Մատչելիության հղումներ

Ավտոմեքենայի մաքսազերծման գործով հայցը մերժվեց


Վարչական դատարանն այսօր մերժեց ուսանող իրավաբան Սերգեյ Գրիգորյանի հայցը: Որոշման հիմքերը հայտնի կդառնան գալիք շաբաթ, երբ կողմերը ստանան դատարանի որոշումը:

Սերգեյ Գրիգորյանը 2012 թվականի օգոստոսի 27-ին դիմել է Վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել Պետեկամուտների կոմիտեի որոշումը, որով մերժվել է ավտոմեքենան գործարքի գնով՝ այսինքն առաջնային մեթոդով մաքսազերծելու դիմումը: Հայցվորը վարչական դատարանին խնդրել է որպես խախտված իրավունքի վերականգնում Պետեկամուտների կոմիտեին պարտավորեցնել իր ներմուծած Mersedes Benz մակնիշի ավտոմեքենայի մաքսային արժեքի հաշվարկման նպատակով կիրառել Հայաստանի մաքսային օրենսգրքի 87 հոդվածով նախատեսված գործարքի գնի մեթոդը, ինչը ենթադրում է մաքսազերծման ցածր գին: Մաքսայինի առաջարկած մաքսազերծման տարբերակը հայցվոր կողմի պնդմամբ՝ իր դեպքում կիրառելի տարբերակից ավելին է 2000 դոլարով:

Հայցվորն իր ավտոմեքենան առաջնային՝ գործարքի գնի մեթոդով, այսինքն ավելի ցածր մաքսազերծելու նպատակով նախ մաքսային մարմիններին, ապա դատարան է ներկայացել ավտոմեքենան ձեռքբերման վայրից մինչեւ Ճապոնիայի Նագոյա նավահանգիստ տեղափոխելու համար վճարած երեք հարյուր դոլարի հաշիվ-ապրանքագիրը, մեքենան գնելու համար կատարած բանկային փոխանցման միջնորդավճարը, Ճապոնական Նագոյա նավահանգստից մինչեւ Վրաստանի Բաթումի նավահանգիստ ավտոմեքենան տեղափոխելու համար Georgian Cargo Group տրանսպորտային ընկերությանը վճարած 1265 դոլարի հաշիվ-ապրանքագիրը: Բացի այդ՝ Բաթումիի նավահանգստում ավտոմեքենան հուլիսին ստանալու եւ դրա հետ կապված ծառայությունների վճարները փաստող հաշիվ ապրանքագիրը, Բաթումիի նավահանգստից մինչեւ Հայաստանի մաքսային սահման մեքենան անձամբ վարելիս ծախսած 100 լարիի բենզինի կտրոնը:

Հիշեցնենք, որ այս գործով բոլոր դատական նիստերի ժամանակ հայցվորը պնդում էր, որ ներկայացրել է բոլոր փաստաթղթերը, իսկ որպես պատասխանող հանդես եկող պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչը դատավորի բազմաթիվ հարցերին ի պատասխան այդպես էլ չէր վկայակոչել որեւէ փաստաթուղթ, որ հայցվորը պիտի ներկայացներ, բայց չի ներկայացրել:

Նկատի ունենալով այս իրավիճակը, դատարանի որոշման հրապարակմանը ներկա հայցվոր Սերգեյ Գրիգորյանն ասաց, որ որոշումը անհիմն է եւ ինքը պատրաստվում է բողոքարկել այն։

Ի դեպ, այս գործին կցված է պաշտոնական տեղեկատվություն, ըստ որի 2010 թվականից մինչեւ 2012-ի օգոստոս 55 հազար 700-ից ավելի ավտոմեքենաներ մաքսազերծվել են «հսկիչ գների» մեթոդով՝ քաղաքացիները ստիպված են եղել վճարել ավելի բարձր մաքսատուրք, եւ միայն 314 ավտոմեքենա է մաքսազերծվել գործարքի գնի մեթոդով՝ ցածր մաքսատուրքով:

Արձանագրություն՝ հայցվորի դեմ


Մարտի 5-ին Սերգեյ Գրիգորյանը Պետեկամուտների կոմիտեից ծանուցում է ստացել, ըստ որի նույն օրը կազմվել է արձանագրություն մաքսային կանոնների խախտման վերաբերյալ:

Ուսանող Սերգեյ Գրիգորյանը, ըստ արձանագրության, «խաբեությամբ» օգտագործելով փաստաթղթեր, այդ թվում հաշիվ-ապրանքագիր, Հայաստան է ներմուծել Mersedes Benz մակնիշի ավտոմեքենա: Ըստ արձանագրության, Սերգեյ Գրիգորյանի գործողությունների մեջ առկա են Մաքսային օրենսգրքի 202-րդ հոդվածի խախտումներ: Իսկ նշված հոդվածով նախատեսված է տուգանք՝ տրանսպորտային միջոցի մաքսային արժեքի չափով:

Պետեկամուտների կոմիտեին դատի տված Սերգեյ Գրիգորյանի կարծիքով, իր վերաբերյալ արձանագրության նպատակը ճնշում գործադրելն է. - «Սա եւս մեկ միջոց է, որպեսզի խոչընդոտեն մաքսային օրենսգրքի 87-րդ հոդվածը կիրառելը»։

Իրավաբան ուսանողը պնդեց, որ Պետեկամուտների կոմիտեի կազմած արձանագրությունը անհիմն է: Սերգեյ Գրիգորյանը Մաքսային տեսչություն է հրավիրվել հաջորդ շաբաթ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG