Մատչելիության հղումներ

logo-print

Մարտի 1-ի նոր հանձնաժողովը ստեղծելու առաջարկը դրական եզրակացություն ստացավ


ՀԱԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ

ՀԱԿ խմբակցության պատգամավորները Ազգային ժողովում, արխիվ

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն տվեց 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ուսումնասիրման նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության առաջարկին: Որոշումն ընդունվեց միաձայն, նիստին ներկա հանձնաժողովի բոլոր անդամները, այդ թվում իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին:

Թե ընդդիմության առաջարկած նախագիծը խորհրդարանի առաջիկա որ քառօրյայում կընդգրկվի, դա մնում է նիստը վարողի, տվյալ դեպքում ԱԺ նախագահի հայեցողությանը, լրագրողներին տեղեկացրեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:

Հարցին, թե ԱԺ հանրապետական մեծամասնությունը քաղաքական կամք կունենա՞ քվեարկել հանձնաժողովի ձեւավորման օգտին եւ նպաստել դրական արդյունքի արձանագրմանը, Հարությունյանը պատասխանեց, որ եթե իրենք գործընթացը վիժեցնելու խնդիր ունենային, ապա այս ճանապարհով չէին գնա:

«Հանձնաժողովի նպատակն է պարզել ճշմարտությունը: Սա ճշմարտությունը պարզող հանձնաժողով է: Դա չի նշանակում սա նախաքննության մարմին է, սա հանձնաժողով է, որի առաքելությունը ես համարում եմ շատ մեծ», - ասաց Հարությունյանը:

Ըստ ընդդիմադիր Կոնգրեսի հեղինակած օրենքի նախագծի, ժամանակավոր հանձնաժողովը պետք է ուսումնասիրի Մարտի 1-ի տասը սպանությունները, հարյուրավոր անձանց հրազենային եւ այլ բնույթի մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերի հանգամանքները, այդ դեպքերին պաշտոնատար անձանց ու պետական կառույցների ունեցած առնչությունը: Հանձնաժողովի ուսումնասիրության առարկան են նաեւ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության եւ գլխավոր դատախազության ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածություն: Այս ամենը պարզելու համար հանձնաժողովը պետք է ծանոթանա քրեական գործի նյութերին` պահպանելով նախաքննության տվյալների գաղտնիությունը, պարզաբանումների կանչի պետական պաշտոնյաների եւ քաղաքական անձանց, հարցումներով դիմի պետական, նախաքննական մարմիններ եւ դատախազություն, որոնք պետք է պարտավորված լինեն պատասխանել այդ հարցերին:

Այս հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությամբ, Կոնգրեսը հանդես էր եկել դեռ անցած տարեվերջին, սակայն համաձայնություն ձեռք բերվեց քննարկումը տեղափոխել նախագահական ընտրություններից հետո, եւ որոշ փոփոխություններ կատարել նախագծում: Մասնավորապես իշխող կուսակցությունն առաջարկել էր նախագծից հանել քաղաքական ձեւակերպումները եւ ամրագրել, որ Հանրապետականը հանձնաժողովի տեղերի կեսը կունենա:

Կոնգրեսի պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այսօր տեղեկացրեց, որ նախագիծը վերանայվել է, դիտողություններն ընդունվել են. եթե նախկինում հանձնաժողովի կազմում ընդդիմությունը մեծամասնություն էր ստանում, քանի որ յուրաքանչյուր խմբակցությունից առաջարկվում էր մեկ պատգամավոր, ապա այժմ հանրապետականին հնարավորություն է տրվում երկու պատգամավոր ունենալ:

«Հանձնաժողովը ունենում է 7 անդամ, ԱԺ-ում իրենց ընդդիմություն հայտարարած քաղաքական ուժերը ունենում են 3, կոալիցիան ունենում է 3 եւ «Բարգավաճ Հայաստանը»` 1 անդամ », - ասաց նա:

Ընդդիմությունն ու իշխանական ուժերի ներկայացուցիչները համաձայնության եկել են, որ հանձնաժողովում խնդիրը պետք է քննարկվի զուտ իրավական դաշտում եւ չդառնա քաղաքական շահարկումների առարկա:

Ջհանգիրյանը ողջունելի համարեց հանձնաժողովի ստեղծման իրենց առաջարկը դրական եզրակացության արժանացնելու` պետաիրավական հանձնաժողովի որոշումը` հույս հայտնելով, որ հանձնաժողովի գործունեության արդյունքում հնարավոր կլինի «տեղից շարժել» Մարտի 1-ի սպանություններից առնվազն 3-4-ի քննությունը:

Սրա վերաբերյալ Դավիթ Հարությունյանը նշեց. - «Պարոն Ջհանգիրյանը եթե ինչ որ բան ասում է, նա ենթադրում է, որ ունի իր պլանը` ինչպես պետք է շարժվի առաջ: Կարող է հաջողվի, կարող է չհաջողվի, չեմ կարող ասել հիմա»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, թեեւ պետաիրավական հանձնաժողովի անդամ չէ, բայց ելույթ ունեցավ, ԲՀԿ-ի միանշանակ համաձայնությունը հայտնեց հանձնաժողովի ստեղծմանը:

«Իրապես մեզ համար շատ կարեւոր է դա, որովհետեւ տարբեր քաղաքական թափոններ եւ նրանց ենթակայության տակ աշխատող քաղաքական թերթոնիկներ անընդհատ փորձում են Մարտի 1-ի կոնտեքստում շահարկել «Բարգավաճ Հայաստանի» անունը, մեզ համար իրապես կարեւոր է, որ ստեղծվի հանձնաժողով եւ ի վերջո տրվի պատասխաններ` ովքեր են կրակել ժողովրդի վրա, ովքեր են տվել կրակելու հրամանը, որտեղից են բերվել այդ կրակողները, որ գործիչն է դեմ եղել, որ ժողովրդի վրա բռնություն կիրառվի: Այսինքն բոլոր հարցերը քննարկենք բաց եւ հրապարակային», - ասաց Զոհրաբյանը:

Այնուհանդերձ, Դավիթ Հարությունյանը առաջարկեց, որ հանձնաժողովի ձեւավորման պարագայում դրա նիստերը լինեն դռնփակ:

Այս հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկումը նախագահական ընտրություններից հետո տեղափոխելու վերաբերյալ դեկտեմբերին իշխանությունների հետ համաձայնության գալուց հետո որոշ քաղաքական շրջանակներ ընդդիմադիր Կոնգրեսին մեղադրեցին իշխանությունների հետ գործարքի մտնելու մեջ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանը այսպես հակադարձեց այդ մեղադրանքներին - «Եթե այն ժամանակ մերժվեր այս նախագիծը, իսկ ակնհայտ էր, որ քաղաքական մեծամասնությունը կողմ չէր քվեարկելու, էդ դեպքում իրենք կաշկանդված էին լինելու իրենց դեմ քվեարկությամբ, եւ այսօր չեմ կարծում, թե ունենայինք որեւէ փոփոխություն իրենց վարքագծում կամ դիրքորոշման մեջ: Հիմա Փառք Աստծո, ունեցանք ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ դրական եզրակացություն, կարեւոր եզրակացություն, որը, կարծում եմ, արդեն կանխորոշելու է ԱԺ-ում քվեարկության արդյունքները»:

Ինչ վերաբերում է իշխանություններ հետ «գործարքին», ապա Ջհանգիրյանը ասաց. - «Ի՞նչ գործարք: Ո՞նց կարող են ինձ կասկածել ինչ-որ գործարքի մեջ լինելու վերաբերյալ, երբ խոսքը սպանությունների, արյան մասին է: Ես իմ ամբողջ նախկին գործունեությամբ ապացուցել եմ, որ սպանությունների, արյան գործերի վերաբերյալ ես որեւէ գործարքի, որեւէ մի կողմի հետ, ինչքան էլ ինձ դա ձեռնտու եւ շահավետ լինի, երբեւէ չեմ գնացել»:

Ըստ նախագծի, հանձնաժողովն իր վերջնական եզրակացությունը պետք է հրապարակի այս տարվա վերջին:
XS
SM
MD
LG