Մատչելիության հղումներ

ՀԱՊԿ-ի փրկարար ուժերը կօգտագործեն Ստեփանավանի օդանավակայանը եւ Բալահովիտի պահեստարանը


Հայաստան -- ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարայանը, 29-ը հունվարի, 2013

Հայաստան -- ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարայանը, 29-ը հունվարի, 2013

Ստեփանավանի օդանավակայանն ու Երեւանին մոտ գտնվող Բալահովիտի գյուղի մոտ գտնվող արտակարգ իրավիճակների նախարարության պահեստարանը առաջիկայում օգտագործվելու են ՀԱՊԿ շրջանակներում գործող արագ արձագանքման փրկարարական ուժերի կողմից:

Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը: Նա մանրամասնեց, որ նշված երկու օբյեկտները համատեղ օգտագործվելու են Հայաստանի եւ Ռուսաստանի փրկարար ծառայությունների կողմից: Օդանավակայանն ու պահեստարանը համատեղ ուժերով վերանորոգվելու են:

Բացի այդ, ըստ Գրիգորյանի, Բալահովիտի մոտ գտնվող պահեստարանը համատեղ ուժերով համալրվելու է աղետների դեպքում նախատեսված առաջին անհրաժեշտության ապրանքներով, եւ այդ պահեստարանն իր մեծությամբ ունենալու է տարածաշրջանային նշանակություն:

«Հիմա Հայաստանում են Ռուսաստանի ներկայացուցիչները, արդեն գործակցության համաձայնագիրը ստորագրված է եւ հիմա կատարվում են աշխատանքային խմբերի փոխայցեր, որպեսզի ստեղծվի մարդասիրական կենտրոնը Հայաստանում», - ասաց Գրիգորյան` հավելելով, որ Հայաստանի եւ Ռուսաստանի փրկարար ծառայությունների միջեւ պայմանագիրը ստորագրվել է դեկտեմբերին:

Մեր զրուցակիցը մանրամասնեց, որ մարդասիրական կենտրոնի նպատակն է ապահովել առաջին անհրաժեշտության ապրանքների` սնունդ, ջուր, վրաններ, դեղորայք եւ այլն, մատակարարումը խոշոր աղետի գոտի, եթե դա տեղի ունենա Հայաստանում կամ հարակից որեւէ այլ երկրում: Այդ ապրանքները պահեստավորվելու են Բալահովիտում գտնվող պահեստարանում եւ անհրաժեշտության դեպքում այնտեղից` այդ թվում Ստեփանավանի օդանավակայանի միջոցով մատակարարվելու են աղետի գոտի:

Գրիգորյանն ընդգծեց, թե Ստեփանավանի օդանավակայանը, թե´ Բալահովիտի պահեստարանը շարունակելու են պատկանել միայն Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը:

«Ռազմականի մասին խոսելը այստեղ ավելորդ է, սա ՀԱՊԿ-ի շրջանակներում է, բայց Հայաստան-Ռուսաստան համատեղ մարդասիրական կենտրոն է: Սա կապված է միայն եւ միայն փրկարարական մարդասիրական արձագանքման հետ եւ ոչ մի առնչություն չունի ռազմական ոլորտի հետ, քանի որ մենք ՀԱՊԿ-ի շրջանակներում ունենք համագործակցություն` բնական եւ տեխնածին աղետների դեպքում արձագանքման ընդհանուր խմբեր ստեղծելու», - շեշտեց Փրկարար ծառայության փոխտնօրենը:
XS
SM
MD
LG