Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը մեծ նշանակություն է տալիս Երեւանի ընտրություններին


«Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի ասուլիսը Ազատության հրապարակում, 20-ը մարտի, 2013

«Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի ասուլիսը Ազատության հրապարակում, 20-ը մարտի, 2013

Արդեն 10 օր հացադուլի մեջ գտնվող նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս Երեւանի ավագանու մայիսի 5-ին կայանալիք ընտրություններին եւ այդ ընտրություններում իրենց հաջողությունը համարում է սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու ուղիներից մեկը:

Այդ մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե` եթե իշխանությունները չարձագանքեն «ինքնաբացարկի եւ համապետական այլընտրանքի» վերաբերյալ առաջիկա օրերին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից ներկայացվելիք առաջարկներին, կամ մերժեն դրանք, ի՞նչ է անելու «Ժառանգություն»-ը եւ այլեւս պայքարի ի՞նչ սահմանադրական ճանապարհ է մնում:

«Սահմանադրական ճանապարհը մի քանի բաղադրիչ ունի: Նախ եւ առաջ ընթանում է քաղաքական պայքար, եւ այդ քաղաքական պայքարը շարունակվելու է մինչեւ հաղթանակ: Երկրորդը` այդ քաղաքական պայքարի շրջանակներում նաեւ ընտրական գործընթացներն են, որին մենք մասնակցելու ենք, քաղաքական պայքարի հիմնական հոսանքին զուգահեռ մենք փորձելու ենք նաեւ հաղթել ՏԻՄ ընտրություններում, տվյալ դեպքում` Երեւանի ավագանու ընտրություններում: Իհարկե, մենք տեսնում ենք, որ Երեւանի դերակատարումն ու Երեւանի կշիռը ընդհանրապես Հայաստանում բավականին մեծ է, առնվազն 1/3-րդն է բնակչության թվով, եւ կեսից ավելին արդյունաբերության եւ տնտեսական ծավալների առումով: Մենք մեծ նշանակություն ենք տալիս ավագանու ընտրություններին, եւ ես վստահ եմ, որ Երեւանում մենք հաղթելու ենք», - հայտարարեց Խուրշուդյանը:

Երեւանի ավագանու ընտրություններին, կոալիցիոն Հանրապետականից եւ «Օրինաց երկրից» բացի, մասնակցում են նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ը, Հայ ազգային կոնգրեսը եւ ՀՅ Դաշնակցությունը: Հարցին, թե այս իրավիճակում ավելի նվազ չեն համարո՞ւմ իրենց հաղթելու հնարավորությունները, «Ժառանգության» խոսնակը պատասխանեց. - «Մի կողմից շատ ողջունելի է, որ այն ուժերը, որոնք, ցավոք սրտի, ձեռնպահ մնացին պայքարից նախագահական ընտրությունների ժամանակ, այս պահին համարեցին, որ ընտրություններով հնարավոր է ինչ-որ բան փոխել: Այսինքն նախագահական ընտրություններով իրենք չհամարեցին, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, իսկ ավագանու ընտրություններով համարում են, որ կարելի է փոխել: Ողջունելի է իրենց դիրքորոշման փոփոխությունը, թեկուզ ուշացած: Ամեն դեպքում, կարծում եմ, որ համատեղ պայքար է լինելու եւ իրենք էլ իրենց մասնակցությունը կունենան այդ պայքարի մեջ, համենայնդեպս, նաեւ ժողովրդի քվեները պահելու գործում: Մյուս կողմից, որեւէ խնդիր չեմ տեսնում, որ ընդդիմադիր ուժերը համագործակցեն նաեւ ավագանիում` Երեւանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար»:

Երեւանի ավագանու ընտրություններում ընդհանուր վերահսկողական գործընթաց սկսելու` ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի առաջարկի վերաբերյալ Հովսեփ Խուրշուդյանը դրական արտահայտվեց` իրենց պատրաստակամությունը հայտնելով միանալ նման գործընթացների: Զուրաբյանը, ինչպես հայտնի է, առաջարկում է ձեւավորել քառակողմ ձեւաչափ խորհրդարանում ներկայացված ոչ իշխանական կուսակցությունների մասնակցությամբ եւ համագործակցել մի քանի նպատակների շուրջ, մասնավորապես չքննադատել իրար, եւ քննադատության թիրախ դարձնել միայն իշխանությանը, օգտագործել չորս քաղաքական ուժերի ռեսուրսները ընտրությունները վերահսկելու համար:

«Իհարկե, այդ վերահսկողությունը ողջունելի է: Մենք ինքներս այդ վերահսկողությունը իրականացնելու ենք: Բնականաբար, մենք պատրաստ ենք նաեւ համագործակցել այդ հարցում տարբեր ընդդիմադիր ուժերի հետ», - ասաց նա:

Անդրադառնալով ԲՀԿ-ի հետ համագործակցելու հնարավորությանը` Խուրշուդյանն ասաց. - «Ցանկացած քաղաքական ուժի հետ, որը իրապես մտահոգ է, այլ ոչ թե ձեւ է տալիս, որ մտահոգ է այս երկրում եւ այս պարագայում` Երեւանում ստեղծված իրավիճակը հաղթահարելու հարցում, մենք պատրաստ ենք համագործակցել»:

«Ժառանգություն» կուսակցությունը վաղը` մարտի 21-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացնի ավագանու ընտրություններում իր ցուցակը, որից հետո այն կհրապարակվի: Խուրշուդյանը ոչ հերքեց, ոչ հաստատեց այն լուրերը, որ ցուցակը կգլխավորի կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է ավագանու ընտրություններին մասնակցությունից զատ կուսակցության հետագա քայլերին, Ազատության հրապարակում այսօր երեկոյան էլ շարունակվեցին հանրային քննարկումները այդ թեմայի շուրջ: Հովհաննիսյանի պայքարին միացած տարբեր քաղաքական եւ հասարակական գործիչներ ելքը տեսնում են ստվերային կառավարության ձեւավորման մեջ: Այսօր նմանատիպ առաջարկով հանդես եկավ Շուշիի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Վերջերս Սերժ Սարգսյանը, հիշելով Րաֆֆի Հովհաննիսյանին իր երեք խորհուրդները, հիշատակել էր մի միտք` տարբերակներից մեկն այն է, որ կգնաս Ազատության հրապարակ, կսկսես ձեւավորել զուգահեռ իշխանություն, այն ժամանակ ձեզնով կզբաղվեն իրավապահ մարմինները: Սա մեզ մատնացույց է անում, որ ճիշտ ուղին սա է: Եթե նա կարծում է, որ իր սպառնալիքով մեզ պիտի վախեցնի, չարաչար սխալվում է: Հակառակը` մեզ օգնում է հասկանալ, որ ճիշտ ուղին սա է: Եվ քանի որ մեր գործելու ենք ամբողջությամբ գործող Սահմանադրության շրջանակներում, նրանք եթե համարձակվեն դիմել ռեպրեսիվ միջոցների, այդ որոշումը իրենց կտանեն միայն իրենց բուրգի շուտափույթ քանդմանը», - ասաց Սեֆիլյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր որոշումը կկայացնի քաղաքական եւ հասարակական գործիչների բոլոր առաջարկները Ազատության հրապարակում լսելուց հետո:

Հավելենք, որ Հովհաննիսյանի ծնողները ԱՄՆ-ից այսօր Հայաստան են ժամանել իրենց որդուն զորակցություն հայտնելու նպատակով: Մայրը` Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը, մի քանի ժամ առաջ եկավ Ազատության հրապարակ, բարեւեց հավաքվածներին, համբուրեց մանկահասակ երեխաներին եւ նստեց որդու կողքին: Տիկին Վարդիթերը այսօր չցանկացավ հարցազրույց տալ` փոխանցելով, որ մեկնաբանություններով հանդես կգա առաջիկա օրերին:
XS
SM
MD
LG