Մատչելիության հղումներ

logo-print

ԵՄ-ն «լիովին վստահում է» ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցներին եւ դիտորդներին


Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեա, արխիվ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեա, արխիվ

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում խոսելով հայաստանյան հետընտրական զարգացումների, «Ազատության» հրապարակում հավաքվող հանրության դժգոհության մասին, ասաց. - «Իհարկե, դա իրենց իրավունքն է վարվել այնպես, ինչպես ճիշտ են համարում: Այդ իսկ պատճառով մենք խրախուսում ենք հայկական իշխանություններին ընթացք տալ ընտրությունների հետ կապված դժգոհություններին: Ես նաեւ հետեւում եմ ՍԴ-ի որոշմանը: Տեղական եւ միջազգային դիտորդների կողմից բարձրաձայնված մեղադրանքները կարող են դրական ազդեցություն ունենալ վստահության վերականգնման վրա, ինչպես նաեւ դա լավ փորձ է, որ կարելի է կիրառել գալիք ընտրական գործընթացներում: Իհարկե Եվրամիությունը եւ միջազգային հանրությունը շարունակելու են հետեւել զարգացումներին, բայց այս պահին ավելացնելու այլ բան չկա»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք մտավախություն չկա՞, որ ընտրություններից դժգոհ հանրությունը կարող է կորցնել ԵՄ-ի եւ եվրոպական արժեքների հանդեպ վստահությունը, Տրայան Հրիսթեան պատասխանեց. - «Սա ժողովրդավարական գործընթաց է: Կարծում եմ` այս ընտրությունները ցույց տվեցին, որ յուրաքանչյուր քվե արժեք ունի եւ մարդիկ իսկապես գիտակցում են քվեարկելիս: Հիասթափություններ կարող են լինել, բայց սա է ժողովրդավարությունը»:

Խոսելով ընտրությունների որակի մասին` ԵՄ դեսպանը հղում կատարեց
ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի եւ Եվրամիության ընդարձակման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` ընտրություններից անմիջապես հետո տարածած հայտարարությանը, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները ողջունում են Հայաստանում նախագահական վերջին ընտրություններում արձանագրված առաջընթացը: Տրայան Հրիսթեան նշեց, որ ԵՄ-ն լիովին վստահում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդներին եւ նրանց զեկույցներին, սակայն շուտով ավելի համապարփակ գնահատական կհրապարակվի:

«ԵՄ Հարեւանության քաղաքականության զեկույցը նույնպես կանդրադառնա բոլոր այս խնդիրներին: Այդ զեկույցը կհրապարակվի մարտի 20-ին: Իսկ այս պահին ես ուզում են նշել, որ մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանին: Որքան մեծ լինի բարեփոխումներ կատարելու կամքը, այնքան մեծ կլինի ԵՄ օժանդակությունը ձեր երկրին», - ասաց դեսպանը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այցին Մոսկվա, Տրայան Հրիսթեային հարցրինք` արդյոք երկրի ղեկավարի առաջին արտերկրյա այցը չի մատնանշո՞ւմ երկրի քաղաքական կուրսի մասին, որն այս դեպքում ուղղված էր դեպի Ռուսաստանը: ԵՄ դեսպանը պատասխանեց, որ գնահատում է Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց այս պահին կարեւորում է Հայաստանի իշխանությունների հավաստիացումը:

«Այս պահին մեզ համար կարեւորն այն է, որ Հայաստանը մի քանի անգամ հայտարարել է եւ հավատարիմ է մնում ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացման խոստմանը: Սա մի բան է, որը մենք անչափ խրախուսում ենք եւ շարունակելու ենք խրախուսել: Հայաստանը ԵՄ-ի հետ քաղաքական ասոցացման մաս է կազմում եւ գտնվում է տնտեսական ինտերգրացման բանակցային գործընթացում: Եվ Հայաստանի իշխանությունների ցանկությունը` բերել հայկական ստանդարտներն ու նորմերը եվրոպականին մոտ, արդեն իսկ ցույց է տալիս այս պահին երկրի ռազմավարական ընտրությունը: Հետեւաբար, մնում է միայն սպասել Ասոցացման համաձայնագրի ընդունմանը», - նշեց Հրիսթեան:

Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, դեսպան Տրայան Հրիսթեան կարծում է, որ Հայաստանը ազատ է երկկողմ հարաբերություններ հաստատել ցանկացած երկրի հետ, սակայն միաժամանակյա համագործակցություն եւ մասնակցություն Մաքսային միությանն ու ԵՄ-ի հետ` Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շրջանակներում, ԵՄ դեսպանն անհնար է համարում:

«Եթե Մաքսային միությանն անդամակցելու հարցը առաջանա, ապա պետք է հաշվի առնել, որ սա տեխնիկական հնարավորության հարց է: Տեխնիկապես անհնար է լինել երկու տարբեր մաքսային միությունների անդամ: Հայաստանի իշխանությունների ձգտումները եւ բանակցությունները հաշվի առնելով, ես հասկանում եմ, որ Հայաստանը իսկապես կփորձի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու անդամ դառնալ», - ասաց նա:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նաեւ ասաց, որ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ կնքված վիզայի դյուրացման համաձայնագիրն արդեն ուղարկվել է Եվրախորհրդարան: Միաժամանակ եվրոպական կողմը սպասում է ռեադմիսիայի` հետընդունման համաձայնագրի ստորագրմանը: Այս երկու գործընթացները հաստատելուց հետո արդեն կարելի կլինի խոսել վիզայի դյուրացման գործընթացը սկսելու կոնկրետ քայլերի մասին:
XS
SM
MD
LG