Մատչելիության հղումներ

Սուրեն Առուստամյանը հաղթել է Էրիկ Քլեփթոնի մրցույթում


Աշխարհահռչակ երաժիշտ կիթառահար Էրիկ Քլեփթոնի «Slowhand» ձայնասկավառակի 35-ամյակի կապակցությամբ «Cocaine» երգի քավեր-տարբերակների մրցույթի ինտերնետային քվեարկության արդյունքում հաղթել է հայ երգիչ եւ կիթառահար Սուրեն Առուստամյանը:

Մրցույթը հայտարարել էին Էրիկ Քլեփթոնն ու Universal Music Enterprises-ը: Հաղթողները երկուսն են: Իսպանացի Ալբերտո Թրեսգուերեսին ընտրեց Universal Music Enterprises-ի թիմը, իսկ մյուս հաղթողը` Սուրեն Առուստամյանը, ընտրվեց համացանցում ունկնդիրների քվեարկությամբ:

Universal Music Enterprises-ի ընտրած երաժիշտը կստանա 2500 դոլար արժողությամբ Fender «Blackie» կիթառը, «Slowhand» վերաթողարկված ալբոմի վինիլային տարբերակն ու սուպեր-լյուքս հրատարակությունը, եւ նրա աշխատանք կտեղադրվի Էրիկ Քլեփթոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջում։ Իսկ քվեարկությամբ հաղթած Սուրեն Առուստամյանին կշնորհվի այս ամենը, բացի կիթառից:

«Իրենք ինստրումենտալ քավեր էին ուզել: Մտածեցի` բացի ինստրումենտալից նաեւ բառերով երգ ստացվի: Կարող է կանոնների խախտում են նկատել, չգիտեմ, թե ինչով են առաջնորդվել ընտրության հարցում, բայց ամեն դեպքում ամեն ինչ լավ է: Քվեարկողների մեծ մասը հայեր էին, սակայն կային նաեւ արտասահմանցի քվեարկողներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց երգիչը:

Հունվարին տարբեր երկրներից կիթառահարներ մրցույթին մասնակցելու համար ուղարկել էին «Cocaine» երգի` իրենց լավագույն գործիքային քավեր տարբերակների տեսանյութերը։ Սուրեն Առուստամյանի խոսքով` իր տարբերակը հավանության էր արժանացել նաեւ մրցակիցների կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG