Մատչելիության հղումներ

Եվրամիությունը կրկին զգուշացնում է Հայաստանին


Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկ, արխիվ
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկ, արխիվ
Պաշտոնական Բրյուսելը կրկին զգուշացնում է Հայաաստանին, որ անհնար է համատեղել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությունը Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտու մասին պայմանագրի հետ. դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում փաստել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահ Էլմար Բրոկը:

«Եվրամիությունը չի կարող Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին պայմանագիր ստորագրել մի երկրի հետ, որն անդամակցում է Ռուսաստանի առաջարկած Մաքսային միությանը: Իրավաբանորեն դա հնարավոր չէ: Անհրաժեշտ է ընտրություն կատարել, եւ դա պետք է անի ոչ միայն Հայաստանը։ Այս երկուսի միջեւ ընտրություն պետք է կատարի ոչ միայն Հայաստանը, այլեւ` Արեւելյան գործընկերության անդամ մյուս պետությունները, որոնք եւս ուզում են միանալ Եվրամիության առաջարկած ազատ առետրի գոտուն», - ասել է Եվրախորհրդարանի բարձրաստիճան ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ այս համաձայնագրի ստորագրման դեպքում Բրյուսելը խոստանում է հայաստանցի գործարարների ու Հայաստանում արտադրված ապրանքների առջեւ բացել իր հսկայական՝ շուրջ կես միլիարդ սպառողներ ունեցող շուկան: Սա, ըստ փորձագետների, էական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի տնտեսության ու ներդրումների աճի վրա, սակայն դրան հասնելու համար Հայաստանի իշխանությունները դեռեւս պետք է կատարեն Բրյուսելի պահանջները՝ բարեփոխեն սեփական օրենսդրությունը, ազատեն շուկան մենաշնորհներից, հավասար պայմաններ ապահովեն բոլոր գործարարների համար եւ երաշխավորեն ապրանքների որակը: Ընդ որում, տնտեսագետները փաստում են, որ այս պահանջները բխում են ոչ միայն այս տարածաշրջանում վստահելի գործընկեր փնտրող Եվրամիության, այլեւ գործազրկության ու աղքատության բարձր մակարդակ ունեցող Հայաստանի շահերից:

Մյուս կողմից, արդեն երկրորդ տարին է՝ Կրեմլ վերադարձած Վլադիմիր Պուտինը փորձում է առաջ տանել այս համաձայնագրի «հակակշիռը»՝ ԱՊՀ-ի տարածքում ստեղծված Մաքսային միությունը։ Այս դաշինքին միանալու համար պայմաններ չեն առաջադրվում, բարեփոխումներ չեն պահանջվում, մյուս կողմից, սակայն, ըստ վերլուծաբանների, առայժմ անորոշ են նաեւ հնարավոր օգուտներն ու առավելությունները։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը, այդուամենայնիվ, որոշի անդամակցել Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը», - հետաքրքրվել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարից։ Ի պատասխան, վերջինս նշել է. - «Այդ դեպքում Եվրամիության հարաբերությունները այդ երկրների հետ կլինեն այնպիսին, ինչպիսին որ Ռուսաստանի հետ են»:

Նշենք, որ չնայած Եվրամիությունը Ռուսաստանի թիվ մեկ առեւտրային գործընկերն է, Ռուսաստանը՝ Եվրամիության էներգետիկ կարեւոր մատակարարներից մեկը, այդուամենայնիվ, եվրոպական ընտանիքի մի շարք անդամների հետ Կրեմլի հարաբերությունները խիստ լարված են, եւ չնայած Կրեմլի հորդորներին՝ մինչ օրս Բրյուսլեը չի համաձայնում մուտքի առավել պարզեցված պայմաններ ապահովել ռուսաստանցիների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG