Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կապ չունի ապրիլի 8-ի երթի հետ


Արշակ Զաքարյանի մամուլի ասուլիսը Ազատության հրապարակում

Արշակ Զաքարյանի մամուլի ասուլիսը Ազատության հրապարակում

Ռեժիսոր Արշակ Զաքարյանը ապրիլի 8-ին իր նախաձեռնած «մեկ միլիոնանոց երթով» ուզում է անհամաձայնություն հայտնել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

Պնդում է, որ շարժման, դժգոհությունների ալիքը հենց իրենք են բարձրացրել. - «Մենք ասում ենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն է ընտրվել, մենք ոչինչ տարբեր չենք ասում: Մենք անում ենք սա իրենց օգնելու… Իրենց` նկատի ունեմ, ովքեր այսօր ասում են` մենք ենք այս շարժումը տանում… Կօգնենք: Չեն ընդունի` էլի օգնելու ենք, որովհետու մենք ուզում ենք փոխվել»:

Ապրիլի 8-ին այս երթն անցկացնելու նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել սոցիալական ցանցերում, մի քանի տասնյակ մարդիկ` այդ թվում «Ժառանգության» անդամներ, անգամ լքել են ֆեյսբուքյան համապատասխան էջը:

«Վաղը Ազատության հրապարակից թող հայտարարեն, որ մենք պրովոկատորներ ենք, թող հայտարարեն, որ մենք սա անում ենք խափանելու [համար], որ իրենք մեր հետ կապ չունեն», - ասաց Զաքարյանը:

Կեսօրին Ազատության հրապարակում հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, թե իրավասու չէ դեմ կանգնել որեւէ «սահմանադրական, քաղաքացիական նախաձեռնության»:

«Լավ կլինի, որ բոլորս ապրիլի 9-ին այս կամ Հանրապետության հրապարակում, ինչպես որոշվի, միասին լինենք: Բայց մնացածը ազատ են: Ուղղակի թող դա չվերագրեն ինձ: Ես դրա հետ կապ չունեմ», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Զաքարյանի կարծիքով, «Ժառանգություն»-ն իր նախաձեռնությանը չի միանում, քանի որ «անհանգստանում է, որ իշխանությունները կարող են սադրանքի գնալ». - «Ամսի 9-ին Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանատու է ամեն ինչի համար, ամսի 8-ի համար պատասխանատու չէ, որովհետեւ սա ինքնաբուխ, ժողովրդի կողմից կազմակերպված ակցիա է»:

«Ժառանգության» փոխնախագահ Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցելով, որ հանդիպել ու զրուցել են նախաձեռնության հեղինակի հետ` ասաց. - «Ես արդեն սկսում եմ տպավորություն ստանալ, որ ուղղակի ապրիլի 8-ը առաջ է քաշվել ապրիլի 9-ին հակադրելու համար»:

Նախաձեռնությանը միացել է նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, որ այժմ բանակցություններ են ընթանում կազմկոմիտե ստեղծելու ուղղությամբ:

Ավելի ուշ` Ազատության հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ Արշակ Զաքարյանն ասաց, թե պատրաստ է հրաժարվել իր նախաձեռնությունից` եթե այն կարող է խանգարել Րաֆֆի Հովհաննիսյանին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG