Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյան. «Ելքը եւ ճիշտ ուղին երկխոսությունն է»


Հովհաննես Սահակյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Հովհաննես Սահակյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվ
Իշխող Հանրապետականում հույս ունեն, որ ստվերային կառավարություն կազմելու մասին Ազատության հրապարակում հնչած առաջարկները չեն վերածվի իշխանության ուզուրպացման` դրանից բխող հետեւանքներով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը այդպես արձագանքեց կիրակի երեկոյան Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրային քննարկման ժամանակ հնչած մտքերին, առաջարկությանը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ձեւավորել ստվերային կառավարություն:

«Նախ պետք է նշեմ, որ բոլոր առումներով եւ պայմաններում, նորից պետք է կոչ անեմ եւ դիմեմ ե՛ւ իմ գործընկերներին, ե՛ւ առավել եւս Րաֆֆի Հովհաննիսյանին, որ այն ճանապարհը, որ ընտրել է ինքը, դա ավելի ծայրահեղական է, եւ ելքը եւ ճիշտ ուղին եւ ճանապարհը երկխոսությունն է` նստել սեղանի շուրջ, հարցերը քննարկել, եթե կան խնդիրներ, ապա փորձել դրանք բանակցությունների ճանապարհով, քննարկման միջոցով հասնել ինչ-որ արդյունքի», - ասաց Սահակյանը։

«Այն, որ Ազատության հրապարակում անուններ են հնչել, որ ստվերային կառավարություն կարելի է կամ կարող է ձեւավորվել, եւ ինչ-որ անուններ, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը սրա մասին խոսք չի ասել, փորձենք այս պահին ձեռնպահ մնալ որեւէ կտրուկ կամ ավելի առանցքային դիրքորոշում արտահայտելու, որովհետեւ, վերջ ի վերջո, այդ հանրահավաքի տերը կամ այդ հացադուլի, այսպես ասած, ղեկավարը կամ հեղինակը Րաֆֆի Հովհաննիսյանն է»», - նշեց Հանրապետական խմբակցության քարտուղարը` շարունակելով. - «Ես կարծում եմ, որ գոնե այս փուլում, այս պայմաններում իշխանության ուզուրպացիայից` որպես այդպիսին յուրացումից, իրենք ձեռնպահ կմնան եւ խելամիտ կգտնվեն, որովհետեւ դա, գոնե իրենց համար, որեւէ լավ տեղ չի տանելու»։

«Եթե նման կառավարություն, այնուամենայնիվ, ձեւավորվի, ի՞նչ եք կարծում, Հանրապետական կուսակցությունը ինչպե՞ս կարձագանքի», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Հանրապետական խմբակցության քարտուղարը պատասխանեց. - «Կա նմանատիպ նկարագիր, կան ձեւակերպումներ ե՛ւ Սահմանադրության, ե՛ւ օրենքներում, մեր Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտում առկա է, այն է` իշխանության ուզուրպացիան` իր համապատասխան հետեւանքներով։ Ես չեմ կարծում, եթե բանը հասնի ավելի լրջագույն դրսեւորման` այսպես ասած ստվերային կառավարություն ասվածը փորձեն ձեւավորել եւ` իր բոլոր հատկանիշներով, որը համարվում է իշխանության ուզուրպացիա, սա շատ ավելի խորքային է եւ վտանգում է, ուղիղ հարվածում է ե՛ւ մեր պետությանը, ե՛ւ մեր պետության անվտանգությանը, ե՛ւ ընդհանրապես գործունեությանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG