Մատչելիության հղումներ

logo-print

Հովիկ Աբրահամյան. «Իշխանությունը պատրաստ է փոխզիջումների»


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայացմամբ՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առկա բանավեճում իշխանությունները պատրաստ են գնալ փոխզիջումների, սակայն այդ փոխզիջումները պետք է ողջամիտ լինեն:

Նման հայտարարություն Աբրահամյանը արեց ուրբաթ ուշ երեկոյան Երեւանի Ազատության հրապարակում` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:

Ազգային ժողովի նախագահը ժամը 23-ի սահմաններում այցելեց Ազատության հրապարակում հացադուլ անցկացնող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին:

Հրապարակում տեղադրված վրանատիպ ծածկի տակ Հովհաննիսյանը եւ Աբրահամյանը մոտ 20 րոպե առանձնազրույց ունեցան, որից հետո կարճ խոսք ասելով հավաքվածների առջու՝ «Ժառանգության» առաջնորդը նախ շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին այցելության համար:

«Նախ շնորհակալություն պարոն Աբրահամյանին իր այցելության համար: Երկու տարի առաջ [Հովհաննիսյանի նախորդ հացադուլի ժամանակ] ինքը նույնպես եկավ այցելության, զորակցության: Դա, ես կարծում եմ, իր հատկանիշների մասին է խոսում: Ես ինքս երկուշաբթի, ժամը 12-ին մամուլի ասուլիս կտամ այստեղ [Ազատության հրապարակում] եւ կպատասխանեմ լրագրողների բոլոր հարցերին», - ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Իր հերթին, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, Ազգային ժողովի նախագահն ասաց. - «Մենք զրուցեցինք պարոն Հովհաննիսյանի հետ... Նախ հետաքրքրվեցի իր առողջությամբ, եւ երկրորդ` մենք քննարկեցինք որոշ ուղիներ այս բանավեճը լուծելու համար: Կոնկրետ՝ մենք որեւէ ընդհանուր հայտարարի չենք եկել, բայց ես գտնում եմ, որ դա չավարտվեց, մենք երեւի նորից կհանդիպենք, նորից կքննարկենք»:

«Ուղղակի, ես գտնում եմ, որ սա հարցի լուծում չէ՝ այս ձեւաչափը, եւ ես ինքս մտահոգ եմ, որպեսզի այն խնդիրները, որ կան այս Ազատության հրապարակում, այն դժգոհությունները, որ կան` ե´ւ տնտեսական, ե´ւ քաղաքական, ե´ւ սոցիալական, որ պետք է լուծում ստանան», - ընդգծեց Հովիկ Աբրահամյանը՝ շարունակելով. - «Եվ մենք բարձր ենք գնահատում պարոն Հովհաննիսյանի ողջամիտ, խելամիտ մոտեցումները, որ ժողովրդին չի տանում դեպի արյունահեղության, այլ փորձում է լուծել բանակցությունների արդյունքում բոլոր պրոբլեմները: Մենք էլ ենք տեսնում, որ կան խնդիրներ, մենք էլ ենք մտահոգված եւ փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի հարցերին տրվի լուծում»:

Այն հարցին, թե նախագահ Սերժ Սարգսյանը այցելելո՞ւ է Րաֆֆի Հովհաննիսյանին, Ազգային ժողովի նախագահը արձագանքեց. - «Ես որեւէ բան չգիտեմ»:

Պատասխանելով հարցին, թե իրենց քննարկման ժամանակ իր կողմից որեւէ առաջարկ արվե՞լ է «Ժառանգության» առաջնորդին, Աբրահամյանը ասաց. - «Ոչ, ես լսել եմ պարոն Հովհաննիսյանի մտահոգությունները: Իհարկե, մամուլից լսել ենք, բայց ես նպատակահարմար գտա, որ անմիջապես ես լսեմ, եւ ես անպայման կփոխանցեմ այդ մտահոգությունները մեր երկրի նախագահին: Նորից եմ ասում` փորձելու ենք այնպես անել, որպեսզի հաշտ, համերաշխ այս խնդիրներին տանք լուծում»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանություններից կոնկրետ առաջարկություններ է սպասում, եւ ի՞նչ առաջարակներ ունի իշխանությունը, խորհրդարանի նախագահը արձագանքեց. - «Թող սպասի: Ես կոնկրետ առաջարկություն չունեմ, որովհետեւ առաջարկությունը պետք է լինի մեր թիմի ղեկավարի կողմից, մեր թիմի` բոլորիս կողմից։ Խորհրդակցելու ենք թիմով` անպայման, որից հետո փորձելու ենք առաջարկ ներկայացնել»:

Հարց հնչեց, թե «Ժառանգության» առաջնորդի պահանջները ինչպե՞ս է գնահատում: «Նորմալ», - պատասխանեց Աբրահամյանը, - «Ես յուրաքանչյուր ողջամիտ, խելացի առաջարկության կողմնակից եմ: [Սակայն] նախագահական ընտրությունների երկրորդ փուլ... ես դա չեմ ընդունում որպես խելամիտ առաջարկ: Ազգային ժողովը արձակելը եւ արտահերթ ընտրություններ [նշանակելը] ձեւը չեմ տեսնում եւ գտնում եմ, որ ոչ ողջամիտ առաջարկություն է, բայց յուրաքանչյուր մարդ իրավունք ունի առաջարկություն ներկայացել: Այս պարագայում պարոն Հովհաննիսյանը նույնպես ունի [առաջարկ ներկայացնելու իրավունք], քանի որ ինքը ունի 539 հազար ստացած ձայներ, ժողովուրդը քվե է տվել: Մենք հարգում ենք այդ քաղաքացիների տված քվեն եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պարոն Հովհաննիսյանի հետ լուծում գտնենք, որը կբխի մեր պետության, մեր ժողովրդի շահերից»:

«Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչպե՞ս կարձագանքի Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը` «Սերժ Սարգսյանը կերդվի իմ դիակի վրա», Ազգային ժողովի նախագահը պատասխանեց. - «Սա վերջնագիր է, որը ընդունելի չէ: Քաղաքական կատեգորիա չէ դա: Ես մինչեւ հիմա ինչու չեմ այցելել պարոն Հովհաննիսյանին՝ որովհետեւ սպասում էի Սահմանադրական դատարանի որոշումը լիներ, քանի որ նաեւ ես այս երկրի Սահմանադրությամբ երկրորդ մարդն եմ, սպասում էի որոշմանը եւ հիմա որոշումից հետո եմ այցելել, եւ պատահական չէ, որ դա ուղղակի կապել եմ որոշման հետ: Եվ ես նորից եմ ուզում, որ դուք հավատաք, որ մենք ամեն ինչ անելու ենք, եւ պարոն նախագահին ենք խնդրելու, եւ պարոն նախագահն էլ է գտնում, որ պետք է այս հարցին տրվի լուծում ողջամիտ, հաշտ, համերաշխ ձեւով»:

«Սա ոչ մի բան չի տալու մեր ժողովրդին, ոչ էլ՝ մեր պետությանը, այլ ավելի թուլացնելու է: Դրա համար, ես համոզված եմ, որ պարոն Հովհաննիսյանը շատ հայրենասեր քաղաքացի է եւ ինքը ամեն ինչ անում է, որպեսզի հաշտությամբ լուծվի այս բանավեճը, եւ մենք գնալու ենք ընդառաջ, օգնելու ենք, որպեսզի լուծվի բանավեճը խաղաղ, հաշտ, համերաշխ ձեւով: Փորձելու ենք ելքեր գտնել», - ասաց Աբրահամյանը՝ շեշտելով. - «Սա միակողմանի չի` լուծումը գտնել, պետք է լինի երկկողմանի, եւ մենք պատրաստ ենք գնալ փոխզիջումների, բայց՝ խելամիտ, ողջամիտ»:

Ի պատասխան հարցի, թե ո՞րն է ամենագլխավոր փոխզիջումը իշխանությունների կողմից, Աբրահամյանը նշեց. - «Ամենագլխավորը համբերությունն է»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG