Մատչելիության հղումներ

Բաքուն հետեւողականորեն զենք է ներկրում


Ադրբեջան - Բաքվում ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվում է C-300 համակարգը, արխիվ

Ադրբեջան - Բաքվում ռազմական շքերթի ժամանակ ցուցադրվում է C-300 համակարգը, արխիվ

«Արեւելյան Եվրոպայի միակ պետությունը, որ հետեւողականորեն ավելացնում է զենքի եւ զինամթերքի ներկրման ծավալները, Ադրբեջանն է», - պնդում են Ստոկհոլմում գործող Խաղաղության ուսումնասիրության միջազգային ինստիտուտի` SIPRI-ի մասնագետները այսօր հրապարակած իրենց ամենամյա զեկույցում:

Աշխարհում զինամթերքի շուկան մանրակրկիտ մոնիտորինգի ենթարկող այս վերլուծական կենտրոնի մասնագետները նշում են, որ Արեւելյան Եվրոպայում զենքի ներկրման ծավալները 2003-ից մինչեւ 2012 թվականը ընկած ժամանակահատվածում աճել են 21 տոկոսով: «Արձանագրված այդ աճը բացառապես Ադրբեջանի կողմից ներկրվող զենքի ծավալների ավելացման արդյունք է: Այդ երկիրը նշված ժամանակահատվածում զինամթերքի ներկրման ծավալը ընդլայնել է 155 տոկոսով», - նշում են SIPRI-ի վերլուծաբանները` հատուկ ընդգծելով. - «Ադրբեջանի այս գործողությունների պատճառը Լեռնային Ղարաբաղի վիճելի մարզի շուրջ Հայաստանի հետ շարունակվող հակամարտությունն է»:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացված վերջին գնումներին` զեկույցի հեղինակները նշում են. - «2012 թվականին շարունակվեցին Aerostar եւ Hermes-450 տիպի անօդաչու սարքերի մատակարարումները Ադրբեջան: Դրան զուգահեռ, Ադրբեջանը անցած տարի ձեռք է բերել ռուսական Mи-24 տեսակի ռազմական ուղղաթիռներ, ինչպես նաեւ Matador եւ Marauder տեսակի զրահամեքենաներ, որոնք Հարավային Աֆրիկայից տրամադրված արտոնագրի հիման վրա արտադրվել են Ադրբեջանի տարածքում»:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը 10 տարում զենք ներկրող պետությունների համաշխարհային ցանկում զգալիորեն առաջ է շարժվել` 48-րդ հորիզոնականից տեղափոխվելով 35-րդ տեղ:

Հայաստանի հարեւան պետություններից եւս մեկը` Թուրքիան նույնպես ակտիվորեն զբաղված է նոր զինատեսակների ձեռքբերմամբ, ճիշտ է` ոչ այն տեմպերով, ինչ Ադրբեջանը։ Զեկույցի հեղինակները նշում են, մասնավորաբար, որ պաշտոնական Անկարան անցած տարի լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել անօդաչու սարքեր ձեռք բերելու հարցում: «Թուրքիան շահագրգռված է հատկապես Միացյալ Նահանգներում արտադրված MQ-9 տեսակի անօդաչու սարքերի ձեռքբերմամբ», - նշում են Խաղաղության ուսումնասիրության միջազգային կենտրոնի մասնագետները:

Նրանց տվյալներով` այսօր դեպի Մերձավոր Արեւելքի պետություններ իրականացվող զենքի ներկրումների 17 տոկոսը բաժին է հասնում հենց Թուրքիային: «Այս առումով թուրքական պետությունը տարածաշրջանի երկրների թվում երրորդն է` զիջելով միայն Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Սաուդյան Արաբիային», - նշում են զեկույցի հեղինակները` հատուկ ուշադրություն դարձնելով նաեւ զինամթերքի մատակարարմանը Մերձավոր Արեւելքի այսօրվա թիվ մեկ թեժ կետը` Սիրիա:

«2008-ից մինչեւ 2012 թվականը ընկած ժամանակահատվածում Սիրիա մատակարարված զինամթերքի 71 տոկոսը ձեռք է բերվել Ռուսաստանում, 14 տոկոսը` Իրանում եւ 11 տոկոսը` Բելառռւսում։ Ռուսաստանը Սիրիայի կառավարությանն է վաճառել Панцирь-С1 եւ БУК տեսակի հրթիռազենիթային կայանքներ, ինչպես նաեւ ափամերձ շրջանների պաշտպանության համար նախատեսված Бастион-П համակարգեր: Ճիշտ է, այս զինատեսակները չեն օգտագործվում Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմում, սակայն դրանց մի մասը կամ հայտնվել է ապստամբների ձեռքում, կամ էլ ընդհանրապես ոչնչացվել է: Դրա հետ մեկտեղ, այդ զինատեսակների առկայությունը զերծ է պահում սիրիական կառավարությանը արտաքին միջամտության վտանգից», - նշված է փաստաթղթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG