Մատչելիության հղումներ

Ազգային Ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի եւ նույն խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանի նախաձեռնած «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը կառավարության նիստում ներկայացրեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը:

Նշելով, որ նախագծով առաջարկվող մասնավոր գերեզմանատների ներդրման գաղափարը ընդունելի է համարվել` նախարարը, սակայն, ասաց, թե նախագիծը լրամշակման կարիք ունի. - «Հաշվի առնելով, որ կառավարությունում արդեն իսկ քննարկման փուլում է գտնվում համանման օրենքի նախագիծ, առաջարկվում է ներկայացված օրենքի նախագծի հեղինակներին համագործակցել կառավարության հետ` միասնական փոխհամաձայնեցված նախագծի մշակման հարցում»:

Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները նախատեսում են 49 տարով վարձակալության տալ շահագործվող գերեզմանատները:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիմնավորելով օրենքում փոփոխություն անելու անհրաժեշտությունը` նախաձեռնության համահեղինակ, ՕԵԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց. - «Դա հնարավորություն է տալիս բեռնաթափել ողջ գերեզմանատները: Եվ այդ գերեզմանատներում, ինչպես դիակիզման օրենքն է թելադրում, որ 15 տարի մահացածի աճյունը կարող են սափորել եւ դրանով նաեւ նոր տեղեր առաջացնել գերեզմանոցներում: Մասնավորը հնարավորություն է տալիս այդ ողջ գործընթացը վերցնել իրենց վրա եւ կատարել հավուր պատշաճի»:

«Եթե ուզում ենք բարեփոխումներ մեր երկրում, առաջընթաց, բոլոր բնագավառները պետք է բերենք օրենքի դաշտ, եւ բոլոր բնագավառներում վերահսկողությունը պետք է լինի հստակ: Ո՞վ չգիտի, որ այսօր գերեզմանատեղեր վերցնելու համար բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր կան: Սրանք բոլորը սահմանափակելու են այդ կոռուպցիոն ռիսկերը», - վստահեցրեց նա:

Ի դեպ, ըստ օրենսդրական փոփոխությունների համահեղինակի, օրենքում պահպանվելու է հետեւյալ կետը. ընտանեկան գերեզմանի կազմակերպման համար անվճար հիմունքներով տրամադրվող հողատարածքի առավելագույն չափը սահմանվում է 12 քառ. մետր, որից ավելի լինելու դեպքում տարածքը տրամադրվում է վճարովի հիմունքներով:
XS
SM
MD
LG