Մատչելիության հղումներ

Google Earth-ի միջոցով կարելի է տեսնել, թե ինչպիսի տեսք ունեն ոչ միայն եվրոպական ու ամերիկյան մեծ քաղաքները, այլ նաեւ համեմատաբար փոքր չափեր ունեցող մայրաքաղաք Երեւանի 5000 շենքերից շուրջ 3500-ը:

«Լոկատոր» ընկերությունն արդեն երկու տարի իրականացնում է Google Earth-ի երեւանյան քարտեզի նախագիծը`եռաչափ պատկերավորմամբ: Ընկերության կոմերցիոն տնօրեն եւ նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ երեւանյան քարտեզը եռաչափ պատկերելու մտահղացումն առաջացել էր երկու տարի առաջ: Տեսնելով Google Earth ծրագրային համակարգը, որտեղ ամբողջ աշխարհը կարող է տեսնել կամ տեղադրել եռաչափ շենքեր, ընկերությունը որոշեց հասանելի դարձնել Երեւանը ամբողջ աշխարհին` դրանով առանձնանալով եւ ցույց տալով քաղաքը ոչ միայն հայ հասարակությանը, այլ նաեւ զբոսաշրջիկներին:

«Ներկա պահին ունենք մտահղացում նույնիսկ ամբողջ Հայաստանը անել: Նախագիծն իրականացնելով ուզում ենք ցույց տալ մեր հայրենակիցներին, որ Հայաստանում եւս զարգացած են նման տեխնոլոգիաները», - ասաց Վլադիմիր Սոֆյանը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց Google Developer Group-ի Հայաստանյան համակարգող Վարդան Գրիգորյանը, առաջին եռաչափ պատկերներն արվել էին 2008 թվականին հենց Google ընկերության կողմից փորձնական տարբերակով` հասկանալու, թե արդյոք նախագիծը գրավում է մարդկանց ուշադրությունը:

Դրանք ամերիկյան մի շարք քաղաքներ էին եւ հատուկ կարեւորություն ունեցող շենքեր: Այնուհետեւ ընկերությունը հասկացավ, որ ճիշտ կլինի եռաչափ պատկեր ավելացնելու հնարավորորություն ընձեռել յուրաքանչյուր շահագրգիռ անձի:

«Ծրագիրը կոչվում է Sketchup: Սովորական անհատները կարող են օգտագործել այն եռաչափ շենքեր գծելու համար: Հայաստանում մոտ մի տարի է, ինչ օգտագործում են Sketchup: 2012 հունիսին լավացրեցին եռաչափ պատկերների ցուցադրումը` քարտեզների վրա ավելացնելով նոր ֆունկցիաներ` Google Imagery եւ Google Street View, որը, իհարկե, Հայաստանում չկա», - հավելեց Վարդան Գրիգորյանը:
XS
SM
MD
LG