Մատչելիության հղումներ

Հովհաննիսյան. «Երեւանի հաջորդ քաղաքապետը լինելու է մեզանից մեկը»


Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում իր անցկացրած հանրահավաքում այսօր հայտարարեց, որ մասնակցելու են բոլոր, այդ թվում առաջիկա Երեւանի ավագանու ընտրություններին:

«Որպես սկզբունք մեր ժողովուրդը մասնակցելու է բոլոր հնարավոր ընտրություններին, այդ թվում Երեւանի քաղաքի ընտրություններին», – մասնավորապես ասաց Հովհաննիսյանը, – «Եվ այն ցուցակը, որ ձեզ կներկայացվի հաջորդ շաբաթ մեր հաջորդ հանրահավաքին, կրելու է Երեւանի հաղթանակը եւ Երեւանի հաջորդ քաղաքապետը լինելու է մեզանից մեկը»։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ երեկ Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը, նշելով, որ որոշել են դիմել ՍԴ՝ «իմանալով հանդերձ դատարանի դրվածքը, գործադիրի կցորդը լինելու հանգամանքը»։ Ընդդիմադիր գործչի խոսքով, իրենք ուզում էին Սահմանադրական դատարանին հնարավորություն տալ կիրառել իր կոչումը, բայց Հովհաննիսյանի խոսքով՝ ՍԴ-ն «տապալեց դա»։

«Սրանից հետո ոչ միայն գործադիր, այլեւ դատական իշխանությունները պետք է ընդունվեն մեր կողմից», – հավելեց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հայտարարությանը: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Մարտենսը ասել էր, որ խիստ զարմացած է գործընկեր կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները, երբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրության կապակցությամբ:

Հովհաննիսյանը հայտարարեց, թե հնարավոր է վերանայեն իրենց անդամակցությունը այս կուսակցությանը: «Եթե սա է Եվրոպան, մեզ դա պետք չէ», – ասաց Հովհաննիսյանը։

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ իրենց հետագա քայլերին ու գործողություններին: Նա հայտարարեց, որ կիրակիից մինչեւ հինգշաբթի Ազատության հրապարակում մեկնարկելու է Քաղաքացիական խորհուրդ՝ «որը մեզ բերելու է նոր Հայաստան, նոր գործադիր, նոր դատական եւ հետո նոր օրենսդիր»։

Ելույթ ունեցողների շարքում էր նաեւ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հանրահավաքին եկածներին կոչ արեց ապրիլի 9-ին, երբ տեղի է ունենալու Սերժ Սարգսյանի երդմնակալությունը, հավաքվեն Հանրապետության հրապարակում:

«Այդ օրը կլինի Սարգսյանի հրաժեշտի օրը։ Այդ օրը տոն է լինելու, եկեք ընտանիքներով, որպեսզի նշենք այն»,- հավելեց Փաշինյանը: - «Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը եւ մյուսները պետք է հստակ գիտակցեն, որ իրենք կարող են գրոհել, հարձակվել, բայց ժողովուրդը չի դիմադրելու, բռնությանը բռնությամբ չի պատասխանելու, այլ առանց արյունի իշխանությունն անցնելու է ժողովրդին, եւ ուրեմն հաղթանակ, ուրիշ ոչինչ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG