Մատչելիության հղումներ

Շաբաթ օրը մի խումբ երիտասարդներ շաբաթօրյակ անցկացրին Երեւանի Բուսաբանական այգում:

Պատճառը այգում կուտակված աղբն էր, որը Բուսաբանության ինստիտուտի փոխտնօրեն Գագիկ Մովսիսյանի պնդմամբ` հավաքվում է ոչ միայն ինստիտուտի գործունեության արդյունքում, այլեւ հարակից տարածքի բնակիչների ջանքերով, ովքեր իրենց կենցաղային աղբը նետում են այգու պատի վրայով ուղիղ այգու մեջ:

«Մինչեւ բնակելի շենքերի կառուցումը այս խնդիրը մեծ չէր, այժմ բնակիչները իրենց կենցաղային աղբը՝ պլաստիկ շշեր, ապակեղեն նետում են այգու մեջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Գագիկ Մովսիսյանը:

Խորհրդային տարիների 30 աշխատակցի փոխարեն այժմ այգու 80 հեկտար տարածքը հսկում են երկու հոգի` նվազագույն աշխատավարձով, ովքեր չեն կարող բոլոր այցելուներին հսկել:

Աղբահանության համար թաղապետարանին ամսական 11 հազար դրամ են վճարում, իսկ այգու տարածքի աղբահանությունն իրականացնում է «Դավարս» ՍՊԸ-ն: Գագիկ Մովսիսյանը նշեց, որ աղբահանությունը անկանոն է իրականացվել 2012-ի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսները: Հարցին՝ ինչո՞ւ, «Դավարս»-ի փոխտնօրեն Գեւորգ Բալդատյանը պատասխանեց. - «Ընդհատումներով չի կատարվել, եթե այդպես է թող այն ժամանակ արձագանքեին: Պարզապես ձմեռվա մի հատված այգին փակ է: Հիմա սեզոնը բացվել է, ամեն ինչը նորմալ կանենք»:

Այս ընթացքում արդեն մեկ անգամ աղբահանություն իրականացվել է, եւ ընկերության պնդմամբ` իրականացվելու է շաբաթը մեկ անգամ:

Սակայն այգում կուտակված աղբի խնդիրը Բուսաբանական ինստիտուտի ամենամեծ խնդիրը չէ:

«Ոռոգման խնդիր ունենք, որովհետեւ բյուջեով ամեն տարի մեզ նույն գումարն է հասնում, իսկը ոռոգման ջուրը թանկանում է, ստացվում է, որ մենք ավելի քիչ ջուր ենք ստանում: Ջերմատնային, տնկարանային տնտեսությունները, բանվորական համակարգը եւս մեծ խնդիրներ ունեն: Նաեւ գիտական սարքավորումները, որոնք 40-50 տարվա են, պատկերացրեք ստացած արդյունքները ինչպիսին են, շենքերի վիճակը, որ մտնեք նայեք, լացներդ կգա, 3-4 շենք դատարկել ենք, որովհետեւ սարսափելի վիճակում են», - ասաց Մովսիսյանը:

Պետբյուջեից ինստիտուտը տարեկան ստանում է 60 միլիոն դրամ, որը չի բավարարում Երեւանի, ինչպես նաեւ ինստիտուտի Սեւանի եւ Վանաձորի մասնաճյուղերի համար, որոնք փոխտնօրենի խոսքով` ավելի վատ վիճակում են: Երեք հաստատություններում միասին 60 մարդ է աշխատում:

Ինստիտուտի փոխտնօրենը նշեց, որ երեք անգամ ավելի ֆինանսավորում է պետք, որպեսզի հնարավոր լինի պատշաճ կերպով այգին եւ ինստիտուտը օգտագործել: Անցյալ տարի դիմել էին նաեւ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հանձնաժողովին՝ բյուջեով նախատեսված ֆինանսավորում ավելացնելու նպատակով, սակայն անարդյունք:
XS
SM
MD
LG