Մատչելիության հղումներ

Հովհաննիսյանը գիշերն անցկացրեց ծածկի ներքո


Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, մարտ, 2013թ.
Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում, մարտ, 2013թ.
Հինգշաբթի երեկոյան` ժամը 21:30-ի սահմաններում, Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներին հաջողվել է վրանատիպ ծածկ տեղադրել Ազատության հրապարակում, որի ներքո էլ գիշերն անցկացրել է մարտի 10-ից հացադուլի մեջ գտնվող «Ժառանգության» առաջնորդը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին քիչ առաջ փոխանցեց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը, ոստիկանությունը չի խոչընդոտել ծածկի տեղադրմանը, իսկ գիշերն էլ անցել է առանց միջադեպերի:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով արձագանքելով նախօրեին Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը` մերժել Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի միավորված դիմումը, որով նրանք պահանջում էին չեղյալ համարել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները, Սաֆարյանը ասաց. - «Ես գոնե այն մարդկանցից մեկն եմ, ով չէր հավատում, որ Սահմանադրական դատարանը դրանից տարբերվող այլ որոշում էր ընդունելու, եւ համակարծիք էի Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մինչեւ հայցի ներկայացնելը, որ դա, առաջին հերթին, Սահմանադրական դատարանին ընձեռված շանս էր` ուղղակի փոխելու հանրության մոտ իր հեղինակությունը եւ նաեւ իր վստահության աստիճանը։ Ինքս չէի սպասում այլ որոշման»։

«Ժառանգության» հետագա քայլերին վերաբերող հարցին կուսակցության ներկայացուցիչը պատասխանեց. - «Տվյալ պարագայում խնդիրը «Ժառանգությանը» չէ` սա ժողովրդի խնդիրն է, եւ լուծումն էլ, բնականաբար, ժողովրդի տիրույթում է, եւ Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս նշել է եւ նաեւ երեկ ասուլիսի ընթացքում շեշտեց, որ մինչեւ ապրիլի 9-ը, երբ ինքը կգտնվի ժողովրդի հետ միասին այս հրապարակում, ժողովրդի հետ խորհրդակցելով եւ ժողովրդի խորհուրդը առնելով` որոշում կընդունի այն քայլերի կապակցությամբ, որոնք կիրականացվեն` թույլ չտալու համար կեղծված արդյունքների հիման վրա նախագահի երդմնակալության արարողությունը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG