Մատչելիության հղումներ

Վիրահայերը պահանջ են ներկայացրել Թբիլիսիին


 Տեսարան Ջավախքի Ախալքալաք քաղաքից, արխիվ

Տեսարան Ջավախքի Ախալքալաք քաղաքից, արխիվ

Վիրահայերը Վրաստանի իշխանություններից պահանջել են անհապաղ վավերացնել Տարածաշրջանային լեզուների եվրոպական խարտիան։ Ռուսաստանյան «Կոմերսանտ»-ի փոխանցմամբ` դա երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի եւ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի միջեւ հակամարտության սրման նոր առիթ է դարձել։

Եվրոպական խարտիան վավերացնելու կոչը հնչել է հայաբնակ Ջավախքի Ախալքալաքի շրջանում։ «Մենք պնդում ենք, որպեսզի խորհրդարանը վերջապես վավերացնի Եվրոպական խարտիան, որին Վրաստանը միացել է 1999 թվականին», - հայտարարել է տեղական խորհրդարանի ղեկավար Համլետ Մովսիսյանը` նշելով, որ այդ նախաձեռնությունը «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պատգամավորներինն է։

Վրաստանի նախագահը հայտարարել է, թե խարտիայի վավերացումը սպառնում է ազգային անվտանգությանը, եւ իր ընդդիմախոսներին մեղադրել է «հայկական ազգայնականությանը» տուրք տալու մեջ։

Կառավարությունում, մինչդեռ, հիշեցնում են, որ խարտիային միանալու նախաձեռնողը հենց ներկայիս նախագահն էր։ «1999 թվականին Միխեիլ Սաակաշվիլին, լինելով իրավական հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավարը, անպատասխանատու կերպով լոբբինգով էր զբաղված Վրաստանի կողմից այդ փաստաթղթի վավերացման պարտավորությունը ստանձնելու օգտին», - հայտարարել է վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին` հավելելով, որ Սաակաշվիլին այն ժամանակ իր գործողությունները պայմանավորում էր Եվրոպայի խորհրդին Վրաստանի անդամակցության գործընթացը արագացնելու ցանկությամբ։

Զաքարեիշվիլին համոզված է, որ այժմ երկիրը այլ ճանապարհ չունի, քան` վավերացնել խարտիան։ «Հակառակ դեպքում մենք եվրաինտեգրացում չենք տեսնի», - զգուշացրել է վրաց պետնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG