Մատչելիության հղումներ

«Մեզ համար խնդիրը փակված է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Գալուստ Սահակյանը` արձագանքելով Ազատության հրապարակում երեքշաբթի օրը կայացած ասուլիսում «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած հայտարարություններին։

Հայաստանի նախագահի նախկին թեկնածուն երեկ հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում լրագրողների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանի արած մի շարք պնդումներ, որ առաջիկա օրերին առաջարկներ կուղարկի Սարգսյանին, որոնցից մեկը կենթադրի ինքնաբացարկ, մյուսը` համապետական այլընտրանք, եւ որ ապրիլի 9-ին լինելու է նոր Հայաստանի երդմնակալությունը։ «Ես ենթադրում եմ, որ մեր զինվորները, ոստիկանները իրենց պարտականությունների մեջ կլինեն, եւ ո՛չ իրենք, ո՛չ քաղաքացիները իրար նկատմամբ ձեռք չեն բարձրացնի», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Կարծում եմ, կարող է նաեւ խորհուրդ տալ մյուս թեկնածուներին, որոնք մասնակցել են, առանձին-առանձին էդպես երդմնակալությամբ զբաղվել։ Մեզ համար խնդիրը փակված է Սահմանադրական դատարանի վճռից հետո», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը։

Իշխող կուսակցության փոխնախագահը Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը բացատրեց այլեւս ասելիք չունենալով` համոզմունք հայտնելով, որ հստակ ծրագիր չներկայացնող «Ժառանգության» առաջնորդը այդ քայլին է դիմել «չհեղինակազրկվելու համար»։

«Հետո մի տեսակ ոնց որ թե արդեն, մեր ժողովրդական լեզվով ասեմ` բառը հայկական չի, ոնց որ թե խասյաթ է դառնում, որ պատեհ-անպատեհ կարելի է նստել հացադուլի։ Նախագահ չդառնալու համար հացադուլ անել` կարծում եմ, խրախուսելի չի», - հայտարարեց Սահակյանը։

Ի պատասխան հիշեցման, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, թե ինքը դարձել է նախագահ, սակայն իրեն թույլ չեն տվել պաշտոնապես հաղթել ընտրություններում` կեղծիքներ անելով, Հանրապետականի փոխնախագահը ասաց. - «Ի միջի այլոց, ինքնակոչությունն էլ է Սահմանադրության խախտում, պարզապես չեմ ուզում ավելի կոշտ բառեր ասել, չեմ էլ ուզում էդպես մեծ հետեւություններ անել։ Կարծես թե պատմության մեջ, եթե հետազոտում ենք, մի քանի թագավորներ ենք ունեցել նույն տարածքում, անընդհատ խժդժություններ։ Մենք էս ամեն ինչը գիտակցելով` փորձում ենք լուծումներ տալ։ Իսկ լուծումները ինքնաբերաբար հենց լուծեց ինքը Րաֆֆի Հովհաննիսյանը` իրեն դնելով նման իրավիճակի մեջ, որը իրոք ցավալի է մեզ համար»։

Հարցին` ճի՞շտ է համարում արդյոք, որ Հայաստանի նախագահ, Հանրապետականի առաջնորդ Սերժ Սարգսյանը չի այցելում Րաֆֆի Հովհաննիսյանին եւ ասել է, որ մտադիր էլ չէ այցելել, Գալուստ Սահակյանը արձագանքեց. - «Գիտեք, պատշաճության այց հնարավոր է, դա մարդու կամքից է։ Ես, օրինակ, ինքս էլ չեմ այցելում, որովհետեւ եթե պիտի այցելեմ, եւ արդյունքներ պիտի չձեւավորվեն` հենց էն առումով, որ կամ ինչ-որ մի բանով օգտակար պիտի չլինեմ, որ առողջության քայքայման պրոցեսը կանգնեցնի Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչո՞ւ եմ այցելում։ Հետո, մի տեսակ, էսպես նայում եմ, որ կարծեք թե ոչ թե գնում են միայն նրա համար, որ ինչ-որ մի բան խորհրդակցեն, այլ գնում են, որպեսզի ցույց տան, որ իրենք էլ բավականին հերոսացման իրավիճակում են, եւ դա մի մեծ քայլ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հանդիպել են։ Րաֆֆի Հովհաննիսյանի համար ընդամենը անհրաժեշտ է ցավալ»։

«Այսինքն, նա այլեւս ոչ մի շանս չունի՞ որեւիցե իրավիճակ փոխել», - այս հարցին Հանրապետականի փոխնախագահը պատասխանեց. - «Շանս ունենալու համար, եթե հեռահար ծրագրեր ունի, պիտի կուռ ընդդիմություն ներկայանա հասարակության առջեւ։ Դա արդեն փակված է էդ խնդիրը»։

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG