Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը բովանդակային առաջարկներ է սպասում Սարգսյանից


Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա ասուլիս է տալիս Ազատության հրապարակում, Երեւան, 18-ը մարտի, 2013թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը բացօթյա ասուլիս է տալիս Ազատության հրապարակում, Երեւան, 18-ը մարտի, 2013թ.

Խորհրդարանի խոսնակին «Ժառանգության» առաջնորդը չի դիտում որպես միջնորդ։

Րաֆֆի Հովհաննիսյանը բովանդակային առաջարկներ է սպասում Սերժ Սարգսյանից։ Այդ մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը հայտարարեց երկուշաբթի կեսօրին Ազատության հրապարակում հրավիրած բացօթյա մամուլի ասուլիսի ժամանակ:

Արձագանքելով ուրբաթ օրը ուշ երեկոյան Ազատության հրապարակ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի այցին եւ իր հետ շուրջ 20-րոպեանոց առանձնազրույցին` Հովհաննիսյանը հայտարարեց, որ Աբրահամյանին չի դիտում որպես միջնորդ, եւ նա որեւէ կարգավիճակ չունի իրեն որեւէ առաջարկ անելու։

«Ինքը ինձ ոչ մի բան չի առաջարկել: Ներկա դրությամբ իմ զրուցակիցը Սերժ Սարգսյանն է, եւ ներկա դրությամբ Սերժ Սարգսյանը ինձ ոչ մի առաջարկ չի ուղարկել: Սա քաղաքավարական այց էր, ինքը [Հովիկ Աբրահամյանը] ցանկանում էր լուծում գտնել այս վիճակին, որեւէ բովանդակության մասին չխոսեցինք: Ես շատ հստակ ասացի մեր «ՎԻՊ սրահում» [Ազատության հրապարակում տեղադրված վրանաձեւ ծածկի տակ] դեմ առ դեմ, որ ես իրեն չեմ դիտում որպես միջնորդ կամ սուրհանդակ», - փոխանցեց «Ժառանգության» առաջնորդը` շարունակելով. - «Պարոն Սարգսյանը կարող է ինձ գրավոր կամ բանավոր` ոնց ուզում է, իր առաջարկները ներկայացնել: Պարոն Աբրահամյանը ինձ առաջարկ բերող չէ, ինքը չի կարող պարոն Սարգսյանի անունից ինձ որեւէ բան առաջարկել»:

Հովիկ Աբրահամյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են գնալ փոխզիջումների, սակայն այդ փոխզիջումները պետք է ողջամիտ լինեն։ Միաժամանակ, նա անընդունելի էր համարել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի կամ խորհրդարանը արձակելու մասին առաջարկները։ «Սերժ Սարգսյանը կերդվի իմ դիակի վրայով» արտահայտությունն էլ Ազգային ժողովի նախագահը անընդունելի վերջնագիր էր համարել Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից։

«Էապես համաձայն չեմ նրա հետ, որովհետեւ ինքը գնահատական տվեց բովանդակային լուծումների մասին, որոնք արդեն մերժվել են պարոն Սարգսյանի կողմից, եւ ինքը նաեւ գնահատական տվեց այս վճռորոշ, վերջնական փուլի այս հանգրվանի, իմ հաց չուտելու մասին` որպես վերջնագիր: Ես վերջին անգամ պիտի ասեմ. դա վերջնագիր է ոչ մեկին ուղղված, բացի` ինձ», - խորհրդարանի խոսնակի վերոհիշյալ հայտարարություններին արձագանքեց «Ժառանգության» առաջնորդը` շարունակելով. - «Դրա համար ոչ մեկը թող հռետորաբանություն չանի, այդ թվում նաեւ պարոն Աբրահամյանը: Բովանդակությունը ես կխոսեմ պարոն Սարգսյանի հետ, եթե ինքը երբեւէ ուզենա, եւ ոչ երբեք Աբրահամյանի հետ: Աբրահամյանը կարգավիճակ չունի ինձ որեւէ առաջարկ անելու` մեկ, եւ երկրորդը` թող չասի, թե իմ հաց չուտելը դա ինչ-որ անընդունելի վերջնագիր է»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Սերժ Սարգսյանի ո՞ր առաջարկները իր համար կարող են ընդունելի լինել, նախագահի նախկին թեկնածուն պատասխանեց, որ դրանք պետք է լինեն համապետական նշանակության լուծումներ, «որոնք թույլ կտան, որ հաղթած հայ ժողովուրդը ինքն իրեն տեսնի այդ լուծման մեջ, ժողովրդի պահանջը, իրավունքը պետք է արտացոլված լինի այդ լուծման մեջ» :

«Սա ենթադրում է իր կողմից, իր հետագծում, իր կենսագրության մեջ ռազմավարական նշանակության աննախադեպ ցավոտ քայլ առաջ: Ինքը կամ կես ճանապարհին պիտի միանա ժողովրդին, վստահ եմ, որ ժողովուրդը պատրաստ է դրան, բայց եթե պիտի փշրանք որեւէ մեկը ուղարկի` ուղղակի թե միջնորդավորված, ես կարծում եմ, որ դա կլինի անընդունելի: Մնացած բովանդակային առաջարկները կսպասեմ պարոն Սարգսյանից», - հայտարարեց Հովհաննիսյանը:

«Ժառանգության» առաջնորդը Սերժ Սարգսյանի այսօրվա ասուլիսին ընդառաջ որեւէ կոչով կամ ուղերձով չցանկացավ նրան դիմել, ասաց, որ վաղը կեսօրին կխոսի: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե սպասո՞ւմ է, որ Սարգսյանն Ազատության հրապարակում իրեն կայցելի, Հովհաննիսյանը պատասխանեց` ոչ:

Ինչ վերաբերում է ստվերային կառավարություն ձեւավորելու` Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ «Ժառանգության» առաջնորդի աջակիցների առաջարկներին, Րաֆֆի Հովհաննիսյանը ասաց, որ պատրաստ է լսել քաղաքացիական բաց խորհրդի բոլոր առաջարկները, որից հետո գնահատականներ կտա:

Նախօրեին, ինչպես հայտնի է, Փաշինյանը Ազատության հրապարակում հրապարակեց մի շարք մարդկանց անուններ, ովքեր կարող են մաս կազմել, իր բնորոշմամբ, «ժողովրդի կողմից ընտրված նախագահի» կառավարությանը:

«Ես պատրաստ եմ լսել բոլոր առաջարկները, զեկույցները, գնահատականները, մեխանիզմերի իրականացման ուղիները, ինչպես նաեւ անունների առաջարկները: Եվ երբ որ քաղաքացիական բաց խորհրդի առաջին տասը նիստը կայանա, ես դրանք կամփոփեմ, կմարսեմ, կվերլուծեմ եւ այն ժամանակ ես կկարողանամ համալիր մոտեցում տալ: Այնպես որ, տասներորդ նիստից հետո միայն կկարողանամ գնահատել այդ ամեն ինչը», - հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը։

«Այնուհանդերձ, ստվերային կառավարության գաղափարը Ձեզ համար ընդունելի՞ է», - «Ազատություն» ռադիոկայանի այս դիտարկմանը Հովհաննիսյանն արձագանքեց. - «Ոչ թե ստվերային, այլ` լուսավոր կառավարության, որովհետեւ ժողովուրդն արդեն հաղթել է. այո»:

«Լուսավոր» կառավարության կազմում վարչապետի պաշտոնում ո՞ւմ եք տեսնում», - լրագրողի հարցին նախագահի նախկին թեկնածուն պատասխանեց. - «Սրանք առաջարկներ են, ես պատրաստ եմ ընդունել բոլոր առաջարկները` պարոն Սարգսյանից սկսած, եւ հատկապես նրանց, ովքեր միացել են ժողովրդական շարժմանը: Ես հիմա որեւէ տեսակետ չեմ հայտնում, որովհետեւ սա գործընթաց է»:

Ի դեպ, «Ժառանգություն» կուսակցությունը դեռեւս չի վերանայում իր անդամակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ), որի ղեկավար Վիլֆրիդ Մարթենսի դիրքորոշումը փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների կապակցությամբ խիստ վրդովեցրել է Րաֆֆի Հովհաննիսյանին: Մարթենսը, հիշեցնենք, հսկայական առաջընթաց է տեսնում Հայաստանի նախագահի ընտրություններում, չի համարում դրանք կեղծված եւ իրականություն է համարում այն, որ ընտրությունների առաջին փուլում ձայների մեծամասնությունը ստացել է գործող նախագահը, որին եւ շնորհավորել է ընտրություններից երկու օր անց։

Հարցին, թե որ դեպքում «Ժառանգություն»-ը դուրս կգա ԵԺԿ-ից, Հովհաննիսյանը պատասխանեց. - «Կտեսնենք, թե սա հայտարարություն էր սոսկ, թե կշարունակվի եւ կդառնա համագումարի քննարկման հարց, եւ եթե երբեւէ որեւէ ԵԺԿ-ի համագումարում կամ այլ ինստիտուցիոնալ մարմնում այս հայտարարությունը դառնա պաշտոնական տեսակետ, այն ժամանակ «Ժառանգություն»-ը ինքը լրջորեն կվերանայի իր անդամակցությունը այդ համաեվրոպական կառույցին: Իսկ եթե անդամ կուսակցություն լինեինք, այլ ոչ թե դիտորդ անդամ, մենք անպայման կպահանջեինք Մարթենսի հրաժարականը»:

Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին, Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ «Ժառանգություն» կուսակցության ցուցակը կներկայացնեն ուրբաթ օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG