Մատչելիության հղումներ

Բաքուն ցանկանում է սահմանափակել ԵԱՀԿ գրասենյակի լիազորությունները


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը (աջ) հանդիպում է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Քորայ Թարգայի հետ, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը (աջ) հանդիպում է Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Քորայ Թարգայի հետ, արխիվ
Պաշտոնական Բաքուն աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից ամիսներ առաջ ուժեղացնում է ճնշումը եվրոպական թերեւս ամենաազդեցիկ կառույցներից մեկի` ԵԱՀԿ-ի նկատմամբ:

Ընդամենը մի քանի օր առաջ ադրբեջանական ոստիկանությունը խափանեց ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող միջոցառումներից մեկը` ձերբակալելով մի շարք քաղաքական կուսակցությունների երիտասարդական թեւերի ակտիվիստներին: Ուշագրավ է, որ ձերբակալվածների մեջ էին նաեւ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության երիտասարդ անդամները, որոնք ընդդիմադիրների հետ միասին հրավիրված էին ԵԱՀԿ-ի սեմինարին:

Այս միջադեպին զուգահեռ Ադրբեջանը փորձում էր ավելի ինստիտուցիոնալ մեթոդներ գտնել` երկրի տարածքում ԵԱՀԿ գործունեությունը սահմանափակելու համար: «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության տրամադրության տակ է հայտնվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի` մարտի 6-ով թվագրված նամակը` ուղղված ԵԱՀԿ նախագահող պետության` Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լեոնիդ Կոժարային:

Իր ուկրաինացի պաշտոնակցին ուղղված նամակում Մամեդյարովը, մասնավորաբար, գրում է. - «Լիովին հավատարիմ մնալով ԵԱՀԿ արժեքներին` մենք կարծում ենք, որ կազմակերպության եւ Ադրբեջանի համագործակցությունը պետք է համապատասխանի ներկա իրողություններին: Այդ իսկ պատճառով ճիշտ ենք համարում Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի ձեւաչափը փոխարինել համակարգողի պաշտոնով»:

Ադրբեջանական կողմի առաջարկը միայն առաջին հայացքից է նշանակում Բաքվում ԵԱՀԿ ներկայացուցչի պաշտոնի պարզ փոփոխություն: Իրականում, ըստ ադրբեջանական կողմի, Բաքվում ԵԱՀԿ համակարգողը պետք է իրականացնի միայն այն գործողությունները, որոնք հավանության են արժանացել ադրբեջանցի պաշտոնյաների կողմից:

«ԵԱՀԿ համակարգողը կյանքի կկոչի կազմակերպության եւ Ադրբեջանի միջեւ իրականացվող այն ծրագրերը, որոնք հաստատվել են ադրբեջանական արտգործնախարարության կողմից», - առաջարկում է Մամեդյարովը` հատուկ նշելով, որ համակարգողը կփոխարինի ԵԱՀԿ Բաքվի գրասենյակը, իսկ նրա մանդատը ոչ թե տարեկան է լինելու, ինչպես գրասենյակի պարագայում է, այլ կթարմացվի կես տարին մեկ:

ԵԱՀԿ ներկայացուցիչները առայժմ չեն մեկնաբանում ադրբեջանական կողմի առաջարկը` նշելով միայն, որ Մամեդյարովի նամակը Վիեննայում` ԵԱՀԿ կենտրոնակայանում ստացել են եւ ուսումնասիրում են:

«Այժմ Էլմար Մամեդյարովի նամակում տեղ գտած առաջարկների շուրջ քննարկումներ են ընթանում ԵԱՀԿ անդամ պետությունների ներկայացուցիչների հետ: Դրանց մանրամասները, սակայն, չեն հրապարակվում, քանի որ քննարկումները գաղտնի են», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է ԵԱՀԿ մամուլի խոսնակի տեղակալ Ֆրանե Մարոեւիչը:

Ադրբեջանցի վերլուծաբանների համոզմամբ` կտրուկ կերպով ԵԱՀԿ լիազորությունները երկրի տարածքում կրճատելու Բաքվի առաջարկը բավական տարօրինակ է` հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընդդիմությունը եվրոպական այլ կառույցից արդեն բավական տեւական ժամանակ է ինչ խիստ դժգոհ է: Արդբեջանցի ընդդիմադիրները սուր քննադատության են ենթարկում ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի ղեկավար, ազգությամբ թուրք Քորայ Թարգային, որն առիթը բաց չի թողնում Իլհամ Ալիեւի վարչակազմի հասցեին գովեստի խոսքեր հնչեցնելու համար` պարբերաբար պնդելով, թե Ադրբեջանի իշխանությունները շարժվում են ճիշտ ուղղությամբ:

Բաքվեցի իրավապաշտպան Հաֆիզ Հասանովի կարծիքով` այն, ինչ կատարվում է ԵԱՀԿ Բաքվի գրասենյակի շուրջ, խիստ տրամաբանական է:

«Իշխանությունները սկզբում թուլացրեցին տեղական ոչ կառավարական կազմակերպություններին, այժմ էլ հերթը միջազգային կառույցներինն է», - ասում է Հասանովը:

Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեի կարծիքով էլ` Մամեդյարովի նախաձեռնությունը կապ ունի բացառապես առաջիկա նախագահական ընտրությունների հետ:

«Լուրջ հարց է` արդյոք ԵԱՀԿ-ն կճանաչի՞ առաջիկա ընտրությունների լեգիտիմությունը: Այդ իսկ պատճառով էլ որոշակի անհանգստություն կա եւ ցանկություն իշխանությունների կողմից` ԵԱՀԿ-ն ավելի կառավարելի դարձնել», -նշում է Գուլուզադեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG