Մատչելիության հղումներ

logo-print

«Ազատություն» ռ/կ-ի հայկական ծառայությունը` լավագույնը փետրվարին


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի լավագույնը 2013-ի փետրվարին» մրցույթի արդյունքներն են հայտարարվել ռադիոկայանի մարտի 15-ի խմբագրական ժողովի ժամանակ։ Ըստ այդմ, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը այդ մրցանակին է արժանացել Հայաստանում նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների մուլտիմեդիա լուսաբանման թիմային ջանքերի համար։

«Փետրվարյան նախագահական ընտրարշավը Հայաստանում ցույց տվեց, որ հայկական ծառայությունը կարեւոր իրադարձությունների լուսաբանման մեջ բազմակի հարթակների ներգրավման առաջամարտիկներից է։ Ի լրումն ռադիոծրագրերի, տեսառեպորտաժների, կայքէջի` երեք լեզուներով մշտական թարմացման, ծառայությունը լուրերը եւ իրադարձությունները փոխանցելու համար օգտագործեց ուղիղ տեսահեռարձակման տեխնոլոգիան», - իր հաղորդագրությունում նշում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը` շարունակելով. - «Արդյունքները տպավորիչ են։ Համաձայն փետրվարի տվյալների` ինտերնետային այցերի թիվը եռապատկվել է, էջադիտումներինը` քառապատկվել։ Հետընտրական շաբաթներին Azatutyun.am-ը ամենաարագ աճը արձանագրող Google-ի որոնման բանալի բառն էր Հայաստանում` գերազանցելով նախագահի թեկնածուների անունները»։

«Այցելուներին գրավում էր հետընտրական հանրահավաքների ուղիղ հեռարձակումը, տեսանյութերը եւ լայվ-բլոգը։ Հայկական ծառայության YouTube ալիքը գրանցել է հնգակի աճ նախորդ ամիսների համեմատ։ Ավելին, ծառայությունը եւս մեկ նորույթ փորձեց տեղական մեդիաշուկայում` կազմակերպելով Google Hangout անգլերենով (որը անգլախոս լսարանի համար ուղիղ եթերում էր մեկ ժամ)՝ հաշվի առնելով հայկական Սփյուռքը», - ասված է հաղորդագրությունում։

Ռադիոկայանը նշում է նաեւ, որ «հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը առաջատար դեր էր ստանձնել բոլոր նախագծերում, հարցազրույցներ վարելով տարբեր գործող անձանց հետ` սկսած թեկնածուներից, այդ թվում` գործող նախագահը, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները, մինչեւ սովորական ժողովուրդը ցույցերի ժամանակ»։

«Նա զարմացած էր, որ Հայաստանի հեռավոր շրջանների որոշ բնակիչներ ճանաչել էին իրեն, ասելով` «Ես Ձեզ տեսել եմ ինտերնետով»։ Ամենակարեւորը, ըստ ծառայության ղեկավարի, այն է, որ մարդիկ ուղիղ հեռարձակմամբ ինտերնետային հեռուստատեսություն են դիտում ոչ միայն այն պատճառով, որ դուք նրանց հանրահավաքներ եք ցույց տալիս, այլեւ որովհետեւ դուք սոցիալական եւ տարիքային տարբեր խմբերի հեռուստադիտողների համար ներկայացնում եք համատեքստը», - նշված է հաղորդագրությունում։

«Սա կարող է դաս լինել բոլորիս համար, քանի որ արդիական տեխնոլոգիաները արագորեն տարածվում են, մեր առավելությունը զարգացումների ներքին տրամաբանությունը ներկայացնելու կարողությունն է», - ամփոփում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը իր հաղորդագրությունը։

Նշենք, որ այսօր «Ազատություն» ռադիոկայանը նշում է իր 60-ամյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG