Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը նամակ է գրել ԵԺԿ-ի նախագահին


Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը տեսաուղերձ է հղում Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարին, մարտ, 2012թ.

Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը տեսաուղերձ է հղում Հայաստանի հանրապետական կուսակցության համագումարին, մարտ, 2012թ.

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունը կոչ է անում Վիլֆրիդ Մարթենսին վերանայել իր դիրքորոշումը։

«Ժառանգություն» կուսակցությունը բաց նամակով դիմել է Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարթենսին` հայտարարելով, որ եթե վերջինիս դիրքորոշումը դառնա նրա գլխավորած ողջ կուսակցության տեսակետը, ապա «Ժառանգություն»-ը ստիպված կլինի վերանայել իր անդամակցությունը ԵԺԿ-ին:

Հիշեցնենք, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել` մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Նախագահի գլխավորած Հանրապետական, ինչպես նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունները անդամակցում են ԵԺԿ-ին: Կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարթենսը հանդիպելու է Հայաստանի նախագահի հետ, ավելի վաղ նա արդեն շնորհավորել է Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ:

«Եթե ձեր նախագահական որոշումը, որը խեղում է օրինականության, քաղաքացիական ազատության եւ ժողովրդավարական արդարության եվրոպական ուղենիշերը, դառնա ԵԺԿ ողջ ընտանիքի պաշտոնական հանրակարգային դիրքորոշումը, մենք ստիպված կլինենք վերանայել այդ հեղինակավոր կազմակերպությանը մեր անդամակցությունը, քանի որ այն ցավալիորեն շեղվել է իր հիմնարար սկզբունքներից, արժեքներից եւ հանձնառությունից, որոնք մենք կիսում էինք ու ընկած էին անդամակցության հիմքում», - ասված է ԵԺԿ-ի նախագահին «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանի հղած նամակում:

Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցությունը նամակում կոչ է անում Վիլֆրիդ Մարթենսին վերանայել որոշումն ու հույս հայտնում, որ «ԵԺԿ-ն կճանաչի հայ ժողովրդի օրինական քվեն եւ չի նպաստի քաղաքական ճգնաժամի խորացմանը, որ ծավալվում է Հայաստանում»:

Նամակին կից ԵԺԿ-ի առաջնորդին են ուղարկվել նաեւ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններում կեղծիքների մասին վկայող փաստեր, զեկույցներ:

«Իրականում, ընտրությունների արդյունքները համակարգային կեղծման ենթարկվեցին, քանի որ Հանրապետական կուսակցության թեկնածուն փորձեց գողանալ հաղթանակը քվեատուփերի լցոնման, քվեաթերթիկների գողության եւ բազմակի քվեարկությունների միջոցով», - ասված է նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG