Մատչելիության հղումներ

logo-print
Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ նախարարությունը «արդյունավետ եւ բավարար քայլեր չի ձեռնարկվել հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման եւ ջեռուցման բարելավման համար»:

Պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների վարչության պետ Մանուշ Միրզոյանն «Ազատություն» ռադիկայանի հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրության համաձայն, Հայաստանի դպրոցների մոտ 30 տոկոսը դեռեւս ապահովված չէ ջեռուցման համակարգերով. այդպիսի 28 դպրոց կա Երեւանում, 422 դպրոց մարզերում:

«Եթե ջեռուցում չկա, նշանակում է` տաքացնում են այլ միջոցներով ու հաճախ չեն կարողանում նորմալ ջերմաստիճան ապահովել ու ապահովել պայմաններ երեխաների կրթության իրավունքի րացման համար», - ասաց Մանուշ Միրզոյանը:

Զեկույցը մեկ այլ կետով նշել է, որ «լուրջ մտահոգության տեղիք է տալիս, որ որոշ բուհերում գործող ուսանողական խորհուրդները քաղաքականացված են, ինչը ծայրահեղ բացասական ազդեցություն է ունենում ուսանողների շահերի վրա»: Մանուշ Միրզոյանը մանրամասնեց, որ ուսանողական խորհուրդները ստեղծված են բոլոր ուսանողների շահերը հավասարապես բուհի դասախոսական կազմին ու ղեկավարությանը ներկայացնելու ու դրանք պաշտպանելու համար, «իսկ քաղաքականացված ուսխորհուրդը հետապնդում է քաղաքական շահեր»:

Այժմ Ազգային Ժողովի օրակարգում է կառավարության հեղինակած օրեսդրական նախաձեռնությունը, որով պետք է փոփոխություններ կատարվեն «Հանրակրթության մասին» օրենքում: Երբ արդեն փոփոխված օրենքն ուժի մեջ մտնի, պետությունը կպարտավորվի ներառական կրթություն ապահովել բոլոր դպրոցներում, ինչը թույլ կտա հատուկ կարիքներ ունեցող երեխաներին մյուսների նման առանց արգելքների հաճախել հանրակրթական դպրոցներ:

«Տվյալ պահին դեռեւս բավարար չեն ներառական կրթական համակարգի ներդրման համար կատարվող քայլերը: 1400 դպրոցներից միայն 98-ն են իրականացնում ներառական կրթություն: 2011-2015 թվականների կրթության ոլորտի պետական ծրագիրը նախատեսում է, որ բոլոր դպրոցները պետք է իրականացնեն ներառական կրթություն», - ասաց Միրզոյանը:

Կրթության ոլորտում առկա խնդիրներից հաճախ բարձրաձայնվող դասագրքերի խրթնության հարցը նույնպես արծարծվում է զեկույցում: Զեկույցի հեղինակներին անհանգստացրել է այն, որ գրքերը չեն ենթարկվում օրենքով պարտադիր փորձաքննության, քանի որ դեռեւս չկա իրավական ակտ, որը կամրագրեր, թե ում կողմից ու ինչպիսի փորձաքննության պետք է ենթարկվեն դպրոցական դասագրքերը: Մանուշ Միրզոյանն ասաց, որ նախարարությունն ունի մշակված հատուկ կարգ, բայց այն դեռեւս իրավական ակտ չէ:

Պաշտպանի գրասենյակը նաեւ նկատել է «Հետբուհական կրթության մասին» օրենքի ու Կառավարության որոշման մեջ հակասություն. ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվում է, որ «Գնահատման ու թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը արտոնված է անցկացնել բուհական ընդունելության քննություններ, այնինչ «Հետբուհական կրթության մասին» օրենքն ասում է, որ ցանկացած բուհ ինքնություն կարող է անցկացնել քննություն եւ ընտրել իր ապագա ուսանողներին:

Զեկույցը նաեւ առանձնացնում է մի շարք դրական զարգացումներ կրթության ու գիտության ոլորտում. դրական է գնահատվում այն ծրագիրը, որը տարրական դասարանների մոտ 700 դպրոցների աշակերտներին ապահովվում է սննդով: Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրական է գնահատվում նաեւ երկրի 98 դպրոցներում ներառական կրթության հնարվորության ապահովումը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ նախարարությունը զեկույցի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից եւ պաշտոնապես չի ստացել այն Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

«Երբ ստանանք, անպայման կմեկնաբանենք», - ասաց Աշոտյանը:
XS
SM
MD
LG