Մատչելիության հղումներ

Հարմարվելը վատ է. Նաիրա Մուրադյան


Մուլտիպլիկատոր Նարիա Մուրադյանի ուսանողները նշում են, որ նա այն քիչ մասնագետներից է, ով կարողանում է անել այնպիսի ֆիլմեր, որոնք ինքն է սիրում, որոնք առաջին հերթին իրեն են հուզում, միեւնույն ժամանակ դրանք դուր են գալիս բազմաթիվ մարդկանց:

«Բայց դու հատուկ մարդկանց չես պատկերացնում, ում համար ես անում չէ, դու անում ես էն, ինչ-որ քեզ տանում է էդ ֆիլմում, նոր ճանապարհներ ես բացում: Ինչ-որ տեղ գիտես ֆինալում ինչ կադր ես ուզում, բայց եթե ոնց տանել դրան՝ եթե իմանամ, ինձ հետաքրքիր չի լինի անել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մուլտիպլիկատորը: - «Երբեմն նաեւ կորում ես ֆիլմի մեջ, այդպիսի ֆիլմեր ունեմ, բայց եթե ստեղծելու ընթացքում չես կորցնում ֆիլմի իմաստը, ուրեմն այն հաջողվել է»:

«Շատ անգամ ֆիլմը սկսվում է հնչյունից, ինձ մոտ այն ավելի շուտ է պատկեր ծնում, քան կարդացած պատմությունը», - ասաց մուլտիպլիկատորը:

Վերջերս ավարտված «Բալետ»-ը, որի վրա աշխատել է երեք տարի, սկսվել է Ավետ Տերտերյանի երաժշտությունից: Ֆիլմը մի ընտանիքի պատմություն է. կոպիտ ամուսին, հանդուրժող կին եւ փոքր որդի, որը ոչինչ չի հասկանում նրանց հարաբերություններից: Մի օր բալետային ներկայացման մեջ նրանք տեսնում են իրենց ընտանիքի նման ընատիք:

Մուլտիպլիկատորի ֆիլմերում կոնկրետ ժամանակահատվածի չես հանդիպի: Ամեն դեպքում «Բալետն» առաջին ֆիլմն է, որտեղ մարդիկ այսօրվա են, ընտանիքի մոդելն էլ կարծես շատ հեռու չէ այսօր գոյություն ունեցող բազմաթիվ ընտանիքներից:

«Այսօրվա թեմայից գիտես ի՞նչ է այս ֆիլմում: Այն, որ բռնանալ չի կարելի... Էս ֆիլմը դրա մասին է. եթե բռնանում ես, ուրեմն սիրված չես», - ասաց Նաիրա Մուրադյանը:

Քաղաքի աղմուկից հեռու, փոքրիկ աշխատասենյակում, Ուլիս կատվի հետաքրքրասեր հայացքի ներքո այժմ «Դանթեի» հերթն է, որի 3 րոպեն նկարահանվել է 2000 թվականին` ընկերուհու գումարով: Շարունակության համար որոշակի գումար կտրամադրի Ազգային կինոկենտրոնը, հետո գուցե պրոդյուսեր գտնվի:

Նաիրա Մուրադյանը աշխատանքից ազատվելու դիմում գրեց, երբ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտից թույլ չէին տալիս ուսանողներին դուրս գալ եւ փակեցին մուտքի դռները, որովհետեւ դրսում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները կեղծված համարող ուսանողները դասադուլի կոչեր էին անում:

«Ինձ այդ շարժումը չէր հետաքրքրում, ինձ միայն այն վիրավորեց, որ կարելի է դուռ փակել երիտասարդի առաջ, ով ուզում է մի բան անի, խոսի, հազիվ արթնացել է, որ իր կարծիքը հայտնի ու դու ասում ես, որ դա սխալ է: Դա աբսուրդ է, եթե երիտասարդը այդ տարիքում չկարողանա իրեն դրսեւորի որպես ակտիվ մարդ, հետո պետք չի, որովհետեւ հետո այնքան է խելոքանալու, որ հասկանալու է՝ դա ոչինչ չի փոխելու, իսկ էդ տարիքում որ չանի, խաբելու է իրեն, մտածելու է, որ լավ բան է անում, բայց դա էդպես չի, դա վատ է. հարմարվելը վատ է», - ասաց Նաիրա Մուրադյանը:

«Ինձ ոգեշնչել է, որ գամ ինստիտուտ, հիմա ճիշտն ասած տխրել ենք, որ մեզ չի դասավանդելու, բայց կարծում եմ մեզնից շատ բան է կախված, ուղղակի մեզ առաջնորդ է պետք»:

«Ես շատ զարմացա, չէի սպասում, որ դուրս կգա համալսարանից, բայց եթե ինքը գնաց, ուրեմն երեւի էդպես էր պետք», - ասացին Նաիրա Մուրադյանի նախկին ուսանողները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG