Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյանի կարծիքով` ՍԴ-ն կմերժի Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումը


Դավիթ Հարությունյանը ակնկալում է, որ ՍԴ-ն կմերժի Հովհաննիսյանի դիմումը
please wait

No media source currently available

0:00 0:34:07 0:00

Դավիթ Հարությունյանը ակնկալում է, որ ՍԴ-ն կմերժի Հովհաննիսյանի դիմումը

«Ես ակնկալում եմ, որ Սահմանադրական դատարանը կմերժի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Արդարադատության նախկին նախարար, ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Դավիթ Հարությունյանը:

«Որովհետեւ իրականում այն պրոցեսը, որ ընթանում էր, 95 տոկոսը այն ամենի, ինչ խոսվում էր դիմողների կողմից, որեւէ առնչություն չէր կարող ունենալ Սահմանադրական դատարանում քննվող հարցի հետ», - փաստարկեց նա:

Հարցին, թե արդյոք ներկայացված ապացույցները բավարար չեն որեւէ այլ լուծում առաջարկելու համար` հաշվի առնելով ստեղծված ներքաղաքական իրավիճակը, Հարությունյանն արձագանքեց. - «Բանն այն է, որ քաղաքական իրավիճակը միշտ կարող է լինել նմանատիպ, որովհետեւ մի թեկնածուն կարող է ստանալ 50 տոկոս պլյուս մեկ, մյուսը ստանալ 50 տոկոս մինուս մեկ, եւ վերջինիս ձայն տվողները լինեն դժգոհ… Բնավ Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող կախված լինել քաղաքական վիճակից»:

Անդրադառնալով ներկայացված ապացույցներին` նա ասաց. - «Ցավոք, պետք է նշեմ, որ պրոցեսի ընթացքում ոչ միայն չգիտակցեցին դիմողները, թե ինչ պրոցես պետք է ընթանա Սահմանադրական դատարանում, այլ նաեւ չներկայացրեցին պատշաճ ապացույցներ: Առաջին հերթին, Սահմանադրական դատարանը թեեւ վերջնական ատյան է, սակայն այդ ատյանում գործը ներկայացնելու համար այն պետք է նախապատրաստվեր: Սահմանադրական դատարանում քննվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման հետ կապված վեճ: Իսկ եթե անձինք համարում էին, որ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեին, նրանք առնվազն պարտավոր էին դիմելու ԿԸՀ վերջնական որոշումը կայացնելուց 2 օր առաջ: Դա օրենքով սահմանված ժամկետն է: Ինձ զարմացրեց, երբ Սահմանադրական դատարանում կողմը ասեց` իսկ ո՞ր հոդվածով պետք է դիմեինք այնտեղ»:

«Գործը ամենեւին նախապատրաստված չի եղել է, եւ դա է հիմնական պատճառը, իմ կարծիքով, որ Սահմանադրական դատարանը չի կարողանալու անդրադարձ կատարել անգամ այն բազմաթիվ պնդումներին, որ ներկայացրել է դիմող կողմը, որոնք որեւէ առնչություն չունեն բուն որոշման հետ», - եզրափակեց նա:

Դիտարկմանը, որ Հայաստանում գրեթե բոլոր նախագահական ընտրություններից հետո պարտված որեւէ թեկնածու դիմել է ՍԴ, եւ հարցին, թե ինչու իշխանությունը չի կարողանում այնպիսի ընտրություններ անցկացնել, որ չվիճարկվեն, Դավիթ Հարությունյանն պատասխանեց. - «Յուրաքանչյուր հաջորդ ընտրություն հաշվի է առնում նախորդի դառը փորձերը: Եվ նախորդ նախագահական ընտրությունների փորձն էր, որ մենք հաշվի առանք եւ իսկապես էապես փոխեցինք Ընտրական օրենսգիրքը: Բայց երբ մենք խոսում ենք, որ իշխանությունը պատասխանատվություն է կրում պատշաճ ընտրություն անցկացնելու համար, իշխանություն ասելով մենք հասկանում ենք բոլոր նրանց, ովքեր ներգրավված են ընտրական գործընթացում: Իշխանություն ասելով դուք չպետք է հասկանաք այս պարագայում Հանրապետական կուսակցություն կամ «Օրինաց երկիր», այլ պետք է հասկանաք «Ժառանգություն», ՀԱԿ, Դաշնակցություն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Այսինքն` մենք բոլորս պատասխանատու ենք այս ընտրական գործընթացը պատշաճ անցկացնելու համար: Եթե հանձնաժողովի 1900 անդամ կար, որ ներկայացնում էին «Ժառանգություն» կուսակցությունը, ներկայացրել է մեկ հատուկ կարծիք, ներկայացրել է մեկ պատշաճ դիմում վերահաշվարկ կատարելու, մի կողմից դա կարելի գնահատել, որ դա խոսում է շատ բարձր որակի ընտրությունների մասին, մյուս կողմից` պարզ չէ, թե ինչու է դժգոհությունը առաջանում: Ես կարծում, մեզ համար ամենակարեւոր խնդիրը եղել է` ապահովել, որ այդ մեխանիզմները վստահություն ներշնչեն»:

Հիշեցմանը, որ եղել է 120 դիմում-բողոք, այդ թվում` վերահաշվարկի, եւ այն տեղամասերը, որոնք նշված են եղել «Ժառանգության» դիմումներում, չեն բացվել, Հարությունյանը հակադարձեց. - «Խնդրում եմ, այնուամենայնիվ, մենք հավատարիմ մնանք օրենքի տեքստին: Եղել է ընդամենը վերահաշվարկի 12 պահանջ, եւ 12 պահանջից [օրենքի տեսակետից] գրագետ գրված է եղել միայն մեկը, նկատի ունեմ` ո՞վ կարող է նման պահանջ ներկայացնել»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե ինչո՞ւ մեկ տասնամյակից ավելի իշխանությանը չի հաջողվում այնպիսի ընտրություններ անցկացնել, որ հասարակությունը վերջապես վստահի այդ ընտրւթյունների արդյունքներին, ավելին` նախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում հայտարարեց, թե ինչքան ուզեն` այնքան «կխփեն», ինչը շատերի համար հիմք հանդիսացավ հայտարարելու, որ ընտրությունները կեղծվել են, Դավիթ Հարությունյանը ասաց. - «Նախ եւ առաջ, կարծում եմ, որ նախագահի խոսքերը աղավաղվել են, ամենեւին դա չէ ասել նախագահը. հարցը այն է, թե «ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը Գյումրիում», ինչին նա պատասխանում է, որ «իմ շանսերը... 60, 70, 90», եւ հեռանալուց ասում է` «ինչքան ուզում եք, ասեք էդքան...», ինքը չի ասում` «ինչքան ուզենք»: «Դուք այդ խփելը հասկանում եք այդքան ձայներ ստանալ, չէ՞», - հարցադրում արեց Հարությունյանը եւ ընդգծելով, որ Սերժ Սարգսյանը Շիրակի մարզում պարտվել է, եզրափակեց. - «Դա ցույց տվեց, որ իրականում ամենեւին կապ չունի նախագահի խոսքը իրական արդյունքների հետ»:
XS
SM
MD
LG