Մատչելիության հղումներ

Վրաստանի ՆԳ նախարար. Ջավախքում սպառնալիք չկա


Տեսարան Ջավախքի Ախալքալաք քաղաքից, արխիվ

Տեսարան Ջավախքի Ախալքալաք քաղաքից, արխիվ

Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Ղարիբաշվիլին այսօր հայտարարել է, որ հայաբնակ Ջավախքում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ նպատակաուղղված կերպով սուտ է տարածվում։

«Ոչ մի սպառնալիք Սամցխե-Ջավախեթիում (Ջավախք) չկա։ Ցանկանում եմ այդ մասին բաց հայտարարել», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է վրաց նախարարը։

Նախօրեին Ղարիբաշվիլին հանդիպել էր նաեւ Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության հետ եւ նույնպես հավաստիացրել, որ Ջավախքում չկա որեւէ սպառնալիք երկրի ազգային շահերին։

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, իր հերթին, այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ խոսք անգամ չի կարող լինել Ջավախքին ինքնավարության կարգավիճակ շնորհելու մասին։

Ջավախքում ապրող հայերը, ասել է Փանջիկիձեն, Վրաստանի քաղաքացիներ են։

«Սամցխե-Ջավախեթիում ինքնավարության հաստատման որեւէ հարց չի դրվում, քանի որ այն Վրաստանի մասն է։ Մենք հատուկ մոտեցում ունենք ազգային փոքրամասնությունների նկատմամբ, սակայն ոչ մի այլ խոսակցություն չկա», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ընդգծել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Վիրահայերը Վրաստանի իշխանություններից պահանջել են անհապաղ վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան, ինչը երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջեւ հակամարտության սրման նոր առիթ է դարձել։ Սաակաշավիլին, պնդում է, թե խարտիայի վավերացումը, ինչին հակված է կառավարությունը, սպառնում է երկրի ազգային անվտանգությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG