանությունները շարունակել են առողջ մակրոտնտեսական քաղաքականությունն ու կառուցվածքային բարեփոխումները»` միաժամանակ տալով 15 հանձնարարական՝ հետագայում հարաբերություններն է'լ ավելի սերտացնելու համար:

Դրանցից առաջինը վերաբերում է անցած խորհրդարանական ու նախագահական ընտրություններին: Բրյուսելը, մասնավորապես, կոչ է անում Հայաստանի իշխանություններին հետամուտ լինել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդների արձանագրած բացթողումներին ու մտահոգություններին եւ կատարել նրանց հանձնարարականները, այդ թվում՝ բարեփոխել ընտրական օրենսդրությունը նախագահական ընտրություններից հետո:

Երկրորդ կետով Բրյուսելը վերստին կոչ է անում լիարժեք կերպով հետաքննել 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունները, ինչպես նաեւ ոստիկանության հասցեին հնչած մեղադրանքները՝ կալանավայրերում վատ վերաբերմունքի եւ խախտումների վերաբերյալ:

Երրորդ կետով Բրյուսելը կոչ է անում Հայաստանի կառավարությանը արագացնել ջանքերը Ադրբեջանի հետ մադրիդյան սկզբունքների շուրջ համաձայնության գալու ուղղությամբ, ինչպես նաեւ երաշխավորել Եվրամիության ներկայացուցիչների անարգել մուտքը Լեռնային Ղարաբաղ ու շրջակա տարածքներ:

Նշենք, որ վերջին երկու հանձնարարականները նույնությամբ նշված են նաեւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում, որի իշխանությունները, սակայն, ի տարբերություն Հայաստանի, առայժմ հրապարակավ համաձայնություն չեն տվել Եվրամիության դիվանագետների համար անարգել մուտք ապահովեու առաջարկին:

Հայաստանի կառավարությանը տրված հանձնարարականների շարքում Եվրամիությունը նաեւ կոչ է անում ակտիվացնել պայքարը կոռուպցիայի դեմ, է'լ ավելի մեծ ջանքեր գործադրել մրցակցային տնտեսական միջավայր ստեղծելու, ինչպես նաեւ լրատվամիջոցների բազմակարծությունը երաշխավորելու, իրավապահ ու դատական համակարգերը բարեփոխելու ուղղությամբ:

Եվրամիության պաշտոնյաները ընդգծում են, որ նաեւ այս հանձնարարականների կատարումից է կախված, թե ինչպիսի քաղաքական ու տնտեսական աջակցություն կստանա Հայաստանի կառավարությունը Բրյուսելից, եւ ինչպիսին կլինեն երկկողմ հարաբերություններն առաջիկայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG