Մատչելիության հղումներ

logo-print
Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջով «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները այսօր երեկոյան այլեւս փորձ չարեցին վրան տեղադրել Ազատության հրապարակում, թեեւ հայտարարել էին, որ անկախ Հովհաննիսյանի կամքից իրենք վրանը տեղադրելու են:

Հիշեցնենք, կեսօրին Ազատության հրապարակում լարված իրավիճակ էր. «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչները՝ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Ռուբեն Հակոբյանը, ինչպես նաեւ կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը տեւական ժամանակ փորձում էին բացել վրանը, սակայն ոստիկանները ձեռքերով շղթա կազմած հետ էին հրում նրանց:

«Խնդրում եմ այլեւս երբեք չդիմեք այդ քայլին, քանի դեռ ոստիկանապետ գեներալ Գասպարյանը, ով տեղյակ է այս հարցից, ինքը չորոշի եւ ոստիկանների միջոցով այդ վրանը չտեղադրի», - Ազատության հրապարակում այսօր կայացած ասուլիսում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։ «Ժառանգության» առաջնորդն ասաց՝ տեղյակ չի եղել, որ կուսակիցները դիմելու են այդ քայլին։

«Միաժամանակ անընդունելի էր ոստիկանության պահվածքը քաղաքացիների նկատմամբ, անիրավաչափ», – գնահատեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ նշելով, որ մինչ այժմ իրենց պայքարը եղել է քաղաքացիների եւ ոստիկանության միջեւ «համերաշխության պայքար», – «Ես թույլ չեմ տալու Ազատության հրապարակում, հիմա լինի, թե ապրիլի 10-ը, որ քաղաքացին եւ ոստիկանը իրար դեմ կանգնեն»։

Երեւանի քաղաքապետարանը, ի պատասխան «Ժառանգության» դիմումի, այսօր արգելել է հրապարակի ասֆալտապատ հատվածում վրան տեղադրել` պատճառաբանելով, որ այնտեղ պատմամշակութային հուշարձաններ են գտնվում:

«Ժառանգության» ներկայացուցիչները հակադարձում են, թե Րաֆֆի Հովհաննիսյանի նստարանի հետնամասում` խոտածածկի վրա են վրանը տեղադրում:

«Ժառանգություն» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը այս արգելքը բացառապես քաղաքական է համարում։

«Գործ ունենք ոչ թե խոչընդոտելու իրավական որոշման հետ, որովհետեւ ոստիկանության գործողությունները իրավական դաշտում չեն գտնվում եւ իրավաչափ չեն, այլ քաղաքական որոշման հետ` ամենաբարձր մակարդակում կայացված», - հայտարարեց Խուրշուդյանը:

Մինչդեռ այսօր Ազատության հրապարակած եկած Երեւանի քաղաքապետարանի կազմակերպատեսչական բաժնի պետ Գագիկ Բաղդասարյանը, ով հենց մերժել է կուսակցությանը, հակադարձում էր, թե օրենքի պահանջն է կատարել. – «Եթե շեղում կա օրենքի որեւէ կետի, խնդրեմ՝ խոսենք այդ մասին»։

Այսօր Ազատության հրապարակում էին նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, որոնց պնդմամբ` ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եւ մեկ վրանի տեղադրումը օրինական է:

Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում հիշեցրեց, որ պայքարի այս փուլին անցնելիս երբեւէ վրանի կամ որեւէ ծածկի պահանջ չի ներկայացրել։ Նա հավելեց, որ դա առաջին հերթին համապատասխան մարմինների պարտականությունն է՝ ապահովելու իր՝ պայքարի մեջ գտնվող քաղաքացու անվտանգությունը եւ առողջությունը։

Այդուամենայնիվ, Երեւանի քաղաքապետարանը թույլատրել է Հովհաննիսյանի գլխավերեւում ծածկ տեղադրել, ինչն արդեն արվել է:

Անդրադառնալով այլ թեմաների՝ Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ իր համակիր դերասան Վարդան Պետրոսյանը այսօր Ֆրանսիական համալսարանի ուսխորհրդի նախաձեռնությամբ պետք է հանդիպեր բուհի ուսանողների հետ, սակայն համալսարանն արգելել է դերասանին մուտք գործել շենք։ Հիշեցնենք՝ Ֆրանսիական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է իշխող կոալիցիային մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

Հացադուլի հինգերորդ օրը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն վերահաստատում է` նախագահին այլեւս առաջարկ չունի, Սերժ Սարգսյանից է ուզում խնդրի լուծման տարբերակներ լսել։

«Կամ ինքնաբացարկ, կամ նոր ընտրություն, կամ ժողովուրդը ապրիլի 9-ին կորոշի իր անելիքը։ Ապրիլի 9-ին ես հանդես կգամ իմ ելույթով, իմ առաջարկով եւ իմ պահանջով, եւ կխորհրդակցեմ ժողովրդի հետ, եւ ոչ թե հակառակը», – նաեւ ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
XS
SM
MD
LG