Մատչելիության հղումներ

Մարտի 15-ի մամուլ


Արձագանքելով Սահմանադրական դատարանի վճռին` «Ժամանակ»-ը գրում է. - «Ահա եւ վերջ, ինչպես ասում են։ Ընտրությունների օրինականությունը, ընտրակեղծիքները վիճարկելու, այսպես ասած, իրավական ճանապարհները կարծեք թե սպառվեցին եւ այլեւս մնում են միայն քաղաքական ճանապարհները, որոնցով պետք է գնա Րաֆֆի Հովհաննիսյանը»։ «Փաստորեն, Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր մնացել է միայն քաղաքական ճանապարհը։ Հացադուլից բացի, ի՞նչ քայլեր են սպասվում այստեղ։ Սրանք առայժմ այնքան էլ պարզ չեն։ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է այլընտրանքային կառավարություն ձեւավորելու մասին, սակայն այդ ուղղությամբ քայլեր դեռ չեն արվել», - նշում է թերթը։ «Այսպես թե այնպես, Րաֆֆի Հովհաննիսյանն, իհարկե, պետք է պատրաստ լիներ ՍԴ այս որոշմանը, եւ նրա համար անակնկալ ոչինչ չպետք է լինի, հետեւաբար չպետք է լինի հընթացս որոշումների անհրաժեշտություն, այլ ընդամենը պետք է անցնել նախապես պլանավորած հաջորդ քայլին։ Առանցքայինն առայժմ շարունակում է մնալ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը, որն իհարկե ակնհայտորեն ոչ կոմֆորտ վիճակ է ստեղծել իշխանությունների համար։ Ակնհայտ է, որ Սահմանադրական դատարանի որոշումով իրավիճակը ոչ միայն չի հանգուցալուծվում, այլ գուցե նույնիսկ առավել ցցուն է դառնում քաղաքական խնդիրը», - գրում է «Ժամանակ»-ը։

Թեման շարունակում է «Ժողովուրդ»-ը` գրելով. - «Անգամ ընդդիմության ամենաջերմ համակիրներն էլ ընդունում են, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչների կողմից ՍԴ-ում ներկայացված փաստական ապացույցները բավարար չէին։ Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչները նաեւ օրենքով սահմանված եղանակով ժամանակին չէին վիճարկել ընտրությունների արդյունքները։ Պակաս խոցելի չէր նաեւ այն փաստը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի 1009 վստահված անձանցից ընդամենը մեկն էր հատուկ կարծիք ներկայացրել, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների բոլոր անդամներն էլ ստորագրել էին արձանագրությունների տակ։ Միով բանիվ` փաստական առումով «Ժառանգության» առաջնորդի շահերի ներկայացուցիչների դիրքերն այնքան էլ անխոցելի չէին։ Սակայն դա թերեւս կարեւոր չէ, քանի որ կասկածից դուրս է, որ եթե անգամ 100-տոկոսանոց հիմնավորումներ էլ ներկայացվեին, այս ՍԴ-ն, միեւնույն է, կայացնելու էր իշխանությունների թելադրած վճիռը»։

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Տարբեր թերթերում, ցանցային լրահոսում վերջին օրերին կարելի է հանդիպել «աջակցություն Րաֆֆի Հովհաննիսյանին» ընդհանրական մոտեցմամբ շարադրված առանձին հրապարակումների ու հայտարարությունների, որոնց հեղինակները Սփյուռքում հաստատված մեր մի որեւէ հայրենակից է կամ մի խումբ հայրենակիցներ։ Լինում են նաեւ հնարավորինս երկար ու բարձրահունչ կազմակերպությունների անունից տարածվող հայտարարություններ։ Որքան երկարում է գործընթացը, այնքան ավելի է խորանում այն տպավորությունը, որ գործ ունենք կոնկրետ «տեխնոլոգիական» PR դրսեւորման ու հստակ կազմակերպված երեւույթի հետ, որոնցով մի քանի զուգահեռ նպատակներ են հետապնդվում։ Այդ նպատակներից մեկն այն է, որ հանրությանը ցույց տրվի, թե՝ տեսեք, դրսից էլ են մեզ աջակցում, «Սփյուռքը մեզ հետ է» կամ նման մի բան»։ «Ցանկացած պարագայում, ով ինչ տեխնոլոգիական կամ քարոզչական խնդիր էլ որ դրած լինի, անհասկանալի եւ անընդունելի է մարդկանց, համայնքի, հասարակության մի մասի տրամադրությունները բոլորին վերագրելու հնարքը։ Մարդկանց, որ հավեսով շրջանառում են «Սփյուռքը սատարում է Րաֆֆիին» քարոզչական կաղապարը, թերեւս պետք է կատակով առաջարկել, որ Րաֆֆի Հովհաննիսյանին էլ «Սփյուռքի նախագահ» համարեն», - ամփոփում է թերթի մեկնաբանը։

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Հանրահայտ դերասան Վարդան Պետրոսյանին թույլ չեն տվել հանդիպելու Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, իսկ երիտասարդ դասախոս Արարատ Միրզոյանին, որը պահանջում էր ռեկտորի օգնականի հրաժարականը, թույլ չտվեցին դասախոսություններ կարդալ Երեւանի պետական համալսարանում։ Այդ դեպքերը հավասարազոր չեն, որովհետեւ Ֆրանսիական համալսարանը մասնավոր հաստատություն է, արտասահմանյան մենեջմենթով, եւ ես դժվարանում եմ ասել, թե ինչպիսի չափանիշներով են նրանք առաջնորդվել` չթողնելով շնորհալի դերասանի մուտքը բուհ։ Մինչդեռ Երեւանի պետական համալսարանը ապրում է, գոյատեւում է մեր` հարկատուներիս հաշվին, եւ պետք է ամբողջությամբ հաշվետու լինի հասարակությանը։ Բայց հենց այդ բուհը չափազանց կարծրացած է դոգմատիկ «հանրապետականության» մեջ` ավելի շատ, քան մնացած բուհերը»։ «Պետական համալսարանում, այսպես ասած` «Մայր բուհում», որը, կարծեք թե, պետք է օրինակ լինի բոլոր մնացած բուհերի համար, գերիշխում է կաղապարված, «քառակուսի» մտածողությունը։ Համալսարանական պատմաբանները դասագիրք են գրում, որում «Մարտի 1»-ի հարցում դրսեւորվում են ավելի իշխանամետ, քանի ինքը` իշխանությունը։ Եվ այստեղ խոսք չի կարող լինել «ակադեմիական ազատության» մասին, որովհետեւ խոսքը ոչ թե պարզապես գրքի, այլ դասագրքի մասին է», - ընդգծում է խմբագիրը։

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG