Մատչելիության հղումներ

«Սթար»-ը կշարունակի «պայքարել»


Վերջին շրջանում «Սթար» առեւտրային ցանցի աշխատանքում լուրջ խնդիրներ են առաջացել:

Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում գտնվող «Սթար» սուպերմարկետում անգամ մաստակ չկա:

«Ես շատ կուզեի, ու նաեւ փորձում եմ իմ գնումները կատարել «Սթարից: Ինչպես գիտեք, մեր վաճառասեղանները դատարկ են, բայց հիմա մենք նորից փորձում ենք լցնել խանութները։ Դրա համար պայմաններ եւ ժամանակ է անհրաժեշտ: Մենք դեռ շարունակում ենք պայքարել», – պատմեց ցանցի գործադիր տնօրեն, ազգությամբ սերբ Տեոդորա Տիչերիչը՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայնի հարցին՝ արդյո՞ք նա գնումներ կաներ իր ղեկավարած ցանցի սուպերմարկետներից։

Գործադիր տնօրենի խոսքով, առեւտրային ցանցի ներկայիս սեփականատերը ընկերությունը գնել է 2011 թվականին, հենց այդ ժամանակ էլ պարզվել է, որ «Սթար»-ը կուտակած մեծ պարտքեր ունի:

Տեոդորա Տիչերիչը ընկերությունը ղեկավարում է արդեն մի քանի ամիս: Որպես հաջողություն, նա նշում է, որ այս ընթացքում նվազել է բանկերի հանդեպ գումարային պարտավորությունների չափը, իսկ անհաջողությունը՝ վերջին շրջանում ընկերության շուրջ պարտքատերերի բարձրացած աղմուկն է:

«Դա ճիշտ է, մենք ունենք պարտքեր: Բայց եթե մասնագետ լիենք, կհասկանաք, որ մանրածախ առեւտրի ոլորտում պարտքերը միշտ էլ առկա են: Մեր դեպքում պարտքերը ավելի շատ են, քան սովորաբար: Իհարկե, մենք կկատարենք մեր պարտավորությունները, բայց մեզ պետք է աջակցեն եւ հասկանան նաեւ մեր գործընկերները», – ասում է նա:

«Չանախ» կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ընկերության տնօրեն Ղուկաս Բունիաթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ արդեն մեկ ամիս է, ինչ դադարեցրել են «Սթար» սուպերմարկետների ցանցի հետ համագործակցությունը։ «Սթար»–ը «Չանախ»–ին պարտք է 25 միլիոն դրամ: Ղուկաս Բունիաթյանի խոսքով, իրենք դեռեւս սպասում են, բայց փոփոխություններ չլինելու դեպքում դիմելու են դատարան:

«Հացագործ Անդրանիկ» ընկերության տնօրեն Անդրանիկ Հակոբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ մոտ 20 օր առաջ բողոքի ցույց են կազմակերպել «Սթար» սուպերմարկետներից մեկի դիմաց, իսկ վերջերս էլ հանդիպել են ընկերության ղեկավարության հետ եւ 15 միլիոն դրամ կազմող պարտքը աստիճանաբար վերադարձնելու խոստում ստացել:

Այժմ «Սթար» առեւտրային ցանցը անցել է ճգնաժամային կառավարման, փորձում են ամեն կերպ խնայել եւ դուրս գալ ստեղծված իրավիճակից, փոխել են անգամ գլխավոր գրասենյակի տեղը:

Ինչ վերաբերում է անընդհատ տարածվող լուրերին, թե առեւտրային ցանցը փակվում է, ապա Տիչերիչի խոսքով նման բան չկա: Ցանցի որոշ խանութներ փակվել են, քանի որ եկամտաբեր չէին։ Ներկայումս «Սթար»-ի մրցակիցները բակային փոքր խանութներն են եւ «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը:

«Թեեւ «Երեւան Սիթի»-ի բիզնես կառուցվածքին թեեւ տեղյակ չեմ, բայց հաստատ կարող եմ ասել, որ այս ընկերությունը որոշ լծակներ է օգտագործում իր հաջողությունը շուկայում ապահովելու համար», – նշեց Տիչերիչը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք ճնշումներ կան մրցակիցների, մասնավորապես «Երեւան Սիթիի» կողմից։

Չնայած բազմաթիվ խնդիրներին՝ «Սթար»-ի գործադիր տնօրենը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են այս վիճակից դուրս գալու համար եւ արդեն ամռան ամիսներին «Սթար»-ի աշխատանքը լիովին կկարգավորվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG