Մատչելիության հղումներ

Հունիսի 14-ին պատանի պարողների «Եվրատեսիլ 2013»-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում 17-ամյա Վահագն Մարգարյանը ելույթ կունենա Հայաստանի դրոշի ներքո:

Այս տարի եվրատեսիլյան բեմում Հայաստանը մասնակից կունենա ոչ միայն երգի ասպարեզում, այլ նաեւ պարի: 17-ամյա Վահագն Մարգարյանը Էջմիածնից է, Երեւանի պարարվեստի պետական քոլեջի բալետի բաժնի ուսանող:

Պարել սկսել է 12 տարեկան հասակից, սակայն 4 տարիների ընթացքում պարարվեստը դարձել է կյանքի հիմնական մասը:

«Ինքս ինձ չեմ ներկայացնում: Ես ողջ Հայաստանն եմ ներկայացնում, ողջ ազգին: Շատ մեծ պատասխանատվություն կա ինձ վրա: Կփորձեմ անել ուժերիցս վեր, որպեսզի առաջինը լավ լինի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց երիտասարդ պարողը:

Պարային «Եվրատեսիլ» մրցույթը առաջին անգամ անցկացվել է Մեծ Բրիտանիայում 2007 թվականին Եվրոպական հեռարձակողների միության կողմից:

«Մենք այս տարի որոշեցինք առաջին անգամ մասնակցել, որովհետեւ նախ` նորություն է, երբեւէ չենք մասնակցել, երկրորդ` իսկապես ունենք շատ լավ բալետային պատմություն եւ այդ պատմությունը կերտած մարդիկ այսօր դաստիարակում են նոր սերունդ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց «Եվրատեսիլ»-ի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Թե ով է բեմադրելու Վահագի պարը եւ ինչպես է ներկայանալու Վահագն Մարգարյանը, Գոհար Գասպարյանի խոսքով, հայտնի կդառնա ապրիլի սկզբին:
XS
SM
MD
LG