Մատչելիության հղումներ

«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում ապրիլի 11-ին Երեւանում ելույթ կունենա հանրահայտ Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբը:

«Այս նվագախումբը դասական երաժշտության իրական դեմքն է ամբողջ աշխարհում: Նույնիսկ Ավստրիայում շատ բարդ է այս նվագախմբին լսել, քանի որ աբոնեմենտներով են համերգները», - ասաց փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանը:

Նվագախմբի կատարմամբ Երեւանում կհնչեն Շուբերտի եւ Բրամսի ստեղծագործությունները: Վիեննայի ֆիլհարմոնիկը Հայաստան է գալիս երկու մարդատար եւ բեռնատար ինքնաթիռներով: Նվագախմբի հետ Հայաստան կժամանի նաեւ հանրահայտ դաշնակահար Եֆիմ Բրոնֆմանը, ում, փառատոնի մենեջեր Սոնա Հովհաննիսյանի խոսքով, 2004 թվականից փորձում են հրավիրել Հայաստան:

Բացի Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբից փառատոնի շրջանակներում այս տարի Հայաստանում ելույթ կունենան նաեւ Սիդնեյի սիմֆոնիկ նվագախումբը, Շանհայ քառյակը, Յուրի Բաշմետը, դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը:

Հարցին՝ արդյոք հնարավո՞ր չէ, որ հայ երաժիշտները ելույթ ունենան այս նվագախմբերի հետ, փառատոնի կազմակերպիչները նշեցին, որ աշխատում են այդ ուղղությամբ եւ Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ հայ մենակատար ելույթ կունենան, սակայն դեռ չի որոշվել, թե` ով:
XS
SM
MD
LG