Մատչելիության հղումներ

logo-print

Զոհրաբյանը «սատանիստական» է համարում այլընտրանքային երդմնակալությունը


Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը «սատանիստական երեւույթներ» է տեսնում ապրիլի 9-ին Ազատության հրապարակում «այլընտրանքային ինաուգուրացիա» անցկացնելու մտադրության մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում «Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած շարժման հետեւում «կանգնած է աղանդավորական կազմակերպություն»:

«Նրանց թիկունքում, ես արդեն սկսում եմ համոզվել, որ կա ինչ-որ աղանդավոր[ական] կազմակերպությունը, որը հրահրում է եւ կառավարում է իրենց», - ասաց Զոհրաբյանը` հավելելով, որ դա կարող է լինել «ե’ւ դրսից, ե’ւ ներսից». - «Կարծում եմ, որ նման մի կազմակերպություն կա, որ այս մարդկանց չի թողնում, որ սրանք հանգստանան»:

ՀՀԿ-ի փոխնախագահը շարունակեց. - «Ի՞նչ է նշանակում, ասենք, Ազատության հրապարակում ինաուգուրացիա անել, Րաֆֆիին ընտրել նախագահ: Սա ինչ-որ սատանայական ծիսական կարգեր են, որոնք հենց աղանդավորության հետ են կապված: Հավասարության, արդարության, ազատությունների լոզունգների տակ տեղի են ունենում քաղաքակրոնական ինչ-որ ծիսակարգեր, որը ես կանվանեի սատանիստական»:

Իսկ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը այլընտրանքային երդմնակալությունն անիմաստ է համարում, քանի որ այդպիսով անհնար է ճնշում գործադրել իշխանության վրա. - «Նախեւառաջ քաղաքական հարթակը պիտի թատերականի չվերածվեր: Մենք սովոր ենք, որ Ազատության հրապարակում մենք հստակ խոսք ենք լսում, ծրագիր ենք լսում: Իշխանությունը իրականում միշտ ամեն ինչ արել է, որ այդ քաղաքական հարթակը վերածվի թատերականի: Եվ այսօր ես տպավորություն ունեմ, որ այն վերածվում է թատերական հրապարակի»:

ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյան

ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյան

«Ես դեմ չեմ, իհարկե, որ ռոք համերգներ լինեն, Վարդան Պետրոսյանը լինի, Ռուբեն Հախվերդյանը լինի, բայց երբ օրվա ամբողջ օրակարգը լրացվում է նման բաներով, եւ հստակ խոսք ու ծրագիր չի հնչում այնտեղ, ինձ համար դա արդեն բեմականացված հարթակ է դառնում», - հավելեց ՍԴՀԿ-ի նախագահը:

Նրա համոզմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը որեւէ արդյունք չի տալու, դա «շատ թույլ քայլ է քաղաքական պայքարում»: Նա կարծում է, որ իշխանության վրա հնարավոր կլիներ ճնշում գործադրել, եթե մարդիկ հանրահավաքից հետո մնային Ազատության հրապարակում. - «Ես կարծում եմ, որ միայն այդ կարգի ճնշման դեպքում իշխանությունը լուրջ կվերաբերվեր ստեղծված իրավիճակին եւ հնարավոր է, որ սկսեին բանակցություններ»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը, մինչդեռ, ստվերային կառավարության ձեւավորման մեջ դատապարտելի ոչինչ չի տեսնում. - «Հիմա անընդհատ զուգահեռներ են անցկացնում, որ Րաֆֆին փորձում է նմանակել Մահաթմա Գանդիի շարժման էլեմենտները, այո, Գանդին կառավարություն ձեւավորեց փողոցում: Նաեւ արեւմտյան քաղաքական մշակույթում դա ընդունված ձեւ է, նորմ է»:
ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյան

ԲՀԿ ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյան


Ազատության հրապարակում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին Զոհրաբյանն ասաց. - «Առ այս պահը մեր երկրում, լինենք օբյեկտիվ, լինենք անկեղծ` հանրահավաքներով իշխանություն չի փոխվել: Բայց դա չի նշանակում, որ եթե քաղաքական տվյալ ուժը գտնում է, որ այս կերպ պիտի իր բողոքը արտահայտի»:

Հարցին` ԲՀԿ-ն կլինի՞ Ազատության հրապարակում, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, թե իրենց կուսակցության ներկայացուցիչները` այդ թվում ինքը, բազմիցս եղել են այնտեղ:
XS
SM
MD
LG