Մատչելիության հղումներ

«Մեր տեսակետը հնչեցնելու ավելի լավ միջոց, քան երգերն են, չկա»


«Ոստան Հայոցը» հայկական ամենահայտնի ռոք խմբերից է:

Այն արդեն 27 տարեկան է: Ինպես նշեց խմբի մենակատար Հովհաննես Կուրղինյանը «Ոստանի» երգերը չեն կարող անտարբեր թողնել ոչ մի հայ մարդու, սակայն թե' նրան, թե' խմբի երգերի մեծ մասի հեղինակ, բաս կիթառահար Արեգ Նազարյանին այդքան էլ չի ուրախացնում այն փաստը, որ իրենց երգերը դեռ ակտուալ են:

«Անձնական ամբիցիաների տեսանկյունից ուրախ ենք, բայց ընդհանուր իրավիճակից ելնելով տխրում ենք, քանի որ սպասում էինք, որ պիտի լինի հաջորդ քայլը դեպի վերեւ, դեպի Հայաստանի իրական զարգացում, որովհետեւ այս փայլուն լույսիկները ոչ ոքի չեն խաբի, երբ դա տեղի չունեցավ, դա այդքան էլ հաճելի չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին Հովհաննես Կուրղինյանը եւ Արեգ Նազարյանը:

Խումբը գործում է ընդհատումներով եւ վերջին 7 տարիների ընթացքում անդամները հանդիպում էին փառատոնից փառատոն, քանի որ տարբեր երկրներում են ապրում:

«Պարզ պիտի ասենք, որ դա լավ կյանքից չէ, որովհետեւ հանգամանքները ստիպում են, որ ֆինանսական, սոցիալական հաստատման համար գնալ երկրից», - ասացին խմբի անդամները:

1995 թվականից հանդես են գալիս անփոփոխ կազմով, սակայն 27 տարիների ընթացքում խմբում անդամները փոխվել են, փոխվել է նաեւ իրենց տարիքը եւ այժմ փորձում են գրել կատարման համար ավելի մատչելի ստեղծագործություններ. - «Արեգից խնդրում ենք, որ մեր համար ավելի պարզ երաժշտություն գրի՝ կատարելու իմաստով, քանի որ մի քիչ մեծացել ենք եւ ֆիզիկական խնդիրներ էլ են առաջանում, հոգնում ենք», - նշեց Հովհաննես Կուրղինյանը:

Մարտի 16-ին «Ոստան Հայոցը» ելույթ ունեցավ Ազատության հրապարակում, ի աջակցություն նախագահական ընտրությունների պաշտոնական արդյուքնենրով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի, ով այժմ հացադուլ է անում հրապարակում: Մեզ հետ զրույցում խմբի անդամները նշեցին, որ այդպիսով արտահայտում են իրենց դիրքորոշումը, քանի որ իրենց տեսակետը հնչեցնելու ավելի լավ միջոց, քան իրենց ստեղծագործություններն են, չկա:

Ի՞նչ լուծում կստանա ներկա քաղաքական իրավիճակը հացրին հնչեց հետեւյալ պատասխանը. -
«Անկեղծ ասեմ, իմանալով մեր իշխանություններին, ես քիչ եմ հավատում, որ հարցի լուծում այս անգամ կլինի, բայց սա իսկապես մեծ քայլ է, ժամանակ կանցնի, եւս մի քանի տարի եւ իշխանափոխությունը կդառնա սովորական, ոչ վախենալու իշխանության եւ իշխանավորների համար», - ասաց Արեգ Նազարյանը:

«Երբ ինձ հարցնում են, թե ինչպես եմ տեսնում ապագան, ես ասում եմ, որ գիտեմ, որ Հայաստանը պիտի ունենա հիանալի ապագա, ընդամենը ժամանակի խնդիր է, մի սերունդ էլ կփոխվի, եւ ամեին ինչ կընկնի իր տեղը, որովհետեւ այն, ինչ կատարվում է, չի կարող երկար շարունակվել», - ասաց Հովհաննես Կուրղինյանը:
XS
SM
MD
LG