Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը կարծում է, որ ՍԴ-ն «չհանձնեց քննությունը»


ՍԴ-ում ընթերցվում է ընտրությունների արդյունքները ուժի մեջ թողնելու մասին որոշումը, 14 մարտի, 2013

ՍԴ-ում ընթերցվում է ընտրությունների արդյունքները ուժի մեջ թողնելու մասին որոշումը, 14 մարտի, 2013

Սահմանադրական դատարանը չհանձնեց քննությունը, «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց դատարանում ընտրության արդյունքները վիճարկող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` արձագանքելով ՍԴ-ի երեկվա որոշմանը:

ՍԴ-ն հինգշաբթի օրը որոշեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը:

«Սահմանադրական դատարանը նույնպես ենթակա է փոփոխման` այս կեղծ դատավճռի պատճառով», - ասաց Հովհաննիսյանը:

Մյուս դիմումատուն` նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ՍԴ-ի որոշումը «սպասված եւ սուբյեկտիվ» որակեց:

«Դատարանը խուսափեց ուսումնասիրել ընտրությունների կեղծված լինելու մասին փաստող ապացույցները», - ասաց Ղուկասյանը:

Նախագահի նախկին թեկնածուն մինչեւ ապրիլի 9-ը կպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը. եթե չհասնի դրան, քաղաքացիական անհնազանդություն կցուցաբերի:

«Ինչքանով հասկանալի կլինի իշխող կուսակցությանը, որ ապրիլի 9-ից իրենց սպասելու է զանգվածային քաղաքացիական անհնազանդություն, այդքանով իրենց համար ավելի հիմնավորված կլինի Սերժ Սարգսյանի ինքնաբացարկի որոշումը», - ասաց Ղուկասյանը:

Բացի նրանից, որ ՍԴ-ն ուժի մեջ թողեց նախագահի ընտրությունների արդյունքները, քննադատություն հնչեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի ՍԴ ներկայացրած դիմումների վերաբերյալ` գտնելով, որ նրանք լավ չեն պատկերացնում, թե հատկապես ինչ են վիճարկում դատարանում: ՍԴ-ն 34 էջանոց որոշման մեջ նաեւ ընտրական գործընթացների վերաբերյալ հասարակության որոշ շերտերի մոտ առկա անվստահությանն անդրադարձավ, սահմանադրաիրավական բարեփոխումներ անցկացնելու անհրաժեշտություն տեսավ, քանի որ ընտրական տեխնոլոգիաների կատարյալ գործադրմամբ անգամ «հնարավոր չէ փարատել հասարակությունում առկա անվստահությունը»:

Անդրադառնալով ՍԴ-ի հնչեցրած այս գնահատականներին` դատարանում Սերժ Սարգսյանի ներկայացուցիչ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց` դրանք կատարման համար պարտադիր չեն: ՍԴ-ն խորհրդակցական բնույթ ունեցող նման գնահատական նաեւ 2003-ին էր տվել` առաջարկելով վստահության հանրաքվե անցկացնել, որը անկատար մնաց:

«Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների նպատակը հենց ընտրության մասնակիցների ավելի լայն վերահսկողության միջոցով հանրային վստահության բարձրացումն էր», - ասաց Հարությունյանը. - «Եթե որեւէ քաղաքական ուժ հայտարարում է իր բացասական գնահատականը ընտրական գործընթացի հետ կապված, առնվազն պետք է նշի, թե իր կողմից այդ պրոցեսին ներգրավված հազարավոր անձինք ինչու չեն օգտվել օրենքով իրենց ընձեռած հնարավորություններից` գրելու հատուկ կարծիք, ներկայացնելու բողոք եւ այլն, եւ վերջ ի վերջո վերահսկելու այդ գործընթացը»:
XS
SM
MD
LG