Մատչելիության հղումներ

Ադրբեջանի իշխանությունները արեւմտյան սարքերով են պայքարում ցույցերի դեմ


Ադրբեջան - Ոստիկանությունը ցրում է բողոքի ակցիան Բաքվում, 10-ը մարտի, 2013թ.
Ադրբեջան - Ոստիկանությունը ցրում է բողոքի ակցիան Բաքվում, 10-ը մարտի, 2013թ.

Իլհամ Ալիեւի վարչակարգը ձեռք է բերում ոչ միայն տարբեր զինատեսակներ, այլեւ ցույցերը ցրելու գերարդիական միջոցներ։

Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստները վրդովված են, նրանք հարց են տալիս արեւմտյան կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ քաղաքական գործիչներին` «այդ ինչպե՞ս եղավ, որ ազատության ջատագով Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ նման այլ երկրներ քննադատում են Ադրբեջանին մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու համար եւ միաժամանակ Իլհամ Ալիեւի ռեժիմին տրամադրում են ցույցերը ցրելու գերարդիական տեխնիկական միջոցներ»։

Դրանցից մեկը հեռահար ձայնային սարքավորումն է` Long Range Acoustic Device (LRAD), որն արձակում է մինչեւ 150 դեցիբել ուժգնության այնպիսի անտանելի ոռնոց, որի ազդեցությունից խուճապի կմատնվի եւ զանգվածային միջոցառման վայրը կլքի նույնիսկ ամենավճռական եւ ագրեսիվ ամբոխը։

Անցած շաբաթավերջի ցույցից ժամեր առաջ բլոգեր Հաբիբ Մունթեզիրն ընդդիմության ակտիվիստներին զգուշացրել էր այդ սարքավորման կիրառման վտանգի մասին։

Իրավապահներն այն չեն օգտագործել` հավանաբար զգալով, որ առանց դրա էլ կցրեն հավաքը։ Այդ խնդիրը ոստիկանները լուծել են իսրայելական արտադրության արցունքաբեր գազով եւ ջրցան մեքենաներով։

Վերլուծաբանները ենթադրում են, որ այս տարի շատ հաճախ կլինեն բախումներ, քանի որ Ադրբեջանը նախընտրական փուլում է. հոկտեմբերին Իլհամ Ալիեւը ծրագրում է վերընտրվել եւ երրորդ անգամ ստանձնել նախագահի պաշտոնը։

Միացյալ Նահանգների Պետական դեպարտամենտը, Amnesty International-ը եւ իրավապաշտպան այլ կառույցներ ամեն տարի իրենց զեկույցներում դատապարտում են Ադրբեջանի իշխանությունների գործելակերպը, սակայն ԱՄՆ-ը գործնական քայլեր չի ձեռնարկում ցուցարարների եւ լրագրողների նկատմամբ ադրբեջանցի ոստիկանների բիրտ գործողությունները դադարեցնելու ուղղությամբ։

Ի դեպ, նախագահ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ալի Հասանովն այս շաբաթ ասել է, որ հետայսու էլ իշխանությունները կոշտ ձեւով կցրեն ցանկացած չարտոնված հավաք։

Amnesty International-ի փորձագետ Նատալիա Նոզաձեն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը պետք է ի վերջո վերանայեն իրենց վերաբերմունքը։

«Ադրբեջանի նկատմամբ Միացյալ Նահանգների, Եվրոպական միության եւ կարեւոր այլ դերակատարների մոտեցումը հիմնվում է երկու գործոնի վրա. առաջինն Ադրբեջանի էներգակիրներն են, երկրորդ էլ այն է, որ ներկայիս վարչակարգը դիտվում է իբրեւ տարածաշրջանում կայունությունը քիչ թե շատ պահպանող գործոն», - ասել է Նոզաձեն։

«Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Դեյզի Սինդելարի փոխանցմամբ` մտահոգություն է պատճառում այն, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի հետ խնդիր ունեցող Ադրբեջանը մեծ քանակությամբ զենք է ձեռք բերում, բայց մտահոգիչ է նաեւ ցույցերի դեմ պայքարի միջոցներ` ռետինե փամփուշտներ, մահակներ, արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ Արեւմուտքից գնելու փաստը։

ԵԱՀԿ-ն Ադրբեջանի ոստիկանության համար կազմակերպել է դասընթացներ ամբոխին զսպելու կամ ցրելու համար ուժը չափավոր եւ զգույշ կիրառելու թեմայով, սակայն այսօր դժվար է ասել, թե որքանով այդ գիտելիքները կօգտագործվեն հոկտեմբերին` նախագահական ընտրությունների օրերին հնարավոր զանգվածային բողոքների ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG